Վառիր լույսդ և քայլիր առաջ

Վառիր լույսդ և քայլիր առաջԵրբևէ փորձե՞լ ես նայել լույսին կամ արևի շողերին, համոզված եմ, որ գոնե մեկ անգամ բոլորս էլ փորձած կլինենք. ի՞նչ խոսք, նաև նկատած կլինենք, որ լույսի պայծառությունը թույլ չի տալիս պարզ ու բաց աչքերով նայել:

Որքա՜ն մաքրություն, որքա՜ն գեղեցկություն կա լույսի մեջ, որքա՜ն լուսավորություն… լույսի մասին մտածելիս անգամ դեմքիդ ժպիտ է հայտնվում:

Իսկ եթե փորձենք մի պահ մտածել այդ լույսի կարևորության մասին, արդյոք մենք կարո՞ղ ենք ապրել առանց լույսի, իհարկե՝ ո΄չ : Մթության մեջ հեռվում երևացող լույսն է,  որ հույս է տալիս և ուժ է տալիս քայլելու առաջ:

Իսկ ո՞րն է մարդկային լույսը: Երբևէ մտածե՞լ ես այդ ներքին լույսի մասին: Դա այն անկեղծությունը, բարությունը և պարզությունն է, որ երևում է լուսավոր կերպով:

Երբ գալիս է իրավիճակ, երբ մեզ ոչինչ դուր չի գալիս, երբ մենք մեզ օտար ենք զգում և ուզում ենք փնտրել մի ուրիշ աշխարհ, ինչու՞ այդ պարագայում մենք չենք փորձում վառել այդ ներքին լույսը և լուսավորել այն աշխարհը, որում ապրում ենք:

Իրականում պատահական ոչինչ չի լինում, և այն վայրը, որտեղ դու ապրում ես, նույնպես պատահական չէ ընտրված: Վառի՛ր այդ ներքին լույսդ, փորձի΄ր լուսավորել շուրջդ ու կտեսնես, թե որքան հաճելի է կյանքը, թե որքան հետաքրքիր կարող ես այն դարձնել:

«Եթե բոլոր մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, բոլորը լուսավոր կլինի, ինչպես երբ որ ճրագն իր ճառագայթներով լուսավորի քեզ» (Ղուկաս 11.36):

Լինենք լուսավոր և այն լույսը, որ փնտրում ենք մեր շրջապատում, վառենք հենց մեր մեջ, անենք բարի գործեր, ավելի ժպտանք, օրինակ ծառայենք մեր շրջապատի համար, մենք կարող ենք մեր աղոթքներով լուսավորել մեր շրջապատը :

Հավատա՝ պատահական չէ այն շրջապատը, որ դու ունես, պատահական չէ այն երկիրը, որտեղ ապրում ես, դու կարող ես լինել մեծ լույս, այո՛, դու քո բարոյական արժեքներով մեծ լույս ես. մի՛ կորցրու հնարավորությունդ, վառի՛ր լույսդ և քայլի՛ր առաջ :

Էսթեր Զաքարյան