Ապրել ճշմարտության մեջ. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Ապրել ճշմարտության մեջ. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԵկեղեցին զորավոր է, եթե հաստատում է ճշմարտությունը, առաջնորդվում է ճշմարտությունով և մերժում ամենը, ինչը ճշմարտությունից չէ:

Ճշմարտությունն ասելը հաճախ մահաբեր է սեփական եսասիրության, եսասիրական անկախության և ապահովության համար:

Ճշմարտությունն ասելն իր մեջ վտանգներ է պարունակում: Եկեղեցին հենց այն հաստատությունն է, որ չի վախենում ճշմարտությունը հռչակելուց, չի վախենում մարդկանցից, այլ վախենում է Աստծուց:

Եթե իրոք հնազանդվես ճշմարտությանը, ապա կբացվի երկինքը, կիջնի Սուրբ Հոգին և Աստված կխոսի: Հնազանդվե՛նք ճշմարտությանը:

Որքանով մենք հաստատում ենք ճշմարտությունը, այնքանով մոտենում ենք Աստծուն: Եթե մենք մեր ապրած կյանքով չենք հաստատում ճշմարտությունը, ապա մենք կանգնած չենք այն միակ ճանապարհի վրա, որ տանում է դեպի Տերը, այլ շեղված ենք ու մոլորված:

Լավ ծառայողն այն ծառայողն է, որ հաստատում է ճշմարտությունը եկեղեցում, աշխարհում և իր կյանքի բոլոր բնագավառներում, և ոչ թե հարմարեցնում այն սեփական պատկերացումներին: Երբեք ու երբեք երկիրը, իշխանություններն ու միջավայրը չդարձնեք ճշմարտությունը ձեզ հարմարեցնելու արդարացումներ: Չափազանց վտանգավոր է ճշմարտությունը ծռելն ու աղավաղելը:

Որտեղ մերժվում է ճշմարտությունը, այնտեղ մերժվում է Տեր Հիսուսը: Նման վայրերում կործանում է լինելու և քար քարի վրա չի մնալու, ինչպես դա եղավ Երուսաղեմի հետ, ինչպես դա եղավ Տաճարի հետ: Իսկ Ճշմարտությունը հաստատողները Տեր Հիսուսին ընդունողներն են, որոնք լինելու են ամուր և ապահով, ինչպես ժայռի վրա կառուցված տունը:

Ապրե՛ք ճշմարտության մեջ և կլինեք ապահով ու կվայելեք Աստծո բարեհաճությունը: