1915 թ. Մի ընտանիքի պատմություն. Վերադարձ Ադանա

1915 թ. Մի ընտանիքի պատմությունԱվետարանական հովվի իրապատում կյանքը 1915թ-ի Ցեղասպանության ժամանակ:   

Պատերազմն ավարտին էր հասնում: 1918թ. օգոստոսին հայրս լուր ստացավ, թե մի հայ աղջիկ, որ ամուսնացել էր թուրք պաշտոնյայի՝ Ավնի բեյի հետ, ցանկանում է տեսնել նրան: Նա չգիտեր, արդյոք սա թակարդ չէ՞:

Մայրս գնաց այդ պաշտոնյայի տուն, որպեսզի տեսնի, թե ո՞րն է իրողությունը: Նա հայտնաբերում է, որ աղջիկն իրոք հայ է, որ նախկինում ապրել է Ադանայում և հաճախել է նույն եկեղեցին, որտեղ ծառայել էր հայրս: Նրա ամբողջ ընտանիքը կոտորվել էր, բայց իմանալով, որ թուրք սպան բարի համբավ ունի, ավելի վատ ճակատագրից խուսափելու համար, համաձայնել էր ամուսնանալ հետը: Նրա ամուսինը բարեբախտաբար բարեհոգի մարդ էր և թույլ էր տվել կնոջը առանց չադրայի ապրել և եկեղեցի հաճախել:

Այս կինը մորս ասել է. «Լսել ենք քո և քո ամուսնու ծանր կացության մասին. ամուսինս ուզում է օգնել ձեզ:  Ես ճանաչում եմ քո մորն ու քույրերին: Նրանք ապահով են Ադանայում, մինչդեռ դուք այստեղ վախի մեջ եք ու կիսաքաղց վիճակում եք ապրում: Մի քանի շաբաթից ամուսնուս աշխատանքն այստեղ ավարտվում է, և նա Ադանա է վերադառնալու: Նա պատրաստ է ձեզ երկուսիդ այնտեղ տանել: Ամուսնուդ՝ որպես իր ծառան, իսկ քեզ՝ որպես ծառայի կինը՝ մուսուլմանական հագուստ հագած, չադրայով: Դուք բեյի հետ ճանապարհորդելով՝ ապահովության մեջ կլինեք»:

Կարող եք երևակայել, թե ինչ մեծ բարություն էր սա, և թե ինչ մեծ վտանգի էր ենթարկում իրեն բեյը: Եթե բռնվեր այս խաբեության մեջ, նրան կգնդակահարեին: Եվ հավանական է, որ այդպես էլ կլիներ, քանի որ գնացքի բոլոր ուղևորները թուրքեր էին լինելու, իսկ նրանցից մեկնումեկը կարող էր ճանաչել ծպտված հայերին: Մայրս շնորհկալություն է  հայտնում նրան, բայց ասում, որ ինքը երբեք որպես մուսուլման կին չի ճամփորդի և չի խաբի կառավարությանը: Համենայն դեպս, երբ հայրս այս մասին իմացավ, մորս հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ ինքը գնա և Պետրոսին էլ վերցնի հետը:

Պայմանով, որ իր անունով գնա: Նա ուզում էր վստահ լինել, որ օրինական ձևով է ճամփորդելու և ոչ թե՝ ծպտված: Հայտարարելով, որ հայրս ֆանատիկոսի մեկն է, սպան համենյան դեպս խոստանում է օգնել նրան: Սեպտեմբերի սկզբին լուր է ստացվում, որ նրանք կարող են մեկնել: Մեկնումեկից առաջ հայրս պետք է գնար սպայի տուն:

Հայրս ներողություն է խնդրում այդքան նեղություն պատճառելու համար, բայց նաև ասում, որ ինքը ոչ մի դեպքում կեղծիքի չի դիմի: Սպան պատասխանում է. «Դու չես ուզում ստել, բայց իրականում քո ամբողջ կյանքը կեղծիքի մեջ է անցնում: Կառավարությունը քեզ զորակոչել է, իսկ դու փախել ես: Մի՞թե սա կեղծիք չէ»: Հայրս լուռ լսում է նրան և ապա ասում, թե այս հարցին կպատասխանի պատերազմի ավարտից հետո: Սպան պնդում է. «Հիմա՛ պատասխանի՛ր, և պատասխանդ թող անկեղծ լինի: Դու թաքնվում ես. մի՞թե սա կեղծիք չէ»:

Հայրս ասում է.«Բացատրեմ: Երբ Ֆիլիպը՝ Ալեքսնդր Մակեդոնացու հայրը, Մակեդոնիայի թագավորն էր, մի այրի նրան է դիմում՝ մի հարուստ երիտասարդի մեղադրելով իրեն անարգելու մեջ: Թագավորը, խնդիրը լսելով, վճռում է, թե կինն է մեղավոր: Կինը թագավորին պատասխանում է, եթե սա է քո վճիռը, ես ավելի բարձր ատյանի կդիմեմ»: Թագավորը զայրանում է. «Մի՞թե չգիտես, թե ես եմ թագավորը, և ինձնից բարձր ատյան չկա: Երբ ես վճիռ եմ կայացնում, դու այլևս ոչ մի հեղինակության չես կարող դիմել»:

