Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունըՉեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում 104 ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է.

«Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում և վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Կայքը գրում է, որ բանաձևը ներկայացվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։
Աղբյուրը՝ 1in.am