Սիրեք այն կյանքը, որը գուցե չէիք ցանկանա ունենալ

Սիրեք այն կյանքը, որը գուցե չէիք ցանկանում ունենալՄենք բոլորս հակված ենք այն բանին, որ մեր կյանքի նախասահմանությունը որոշենք հաջողություն ասվածի մեր սեփական ընկալմամբ:

Հասե՞լ եմ արդյոք այն ամենին, ինչին ցանկանում էի հասնել: Իմ երազանքները մո՞տ են իրականությանը: Արդյոք երջանի՞կ եմ ես իմ ընտանիքում, ամուսնության մեջ, կամ աշխատավայրում: Հաջողա՞կ է արդյոք իմ կյանքը:

Իրականում մարդու կյանքը երբեք չի գնահատվում՝ ըստ վերջինիս արտադրողականության կամ ըստ իրավիճակների: Այն, ինչը մարդու կյանքին արժեք է հաղորդում, դա ամենակարող, սիրառատ Աստծո ներկայությունն է, պաշտպանությունն ու հավանությունը:

Հովսեփը, լինելով ստրկության վաճառված իր սեփական եղբայրների կողմից, զարմանահրաշ կերպով հայտնվում է այն օրերում հավանաբար աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի իշխանության ղեկին:

«Եվ Աստված Հովսեփի հետ էր, և նա հաջողակ էր. և իր եգիպտացի տիրոջ տանն էր… և նա իր տան վրա վերակացու արեց նրան և իր բոլոր ունեցածը նրա ձեռքը հանձնեց» (Ծննդոց 39):

Պետափրեսը ամենը, ինչ ուներ, հանձնեց Հովսեփի վերահսկողությանը: Սակայն նրա կինը, Հովսեփի հանդեպ կրքով լցված լինելով, փորձեց գայթակղել նրան: Հովսեփը հավատարիմ մնաց Աստծուն և մերժեց այդ կնոջ առաջարկը, ու քանի որ Պետափրեսի կինը զրպարտեց Հովսեփին իր ամուսնու առջև, Հովսեփը, լինելով առանց մեղքի, հայտնվեց բանտում:

«Բայց Աստված Հովսեփի հետ էր և ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջին շնորհք գտնել տվեց նրան» (Ծննդոց 39):

Եվ իշխանության գլխին, և բանտում Հովսեփի կյանքը լի էր հույսով, իմաստով ու հաջողությամբ. ոչ որովհետև նա ջանք էր թափում կամ ստանում այն, ինչին արժանի էր, այլ որովհետև Աստված նրա հետ էր: Աստված նրա հետ էր և՛ հաջողության մեջ, և՛ բանտարկության:

Ինչպե՞ս եք գնահատում ձեր կյանքը

Արդյոք այսօր ձեր կյանքը այնպիսի՞ն է, ինչպիսին ցանկանում եք տեսնել:

Շատերը կարող են տարբեր կերպ պատասխանել այս հարցին, բայց իրականությունը հաճախ այն է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր համար ավելի լավ կյանք ցանկանալ և պատկերացնել, քան այն իրավիճակները, որ մեր շուրջն են:

Եվ ուրախ լուրն այն է, որ եթե դուք սիրում եք Հիսուսին, քայլում Նրա ճանապարհներով, Աստված կարող է լավագույն սցենար գրել ձեր կյանքի համար, քան այն մեկը, որը դուք կարող եք: «Լավագույնը» հիմնվում է ահա թե ինչի վրա. ինքը՝ Աստված է այն լավագույն և գերագույն բավարարումը, որը հնարավոր է ունենալ և վերապրել կյանքում:

Հետևաբար, վերջին հաշվով, կյանքի լիությունը կայանում է ոչ թե երկրային հաջողության, հարաբերությունների կամ ձեռքբերումների մեջ, այլ Աստծո հետ հավատքի միջոցով ձեր մտերմության մեջ:

Այն ամենի մեջ, ինչ մատուցում է մեզ կյանքը, ուրախություն և բավարարություն ունենալու գաղտնիքը հետևյալում է. մեր ուրախությունը և բավարարությունը պետք է հիմնվի Քրիստոսի վրա, ոչ թե մեր կյանքի:

Ջոն Փայփերը գրում է. «Երբ մենք քիչն ունենալով՝ շատ ենք կորցնում, գալիս է Քրիստոսը և Իր անձը հայտնում մեզ՝ որպես շատ ավելի թարկարժեք, քան այն ամենը, ինչ մենք կորցրել ենք: Իսկ երբ մենք ունենք շատը և ունենք ավելցուկով, Քրիստոսը գալիս և ցույց է տալիս Իր լիակատար գերազանցությունը ամենի վրա, ինչ մենք ունենք»:

Հետևաբար, կարող ենք Սողոմոնի խոսքերը կրկնել, ով իմաստուն էր աղոթում. «…Ունայն և սուտ խոսքը հեռացրու ինձանից, աղքատություն կամ հարստություն ինձ մի տուր, ինձ համար որոշված հացովը կերակրիր ինձ: Չլինի, որ կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ՝ ո՞վ է Տերը, և չլինի, որ չքավորանամ և գողանամ և զուր հիշեմ իմ Աստծո անունը» (Առակաց 30.8-9):

Գերագույն գանձ և ձգտում

Արդյոք այսօրվա ձեր կյանքը այն կյա՞նքն է, որ ցանկանում էիք ունենալ:

Մի քանի հարցեր՝ պարզելու ձեր սպասումները.

Բավարարվա՞ծ եք արդյոք այն փաստով, որ Աստված ձեր կողմից է (Հեսու 1.9):

Արդյոք ձեզ համար սահմանե՞լ եք երկրային չափանիշներ կամ ձգտումներ, որոնք վեր են Աստծուն պատկանելու և Նրան ճանաչելու անհրաժեշտությունից (Բ Կորնթացիս 6.16):

Արդյոք պատրա՞ստ եք ձեր հոգին, ձեր գործը և ձեր արդարացումը վստահել Նրան, Ով մշտապես արդարացիորեն է դատում, Ով խոստացել է, որ ցանկացած հանգամանքները կվերափոխի հօգուտ ձեզ՝ ամեն անհաջողություն, ամեն հուսահատություն և անգամ մեղք, որը կատարվել է ձեր դեմ (Ա Պետրոս 2.23):

Աստված ցանկանում է, որ մենք սուտ մեղադրված Հովսեփի և դաժանորեն ծեծված Պողոսի հետքերով գնալով՝ ունենանք նրանց հավատքը, հույսն ու ուրախությունը: Թող Տերը լինի ձեր մեծագույն գանձը, ձգտումը, և նայեք ամեն բանին, ինչ կկատարվի ձեզ հետ, այդ պահպանության և անսահման երանության լույսի ներքո: Սովորեք սիրել ձեր կյանքը Աստծո հետ, անգամ եթե նման կյանք դուք չէիք ցանկանում:

Մարշալ Սեգալ