Ինչպես անցկացնի իր ավարտական երեկոն քրիստոնյա շրջանավարտը

Ինչպես անցկացնի իր ավարտական երեկոն քրիստոնյա շրջանավարտըԱյսօր Վերջին Զանգն է: Շրջանավարտների սրտի թրթիռ, ոչինչ չհասցնելու զգացողություն, խուճապ… հասկանալի՜ է: Առավոտից սկսած՝ մեքենաներ, գեղեցկության սրահներ, անհանգստություն ու շփոթմունք ու մի մե՜ծ ցանկություն, որպեսզի այդ օրն ամեն բան լավ լինի և ամեն բան հաջողվի…

Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին՝ ուզում ենք մի քանի հորդոր ուղղել, որպեսզի ձեր տոնական օրվան ու տրամադրությանը ոչինչ չկարողանա խանգարել:

1. Մի՛ ձգտեք ավելորդ ճոխության: Բոլորն են ուզում այդ օրը տոնական տեսք ունենալ, սակայն մեր հորդորն է յուրաքանչյուր շրջանավարտի՝ մի՛ ձգտեք ավելորդությունների՝ դա լինի երեկոյան զգեստ, մեքենա, թե մեկ ուրիշ բան, վերջապես, հիշեք, որ այդ օրը քո օրն է, և դու պետք է ուրախանաս ինքդ, ուրախացնես քո ծնողներին, ոչ թե մտածես, թե ինչպես աչքի ընկնես բոլորի առաջ և ստիպես ծնողներիդ կատարել հավելյալ ծախսեր:

2. Մի՛ համեմատվեք ուրիշների հետ: Ընկերդ գալու է վերջին սերնդի սպորտային մեքենայո՞վ, ընկերուհիդ գնել է թանկարժեք զգեստ բրենդային խանութի՞ց, լսի՜ր, թանկագի՛ն շրջանավարտ, մի՛ համեմատվիր ուրիշների հետ:

Բավարարվիր նրանով, ինչ կարող են անել քեզ համար ծնողներդ, ոչինչ, որ այդ օրը ստիպված լինես գնալ տաքսիով կամ էլ զգեստդ չլինի դասարանում ամենաթանկարժեքը, կարևորը՝ որ թե՛ դու, թե՛ ընտանիքդ ուրախ լինեք, իսկ եթե սկսես համեմատվել ու հասկանաս, որ ծնողներդ ի վիճակի չեն բավարարել քո ամեն մի քմահաճույքը, օրդ կսկսես նեղվածությամբ ու տրտմությամբ: Չնչին և ունայն բաների համար մի՛ կորցրու օրվա արժեքն ու ուրախությունը:

3. Ուրախացե՛ք՝ առանց մեղք գործելու: Վերջին զանգին գրեթե միշտ հաջորդում է ռեստորանային երեկույթը: Իհարկե, ուրախանալը լավ է, պետք է նշել, տոնել ու մի լավ «քեֆ անել», սակայն գծիր քեզ համար սահմաններ, որոնցից այն կողմ չես անցնելու, և ևս մեկ խորհուրդ՝ ուրախացի՛ր՝ առանց ալկոհոլ օգտագործելու, և դասարանցիներիդ էլ խորհուրդ տուր զերծ մնալ ալկոհոլից: Զերծ մնա մեղքից՝ ալկոհոլ, ծխախոտ, անպարկեշտ պահվածք…

Չէ՞ որ կարող ես ուրախանալ նաև առանց մեղք գործելու, իսկ այդ ուրախությունն ավելի կարևոր և երկարատև է:

4. Հիշի՛ր, որ ամեն բան այս օրով միայն չի սահմանափակվում: Մայիսի 27-ին կհաջորդի մայիսի 28-ը և ամեն բան կշարունակվի նույն կերպով. առջևում դեռ քննություններ ունես և մի ամբողջ կյանք:

Վերջում հիշիր Աստվածաշնչյան համարը՝ «Ոչ ոք քո մանկությունը  (Երիտասարդությունը) չանարգի. այլ օրինակ եղիր հավատացյալներին (ու բոլորին) խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով» (Ա Տիմոթեոս 4.12):

Անմոռանալի օր ենք մաղթում բոլորիդ, սիրելի՛ շրջանավարտներ:

CrossNews.am