Կինը պատասխանում է. «Փոխանակ Ֆիլիպ Հարբեցողին դիմելու, ես կդիմեմ Ֆիլիպ Սթափին»:

Թագավորը, սրան ոչինչ չկարողանալով պատասխանել, կնոջն ասում է. «Վաղն առավոտյան արի, և ես քեզ նորից կլսեմ»: Կինն այդպես էլ անում է և շահում դատը: – Հայրս շարունակում է. «Պետությունը ոչ մի իրավունք չունի ինձ զորակոչելու: Ես հոգևոր առաջնորդ եմ, և ըստ պետության օրենքի՝ ազատ եմ զինվորական ծառայությունից: Բացի այդ, ես աքսորված եմ և այս հիման վրա, և ըստ օրենքի ես չպետք է ծառայեմ: Ինչո՞ւ է պետությունն ինձ ուզում բանակ ուղարկել, որովհետև հարբած վիճակում է:

Ուրեմն, ես ոչ թե օրենքից եմ փախչում, այլ միայն հարբած վիճակում գտնվող պետությոսւնից: Վաղը, երբ ապահովության մեջ կլինեմ, իսկ պետությունը՝ սթափ վիճակում, պետությունն ինձ կշնորհավորի, որ ես փրկվել եմ»:

Սպան սրան ասելիք չուներ: Հաջորդ առավոտ երեք ու կես տարեկան Պետրոսի հետ հայրս մեզ թողեց և միացավ սպային ու նրա կնոջը, և ողևորվեց դեպի Ադանա: Այնտեղ նա, միանալով Յայային և նրա երկու աղջիկներին, մնում է ամերիկյան հիվանդանոցի շենքում:

Բայց մտքում անհանգիստ էր կնոջ ու փոքրիկ աղջկա համար, որ դեռ Հալեպում էին: Նա շարունակում էր աղոթել, որ նրանց համար էլ վերադարձի մի դուռ բացվի:

Հետագայում մի թուրք բեյ Տարսոնից Հալեպ է գնում: Մի հայ էլ, որ գիտեր մորս մասին և բեյի բարեկամն էր, խնդրում է նրան, որ մորս դեպի Ադանա ճամփորդելու ուղեգիր տա: Մայրս և ես սեպտեմբերի 24-ին միացանք հորս: Սա մի հրաշք էր, որովհետև դա վերջին գնացքն էր, որ սովորական ուղևորներ էր տեղափոխում: Պատերազմն ավարտվում էր, և մինչ գեներալ Ալեմբին Պաղեստինից դեպի Սիրիա էր շարժվում,  Գերմանական և թուրքական սպաները գնացքներն օգտագործում էին Գերմանիա փախչելու համար: Ի՜նչ  զարմանալի բան, Աստված թուրք բեյերին օգտագործեց, որպեսզի հայրս ու Պետրոսը, ես և մայրս Ադանա հասնենք:

Ադանայում դեռևս վախ կար, որ հորս կբռնեն ու կսպանեն, այնպես որ, նա մեկ ամիս տնից դուրս չեկավ:

Պատերազմը գրեթե ավարտին էր հասել: Նախ բրիտանական զորքերը՝ գեներալ Ալեմբիի հրամանատարությամբ, ապա՝ ֆրանսիական  ուժերը գրավեցին քաղաքը:

Թուրքերը պարտված էին, և վերապրող հայերը կամաց-կամաց սկսեցին վերադառնալ իրենց տները՝ հույս ունենալով, որ դաշնակիցները պաշտպանելու են իրենց:

Սեդրակ հորեղբայրս իր ընտանիքի ու տատիկիս հետ Հալեպից Ադանա վերադարձան և միացան մեզ: Հորեղբայրս մենակ գնաց Նևշեհիր՝ տեսնելու, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ:

Նա տեսնում է, որ թուրքերը զավթել են հայերի բոլոր տները՝ պատրաստ սպանելու ամեն մի հայի, ով իրենց ձեռքը կընկնի: Այդ շրջանում հայերի կյանքը ամենուրեք վտանգված էր: Այնպես որ, նա վերադառնում է Ադանա և որոշում տարագրվել մի այնպիսի երկիր, որտեղ մզկիթ չկա: Նա ընտանիքով մեկնեց Հարավային Ամերիկա՝ Բուենոս Այրես և այնտեղ հաստատվեց: Ազգի երկու երրորդը՝ կին, տղամարդ, երեխա, կորստյան մատնվեցին, սրան ավելացրած այն երկու հարյուր հազար հայ զինվորները, որ իրենց կյանքը տվեցին դաշնակիցների բանակներում կռվելով:

Անշուշտ, նրանք գոնե այժմ արժանի կլինեն հայրենիք և խաղաղություն ունենալու:

 Ռոդա Քարզվել

«Տապանից դուրս» գիրք, գլուխ քսաներորդ