Լավագույն մխիթարությունը

Լավագույն մխիթարությունը«Եվ նրա հետ նստեցին հողի վրա յոթն օր և յոթը գիշեր, և նրա հետ մի խոսք չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը շատ սաստիկ էր» (Հոբ 2.13):

Հոբի երեք ընկերները, մինչ իրենց ցուցաբերած անզգայունությունը ու մեղադրանքները Հոբի հանդեպ, սկզբում, երբ եկան Հոբին այցելելու, նրա կողքը նստեցին յոթ օր՝ առանց որևէ բան խոսելու: Պատմությունը ցույց է տալիս, որ այդ լուռ օրերը ամենից պերճախոսներն էին:

Բնազդաբար ես ասես հեռու եմ ինձ պահում այն մարդկանցից, որոնք ցավի մեջ են: Բավական դժվար է իմանալը, թե արդյոք նրանք կցանկանա՞ն խոսել իրենց ծանր ցավի ու իրավիճակի մասին: Կցանկանա՞ն մխիթարվել կամ մի փոքր իրենց տրամադրությունը փոխել: Իմ ներկայությունը ի՞նչ ձևով կարող է օգտակար լինել նրանց համար:

Մի մեծ ավետարանիչ պատմում էր, թե մի օր մի ծանոթի հուղարկավորությանը մասնակցելու համար սգո սրահ գնալիս շփոթվում է ու մտնում ուրիշ սրահ, որտեղ դագաղի կողքին նստած էր միայն մեկ հոգի՝ մահացածի այրին: Ավետարանիչը խղճում է այդ կնոջը, որ մեն մենակ էր տանում իր ցավը, և որոշում է մնալ նրա կողքին ու անգամ մինչև գերեզման գնալ նրա հետ:

Թաղման արարողությունից հետո ավետարանիչը, երբ իր ցավակցությունն է հայտնում այդ կնոջը, նաև ավելացնում է, որ ինքը չէր ճանաչում այդ կնոջ ամուսնուն, որ իրենք լիովին անծանոթներ էին: «Կարևոր չէ,- պատասխանում է կինը,- չեք կարող պատկերացնել, թե ինչ մեծ մխիթարություն էր ինձ համար ձեր ներկայությունը»:

Ցավի մեջ լինող մարդիկ հաճախ հիշում են իրենց կողքին եղած լուռ մարդկանց, նրանց, ովքեր այնտեղ էին և լսում էին իրենց՝ առանց ժամացույցին նայելու: Մարդիկ, ովքեր պարզապես ներկա էին՝ տառապողի ցավը բաժնեկցելու:

Հաճախ լավագույն մխիթարությունը պարզապես ներկա լինելն է:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից