Ծնկաչոք քանդել դժոխքի դարպասները

Prayer-Partner-Slide-e1395613911243-640x280Մարդկանց հոգիների համար պայքար է մղվում: Աղոթող մարդը գիտի, որ դժոխքի զորությունները ամեն բան անում են մարդկանց մեղքի գերության մեջ պահելու համար: Նա գիտի, որ «մեր պատերազմը արյան և մարմնի հետ չի, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12):

Աղոթող մարդը պետք է սովորի աղոթքով պայքարել չար ուժերի դեմ:

Աստված այս սերնդում աղոթող զինվորների բանակ է հավաքագրում: Հոգին շշնջում է մարդկանց սրտերին՝ աղոթիր, աղոթիր: Հավատացյալներին կոչ է անում հագնել Աստծո ողջ սպառազինությունը: Նա մեր հովիվն է ու պահապանը, մեր ազատարարն ու զորությունը: Մենք չպետք է վախենանք թշնամուց, քանի որ կարող ենք ծնկաչոք քանդել դժոխքի դարպասներն ու ազատել դեպի կորուստ գնացող բազմաթիվ մարդկանց:

Չարլզ Սպերջենն ասել է. «Մենք թիավարում ենք փոթորկուն ծովի վրա փրկարար ջոկատի նման և շտապում նավաբեկության այն վայրը, ուր մարդիկ կործանվում են: Եթե չկարողանանք կասեցնել կործանումը, գոնե Աստծո զորությամբ փրկենք կործանվողներին՝ նրանց փրկության ափ հասցնելով: Մեր առաքելությունը, Տիրոջ նման, Աստծո ընտրյալներին հավաքելն է, որպեսզի նրանք ապրեն Աստծո փառքի համար»:

Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն գիտակցությունը, որ Աստված մեր Ազատարարն է, Հզոր Ազատարար Իր անունը կանչողների համար: Մեղքի պատճառով անիծված այս աշխարհում պետք է մեր աչքերը Նրան հառենք, որպեսզի ազատվենք թշնամու որոգայթից: Փառաբանությունը ողողում է մեր հոգիները, երբ նայում ենք Աստծուն՝ որպես մեր Պաշտպանի և Ամրության:

Այդ ժամանակ խոնարհությամբ երկրպագում ենք Նրան՝ ասելով. «Որովհետև Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Սեմի Թիփիթի «Աղոթքի գործոնը» գրքից