Մայիսի 27-ը՝ Ավետարանչության համաշխարհային օր

110517_god17Այս տարի Ավետարանչության համաշխարհային օրը կլինի մայիսի 27-ին. սա օր է, երբ միլիոնավոր քրիստոնյաներ ողջ աշխարհով մեկ կքարոզեն Ավետարանը. տեղեկացնում է bog.news-ը:

Օրվա նախաձեռնողները ոգեշնչում են քրիստոնյաների՝ տարբեր երկրներից, պատմելու Քրիստոսի մասին լուրը առնվազն մեկ հոգու: Նրանց կարծիքով՝ սա որոշակի ազդակ է, որպեսզի Բարի լուրը հասնի մինչև երկրի ծայրերը:

«Այդ օրը Աստված օգտագործում է սովորական հավատացյալների: Եվ սա կապ չունի որոշակի եկեղեցու, հարանվանության կամ անձնավորության հետ: Այստեղ կենտրոնում Հիսուսն է: Վեց տարիների ընթացքում ես լսել եմ բազում զարմանահրաշ պատմություններ և վկայություններ հրաշքների, բժշկությունների ու ազատագրումների մասին: Մեր նպատակը 2020թ-ին ավետարանչության գործում 100 միլիոն քրիստոնյաների համախմբելն է»,- պատմում է bog.news-ին Ավետարանչության համաշխարհային օրվա նախաձեռնող Վերներ Նախտիգալը:

Օրվա հիմնական իմաստը ողջ աշխարհով մեկ քրիստոնեական ցանց կառուցելն է, որպեսզի մեկ օրում Ավետարանը քարոզվի ավելի քան 200 ազգերում:

Այս տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել է ավելի քան 15 միլիոն մարդ:

«Մենք, որպես քրիստոնյաներ, պետք է ամեն օր ավետարանենք, բայց երբեմն կամ վախը, կամ ունայնությունը մեր կենտրոնացումը շեղում են Քրիստոսի հանձնարարականը իրականացնելու գործից: Այդ պատճառով մենք հույս ունենք, որ այդ մեկ օրը կծառայի որպես շարժիչ ուժ յուրաքանչյուր քրիստոնյայի համար՝ անձնապես վկայելու Քրիստոսի մասին»,- նշում է ավետարանչության շարժման նախաձեռնողը:

Ավետարանչության համաշխարհային օրվա մասին հայտնությունը Վերներ Նախտիգալը, ինչպես ինքն է ասում, ստացել է Պակիստանում ավետարանչական արշավի ժամանակ:

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք՝ նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով. նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն» (Մաթևոս 28.19-20):