Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունը սահմանել է պատվո մրցանակ

Արաքս_ՄանսուրյանՃապոնիայում գործող Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունն այսուհետ սեփական պատվո մրցանակ կշնորհի: Այս մասին Culture.am-ին հայտնեց Ընկերակցության նախագահ, ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան:

– Մենք սահմանել ենք մի մրցանակ, որը շնորհվելու է Կոմիտասի ժառանգության պահպանման գործում նշանակալի ավանդ ունեցող արվեստագետներին և գիտնականներին:

Ակիբայի խոսքով՝ այն կշնորհվի բացառապես այն կատարողներին, ովքեր Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնում են անաղարտ ձևով, այլ ոչ թե մշակումներ անում կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնում:

Առաջին պատվո մրցանակը շնորհվել է անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանին, ում երաժշտագետ, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը վստահում էր Կոմիտասի՝ նախկինում չկատարված գործերը, այդ թվում՝ անավարտ «Անուշ» օպերայի գլխավոր դերերգը:

– Ճապոնիայում տիկին Արաքսը մեծ աշխատանք է կատարել՝ վարպետության դասերի միջոցով ճապոնացի կատարողներին ծանոթացնելով Կոմիտասի արվեստին: Դա մեծ պատիվ է մեզ համար և հրաշալի հնարավորություն ներկայացնելու հայկական երաժշտությունը Ճապոնիայում:

 Բացի վերը նշվածից, Արաքս Մանսուրյանն արժանացել է նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպանի մրցանակի:

 Կոմիտասի անվան երաժշտական ընկերակցությունը հիմնադրվել է 2015 թ-ի սեպտեմբերի 26-ին՝ Վարպետի ծննդյան օրը: Ընկերակցության գլխավոր նպատակը հայկական երաժշտարվեստի՝ մասնավորապես Կոմիտասի և իրենից ազդեցություն կրած կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է:

Աղբյուրը՝ culture.am