Աստված գործում է Իր ժողովրդի միջոցով
Հիշենք, թե ինչ ասաց Հիսուսն Իր աշակերտներին հացն ու ձուկը հրաշքով շատացնելուց առաջ. «Դուք նրանց ուտելու բան տվեք» (Մաթևոս 14.16, Մարկոս 6.37, Ղուկաս 9.13): Հիսուսն Ինքը չարեց դա: Նա այդ գործը վստահեց Իր աշակերտներին: Իհարկե, Հիսուսը կարող էր Ինքն անել, բայց Նա այդպես չվարվեց: Նա նրանց ներգրավեց ծառայության մեջ:
Դա էլ հենց Նրա գործելակերպն է: Նա առանց մեզ էլ ամեն բան կարող է անել, և անգամ՝ մեզնից ավելի լավ, բայց Նա թույլ է տալիս, որ մենք մաս կազմենք այն ամենի մեջ, ինչ Ինքն է անում:
Աստված գործել է և հիմա էլ շարունակում է գործել սովորական մարդկանց միջոցով, ինչպիսին ես ու դու ենք:
«Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար» (Ա Կորնթացիս 12.7):
Մեզնից յուրաքանչյուրին առանձնակի դեր է հատկացված: Անկախ մեր բանականության մակարդակից, գիտական ձեռքբերումներից, հռետորական վարպետությունից, մարզական ընդունակություններից, ղեկավարման հմտություններից, հաճելի արտաքինից, կամ էլ վերը նշվածներից որևէ մեկի կամ բոլորի բացակայությունից, Տերը, միևնույնն է, կշարունակի գործել մեր մեջ և մեր միջոցով Իր ծրագրերի ու մտադրությունների իրականացման համար:
Միևնույն ժամանակ՝ Աստված կարիք չունի շատ մարդկանց, որպեսզի իրականացնի Իր ծրագրերը: Գեդեոնի պատմությունը Հին Կտակարանում, երբ նա 300 հոգով ջախջախեց իր երկիր ներխուժած 135 հազարանոց թշնամու զորքերը, այդ ճշմարտության վառ ապացույցն է: Իրականում Աստծուն նվիրված մի քանի մարդիկ իսկ բավական են: Պատմության մեջ տարբեր ժամանակներում տարբեր վայրերում գրանցված մեծ արթնություններին նախորդող աղոթքաժողովները հիմնականում սկսվել են ընդամենը մի քանի մարդկանցով:
Այն մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ, նրանց քանակը, արթնության ժամանակ նրանց տարբեր դերերը, նրանց ներկա կյանքը, դարձյալ պարզ վկայությունն են այն ճշմարտության, որ Աստված գործում է Իր ժողովրդի միջոցով:
Ձկնորսներ, մաքսավորներ, ինժեներներ, ճարտարապետներ, ուսանողներ, տնային տնտեսուհիներ… նրանք սովորական մարդիկ էին, ինչպիսին ես և դու ենք:
Թոմ Կռոյտերի «Տալլինյան արթնությունը» գրքից