Ո՞վ է գրում քո կյանքի պատմությունը

Ո՞վ է գրում քո կյանքի պատմությունըՄեզ մանկուց ասում էին, որ մենք ենք մեր կյանքի տերը. «Ամեն բան քո ձեռքերում է»:

Բայց իսկապես մենք ունենք նման մեծ իշխանություն:

Արդյոք մե՞նք ենք մեր սեփական կյանքի հեղինակները

Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Մենդին՝ իմ լավագույն ընկերուհին, առաջին անգամ տեսավ իր անունը տպագրված գրքում: Նա հիացմունքի մեջ էր, որովհետև երազում էր գրող դառնալ, և իրեն թվում էր, որ այդ երազանքը սկսում է կատարվել:

Այնուամենայնիվ, մինչ նա ջանասիրաբար աշխատում էր սեփական գրքի ստեղծման իր երազանքի վրա, նրա կյանքի վրա աշխատում էր նաև մեկ այլ Հեղինակ:

Նա տեսնում էր, որ իր կյանքում իրականանում են նաև այլ հույսեր, բայց իրադարձությունների հոսքը չէր համապատասխանում այն նախագծին, որն ինքն էր ծրագրել իր մտքում:

Մենդին շատ երազանքներ ուներ, երազանքներ իր սեփական ընտանիքի, երեխաների և ապագայի այլ ծրագրերի վերաբերյալ. դրանք բոլորն էլ իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես ինքը պատկերացրել ու ծրագրել էր, այլ այնպես, ինչպես ինքը չէր էլ պատկերացնում:

Այո, ես չեմ հավատում, որ Մենդին էր իր կյանքի պատմության հեղինակը: Կար ևս մեկը, ով գրում էր նրա վրձնով:

Եվ Մենդին հասկանում էր, որ կյանքի փորձություններով, անգամ հիասթափություններով Աստված կառուցում և ձևավորում էր իր կյանքը:

Նա հասկանում էր, որ դեպի իր երազանքը տանող ճանապարհը, չնայած և լի էր ոլոր-մոլոր արահետներով, խաչմերուկներով, ձորերով ու փոսերով, նույնքան կարևոր էր, որքան և վերջնական նպատակը: Անցնելով այդ ընթացքը՝ նա ավելի լավ ճանաչեց Աստծուն, շատ բան հասկացավ հավատքի մասին, իր մասին, ինչպես նաև աճի և հասունության փուլերի մասին, որոնք ինքը դեռևս պետք է անցներ կյանքում:

Ո՞վ է մեր կյանքի պատմության հեղինակը

Ամենօրյա աղոթքի ժամանակ ես սիրում եմ գրել Աստծո անունը: Որոշ անուններ վերցված են Սուրբ Գրքից, որոշները նկարագրությունն են այն բանի, թե ինչպիսին է Աստված, և ինչ է Նրա այդ անունը նշանակում ինձ համար:

Երեկ ես գրեցի «իմ կյանքի Հեղինակ»՝ դեռևս լիովին չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում: Որքան ավելի եմ խորհում այդ խոսքի շուրջ, այնքան ավելի եմ հասկանում, թե որքանով է այն ճշմարիտ:

Որքան էլ ջանանք մեր սեփական մտադրությունների ու ծրագրերի իրականացման վրա, կյանքը գնում է իր հոսքով: Որոշակի իրադարձություններ են կատարվում, հայտնվում են հանգամանքներ, որ մեզնից չեն կախված, և մենք ստիպված ենք հաշվի նստել դրանց հետ, ընդունել դրանք և հաշտվել դրանց հետ:

Եվ եթե այդ բոլոր հանգամանքները գտնվում են մեր վերահսկողությունից դուրս, մենք պետք է գանք եզրահանգման, որ իրականում ոչ ոք իր կյանքի ընթացքի հեղինակը չէ:

Սուրբ Գրքում ասվում է. «Շատ դիտավորություններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ» (Առակաց 19.21):

Այստեղ «հաստատ» բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է՝ ծրագիր, մտադրություն, դիտավորություն:

Մեր կյանքը մեր սեփականությունը չէ

Ինչո՞ւ Աստված տվեց մեզ կամք՝ ընտրելու, եթե Նա է մեր կյանքի հեղինակը:

Մենք կարող ենք ընտրել՝ հետևե՞լ Նրա նպատակներին և մեր կյանքի համար նրա ծրագրին, թե՞ հակառակվել: Հակառակությունը չի կարող մեզ համար լավ ավարտ ունենալ, որովհետև ամեն ինչում առկա է մեկ այլ կերպար, ով ունի այլ նպատակներ և ծրագրեր:

«Գողը չի գալիս, այլ միայն որ գողանա, սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենաք և էլ ավելին» (Հովհաննես 10.10):

Ո՞ր կյանքը կընտրենք մեզ համար:

Կյանք՝ ավելցուկո՞վ, թե՞ կործանման կյանք: Իմ ընկերուհին ճիշտ ընտրություն կատարեց. նա գիտեր, որ ամենակարող Արարիչը Իր ձեռքում էր պահում վրձինը հավիտենության մեջ և գրում էր իր կյանքի էջերը՝ դեռ մինչ իր ծնունդը:

«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. և քո գրքումը գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին՝ երբ որ նրանցից մեկը դեռ չկար» (Սաղմոս 139.16):

Մեզնից կախված է մեկ բան. ապրել առ Աստված երկրպագության կյանքով, կյանք, որը ամեն օր բերում է փառք և պատիվ Հիսուս Քրիստոսին: Ամեն օր կատարել ընտրություն՝ Աստծո հետ հաշվի նստելով, և այդ ծրագրով էլ ապրել կյանքը, որը ամեն օր փառաբանում, պատվում և երկրպագում է Նրան:

Իհարկե, այս աշխարհում կա ևս մեկ «հեղինակ»՝ աշխարհի իշխանը, ով ցանկանում է իր ծրագրերը բերել մեր կյանք, նա է կործանման հեղինակն ու գողը, բայց ամեն օր Աստծո հետ միասին անցնելով մեր ընթացքը՝ մենք կարող ենք ապրել երկրպագության այդ կյանքը, որովհետև Քրիստոսը հաղթեց աշխարհին և ասաց. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք՝ ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Ռոզիլինդ Ջուկիչ