Մենք արդեն 5 տարեկան ենք

FDSC_1698eCrossNews.am-ն այսօր տոնում է իր հիմնադրման 5-ամյակը:

Հինգ տարվա ընթացքում կայքն իր աշխատակազմի հետ կարողացել է իր ուրույն ազդեցությունն ունենալ ու հետագիծը թողնել ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես, հայալեզու մեդիա դաշտում:

Ընթերցողների կողմից ստացվող նամակները մշտապես ցույց են տալիս, որ կայքի աշխատանքները շինության պատճառ են լինում, առաջնորդում են, մխիթարում, քաջալերում ու հանդիմանում՝ այդ ամենով նպաստելով Արքայության Ավետարանի տարածմանն ու մարդկանց հոգևոր աճին:

«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր խմբի անդամներին, քանի որ շատ դժվար պահերի հենց ձեր նյութերի շնորհիվ ավելի մոտիկից ծանոթացա Աստծո հետ, ձեր նյութերը մթության մեջ լույս տվեցին ու առաջ մղեցին ինձ. շատ շնորհակալ եմ». սա Հարությունի անկեղծ նամակն է խմբագրությանը, մեկն այն հարյուրավորներից, որ ստացել է կայքն իր գործունեության ընթացքում:

5 տարվա ընթացքում հրապարակվել են ավելի քան 14,000 հոդվածներ ու նյութեր՝ նորություններ՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական, ապոլոգետիկա, հովվի խոսք, թարգմանական հոդվածներ՝ ընտանեկան, երիտասարդական, հոգևոր, կառուցողական, ուսուցողական, հեղինակային հոդվածներ, որոնք գրվում են թե՛ խմբագրության աշխատակիցների կողմից, թե՛ ընթերցողների, պատմություններ ու խմբագրական անդրադարձեր ամենատարբեր իրադարձություններին: Կայքի ֆեյսբուքյան էջի հավանումները շուտով կհատի 40.000-ի սահմանը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա ձեր պես հոգևոր կայք, որը լուրջ հոգևոր ծառայություն է անում»,-մեր ընթերցողներից գրում է Մերին, դե իսկ մեկ այլ՝ 22-ամյա երիտասարդի անկեղծ նամակը խմբագրության աշխատակիցներին շատ ուրախացրեց. «Շատ պատահաբար համացանցում նկատեցի ձեր կայքը և թերահավատորեն սկսեցի ուսումնասիրել: Հարցերիս պատասխանները մեկը մյուսի հետևից սկսեցին բացվել ինձ համար: Ես սկսեցի կարդալ Աստվածաշունչ, սկսեցի աղոթել անկեղծ ու մեծ հավատքով: Աստված իմ միջից հանեց իմ թուլությունները՝ ծխելը, ալկոհոլը, պոռնոգրաֆիան և այլն… Ցանկանում եմ ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, CrossNews.am, և ասել, որ դուք եղաք այն միջոցը, որով Աստված ցույց տվեց ինձ իր ճանապարհը»:

Այլ ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ ևս կարող ենք ներկայացնել, սակայն լավագույն գնահատականը կայքի համար ընթերցողի արձագանքն է, ընթերցողի շնորհակալական նամակը և անկեղծ խոստովանությունները:

Ի՞նչն է մեզ համար կարևոր:

  • CrossNews.am-ը կարևորում է իր՝ վստահելի աղբյուր լինելը, ուստի երբեք չենք շտապում չստուգված ու չհիմնավորված տեղեկություններ տրամադրել, ավելին, երբ համացանցում հանդիպում են ոչ արժանահավատ տեղեկություններ, անմիջապես փորձում ենք տեղյակ պահել մեր ընթերցողին. այդպիսի խմբագրական ժխտումների վառ օրինակ են «Հերթական ապատեղեկատվությունը. Ձիավորները՝ Արցախի երկնքում», «Հնդկաստանում մի գիշերվա մեջ 200 եկեղեցի հրդեհելը իրականությանը չի համապատասխանում» և այլ նյութեր:
  • Հարգելով մեր ընթերցողին՝ նյութերի համար վերնագիր ընտրելիս առաջնորդվում ենք ոչ թե «սենսացիոն» ու «էքսքլյուզիվ» տեքստերով, այլ նյութի բովանդակությամբ:
  • Անհանգստանալով հատկապես ֆեյսբուքյան հարթակում ակտիվացած տարբեր մոլորություններ հրամցնող օգտատերերի առկայությամբ՝ CrossNews.am-ն իր հնարավորությունների սահմանում ակտիվ հսկում է և ուշադիր է՝ հայտնաբերելու մոլորեցնող խմբերի ու անհատների, ովքեր դեմ են Քրիստոսին, Երրորդությանը, Եկեղեցուն, սակայն շարունակում են հետևորդներ հավաքել աստվածաշնչյան տեքստեր ու համարներ գրելով. այդպիսի նյութերի վառ օրինակ է «Մոլորությունը՝ այլ դիմակներով. զգուշացեք…» խմբագրականը, որի հրապարակումից հետո հիշատակված խմբերի ակտիվությունը նկատելիորեն նվազեց, իսկ ոմանք իսպառ անհետացան:
  • Մեզ համար կարևոր է նաև էթիկապես գրագետ ընթերցող ունենալը, ուստի հնարավորության սահմաններում հորդորում ենք մեր ընթերցողին՝ մշտապես պահել հեղինակային իրավունքները՝ ինքներս օրինակ ծառայելով մեր նյութերում մշտապես առկա հեղինակներով ու նյութի աղբյուրի հղումներով:
  • Թերևս կարևորագույնը՝ ընթերցողին փորձում ենք մատուցել կենդանի Աստծո Խոսքը՝ զերծ եկեղեցական նեղ սովորություններից ու «գովազդումներից»:
  • Մնալով առօրյա ընթացքին ու նորություններին աչալուրջ՝ CrossNews.am-ում ստեղծվեց «խմբագրական» բաժինը, որտեղ անդրադարձեր են արվում առավել հրատապ խնդիրներին ու նորություններին:

Թերևս այս շարքը կարող ենք շարունակել…

Լիահույս ենք, որ կայքը կշարունակի իր գործունեությամբ ուրախացնել մեր հազարավոր հետևորդներին և լինել օրհնության պատճառ նրանց համար: Օրհնվա՜ծ ենք քեզանով, սիրելի ընթերցող: