Իրական հոր որոնումներում

father-and-son-2258681_960_720Ես սպասում էի հորս անդադար: Սպասում էի, որ մեկ օր նա կգա և կասի. «Ես այստեղ եմ, ես քո կողքին եմ»: Բայց դա չէր կատարվում և դա ավելի էր ինձ տանում դեպի մենություն: Ես մեծանում էի առանց հոր և հուսահատորեն նախանձում նրանց, ովքեր հայր ունեին:

Միայնակությունը հասցրեց ինձ նրան, որ 13 տարեկանում ես առաջին անգամ թմրադեղեր փորձեցի: Սկզբում դրանք ինձ համար «ընկեր» էին, բայց հետո իմ կյանքի անբաժան ուղեկիցները դարձան ընկճախտը և տառապանքները:

Մեկ անգամ ես գերազանցեցի նախատեսված չափաբաժինը և հասա մահվան շեմին, իսկ երբ ուշքի եկա, հասկացա, որ ևս մեկ հնարավորություն եմ ստացել ապրելու, իսկ դա նշանակում էր, որ պետք էր ինչ-որ բան փոխել: Հերթական անգամ, երբ ես շատ վատ էի, հուսահատորեն Աստծուն աղաղակեցի. «Տե՛ր, եթե Դու կաս, ինձ փոփոխություններ են պետք: Օգնի՛ր ինձ»:

Բառացիորեն մի քանի օր անց իմ այդ հուսահատ աղոթքից հետո ես հանդիպեցի իմ վաղեմի ընկերոջը, ով մի ժամանակ հայտնի էր՝ որպես վտանգավոր գող: Բայց այդ օրը, երբ նայեցի նրա աչքերի մեջ, տեսա լիովին այլ աչքեր: Նա պատմեց, որ բանտում ապաշխարել է ու սկսել հավատալ Աստծուն, որ Աստված իրապես փոխել է իր կյանքը, և որ դա կարող է հնարավորություն լինել նաև ինձ համար: Ես նրա հետ մեկնեցի քրիստոնեական վերականգնողական կենտրոն, որտեղ օգնում էին տարբեր կախվածություններ ունեցող մարդկանց: Եվ այնտեղ անցկացրած հենց առաջին օրը ինձ համար շրջադարձային եղավ:

Սովորաբար առավոտից ինձ սկսում էր խեղդել անելանելիության զգացումը, ընկճվածությունը, տագնապը, բայց հիմա այլևս այդպես չէր: Գիշերը ինձ համար աղոթում էին, առավոտյան ինձ համար աղոթում էին, և ամեն կողմից ինձ շրջապատում էին մարդիկ, ովքեր նույն դասակարգից էին, ինչ ես: Անկեղծ էր, երբ նրանք ասում էին. «Մենք այստեղ ենք, որ օգնենք քեզ, մենք քեզ կաջակցենք, մենք քո կողքին կլինենք»: Սա շատ էր ոգեշնչում ինձ:

Այսօր ես ազատ եմ կախվածությունից: Ես ունեմ ընտանիք՝ կին ու չորս երեխա: Այս 12 տարիների ընթացքում, ինչ հետևում եմ Հիսուսին, ես ոչ մի անգամ չեմ ափսոսացել այդ ընտրության համար: Հենց Աստծո մեջ ես տեսա այն Հորը, ում մասին երազում էի: Նա անձնավորություն է, Ով մասնակցում է իմ բնավորության, աշխարհայացքի, սկզբունքների ձևավորման մեջ, այն ամենի, ինչին ես հավատում եմ:

Բայց ամենակարևոր բաներից մեկը, որ ես հասկացել եմ այս տարիներին ու հավատում եմ դրան, հետևյալն է. Աստված կամենում է, որ մենք մեր հայացքները ինքներս մեզ վրա կենտրոնացնելու փոխարեն՝ դարձնենք դեպի Իրեն՝ սովորելով ծառայել ուրիշներին:

Երբ ես հայր չունեի, ոչինչ չէր կարողանում լցնել իմ ներսի դատարկությունը, բացի հոր սիրուց. ո՛չ թմրանյութը, ո՛չ ալկոհոլը. ոչինչ: Բայց երբ ես գտա Աստծուն՝ Նրանում ես գտա նաև Հոր: Եվ ներսս, եթե նախկինում դատարկ էր, հիմա լցված է, լցված՝ ճշմարտությամբ, մի բանով, որ ի սկզբանե Արարչի կողմից էր նախատեսված, որպեսզի ցանկացած մարդ՝ լինի տղամարդ, կին, երիտասարդ, թե՝ ծեր, կարող լինի դիմելու Իր Աստծուն, իր երկնային Հորը: Եվ Նա միայն այն Աստվածը չէ, Ով երկնքում է, այլ Մեկն է, Ով ապրում է մեր մեջ, սիրում է, ներում, ընդունում և հոգ տանում Իր զավակների մասին:

Անտոն Կոլգանով