4 աղոթք, երբ բացում եք Աստվածաշունչը

large_how-to-read-a-bible-full-of-promises-wryzeykb

Երբ բացում ենք մեր Աստվածաշունչը, մենք երբեք միայնակ չենք մնում: Սուրբ Հոգին սավառնում է Աստծո բառերի մեջ՝ պատրաստ լինելով սթափեցնել մեր սրտերը, լուսավորել մեր միտքը և կրկին ուղղորդել մեր կյանքը՝ Քրիստոսի փառքի համար: Հոգին որոշիչ դեր է կատարում Աստվածաշնչի ընթերցանության մեջ՝ վերածելով գերբնականի այն զբաղմունքը, որն այլ դեպքում կմնար սովորական և առօրեական:

Աղոթքը զրույց է, բայց այդ զրույցը սկսողը մենք չենք: Առաջինը Աստված է խոսում: Նրա ձայնը հնչում է Սուրբ Գրքում. մեծագույն դրսևորման դեպքում՝ Իր Որդու անհատականության և աշխատանքի միջոցով: Եվ դրան էլ հաջորդում է ամենամեծ հրաշքը. Ինքը՝ Աստված, կանգ է առնում, գալիս է ու Իր ականջը իջեցնելով՝ լսում է մեզ: Երբ մեր աչքերը կենտրոնացած են Աստծո խոսքերի վրա, Նա կենտրոնացնում է մեր խոսքերի վրա Իր լսողությունը:

Ինչպե՞ս աղոթել Աստծո Խոսքով. ցանկանում եմ կիսվել ձեզ հետ խոսքերով, որոնցով կարող եք աղոթել, երբ բացում եք ձեր Աստվածաշունչը.

  1. Սաղմոս 119.18. Բացի՛ր իմ աչքերը՝ հրաշքները տեսնելու:

«Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ»: Մենք խնդրում ենք Աստծուն՝ բացել մեր հոգևոր աչքերը, որպեսզի տեսնենք փառքի ճոխությունը, որն ինքնուրույն տեսնել չենք կարող: Առանց Նրա օգնության մենք պարզապես «շնչավոր» մարդիկ ենք՝ սովորական աչքերով. «Շնչավոր մարդը Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար, և չի կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14):

«Տեսնելով՝ չեն տեսնում». այս խոսքերը Քրիստոսն ասաց նրանց մասին, ովքեր տեսնում էին Իրեն և Իր վարդապետությունը միայն բնական աչքերով, առանց Հոգու լուսավորական աշխատանքի (Մաթևոս 13.13): Ահա թե ինչու Պողոսն աղոթում է քրիստոնյաների համար. «ձեր սրտի աչքերը լուսավորվելով…» (Եփեսացիս 1.17-18):

Միացեք սաղմոսերգուի աղոթքին՝ ոչ պարզապես հոգևոր տեսողության պարգևը ստանալու համար, այլև Աստծո Խոսքի մեջ հրաշքները տեսնելու պարգևի համար: Հրաշքը հիասքանչ հակաթույն է ճանապարհից շեղվելու դեմ:

  1. Ղուկաս 18.38. Ողորմի՛ր ինձ:

Աղոթեք ինչպես ճանապարհի եզրին նստած այն կույրը. «Հիսո՛ւս՝ որդի Դավթի, ինձ ողորմիր»: Քանի դեռ մենք այստեղ ենք, և մեր կյանքը շարունակվում է, մեղքը խանգարելու է Աստծո Խոսքի մեջ՝ Աստծո հետ մեր ամեն հանդիպմանը: Ամեն անգամ, երբ բացենք Աստծո Խոսքը, հարկ է դա անել փրկագնված մարդու խոնարհ, կոտրված աղոթքով:

Աստվածաշնչի ընթերցանությունը ամեն օր քաջալերում է մեզ, որ ընդունենք մեր պարտությունները, նորովի ապաշխարենք և կրկին լիակատար կերպով ապավինենք Նրա շնորհին: Աղոթքը ճանապարհն է, որ պահպանենք մեր անկեղծ հիացմունքը Աստծո շնորհի հանդեպ և մեր ներսում աճեցնենք խոնարհության ճշմարիտ հոգին:

  1. Հակոբոս 1.22. Դարձրո՛ւ ինձ Քո Խոսքի կատարողը:

Աղոթեք, որ Աստված, մեր աչքերը բացելով իր հրաշքների հանդեպ և հիշեցնելով Իր շնորհի բավական լինելու մասին, մեր կյանքում իրական փոփոխություններ կատարի: Խնդրեք Նրան, որ Իր Խոսքի սերմերը բերեն իրական, նկատելի պտուղներ՝ ուրիշների հանդեպ զոհաբերող սիրո դրսևորմամբ. «Բայց խոսքը անող եղեք և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»: Աղոթեք, որ Խոսքը վերափոխի, իրազեկի և ուղղորդի ձեր գործնական կյանքը: Խնդրեք, որ Աստված դարձնի ձեզ այնպիսի մարդ, ում կողմից ցուցաբերվող սերը շատանում է, ոչ թե պակասում՝ շնորհիվ այն ժամանակի, որ ընծայվում է Աստծո Խոսքի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը:

  1. Ղուկաս 24.45. Լուսավորի՛ր իմ միտքը:

Սա ևս մեկ աղոթք է, խնդրվածք առ Աստված, որ Նա բացի մեր աչքերը հրաշքների հանդեպ, բայց ավելի հստակեցված: Աստվածաշնչում Աստծո գործերը նման են հիասքանչ լեռնային շղթաների, բայց լավագույն հեռանկարն այնտեղ՝ Նրա Որդու անհատականությունն է և Նրա գործերը:

Ինքը՝ Հիսուսը, սովորեցնում էր Իր հարությունից հետո, որ ողջ Աստվածաշնչում Ինքն է այն «բանալին», որ բացում է ամեն հատվածի նշանակությունը՝ ամեն գրքի, ամեն իրադարձությունների շրջադարձի, ողջ պատմության: Սկզբում «մեկնում էր նրանց՝ ինչ որ գրքերի մէջ գրված էր իր մասին» (Ղուկաս 24.27), հետո Նա Իր աշակերտներին սովորեցնում էր, որ «պետք է կատարվի Մովսեսի օրենքումը և մարգարեներումը և սաղմոսներումը բոլոր իր համար գրվածները» (Ղուկաս 24.44): Եվ դա անելով էլ՝ «նրանց միտքը բացեց, որ գրքերը իմանան»:

Աստվածաշնչի ընթերցանության մեծագույն նպատակը սա է. ճանաչել Հիսուսին և վայելել Նրան: Դա գալիք երկնային փառքի ճաշակումն է երկրի վրա:

Թող ձեր աչքերը լուսավորվեն՝ Հիսուսին տեսնելու և օրեցօր Նրան ճանաչելու համար:

Դեյվիդ Մեթիս