Եթե Հիսուսը կարողացավ վերականգնել Պետրոսին, ապա Նա կկարողանա վերականգնել և ձեզ

pope2Զատկական պատմության ամենատխուր հատվածներից մեկը կատարվեց այն գիշերը, երբ Հիսուսին ձերբակալեցին: Նրա աշակերտ Պետրոսը ծայրահեղ ճնշված էր և վախեցած ամբոխից: Երբ քահանայապետի աղախինը մեղադրեց նրան, թե ինքը Հիսուսի աշակերտն է, նա ուրացավ:

Երբ կինը նորից կրկնեց իր խոսքերը մի քանի վկաների ներկայությամբ, նա նորից ուրացավ, թե Հիսուսին չգիտի: Երբ մյուսներն էլ հարցրին նրան, Աստվածաշունչը ասում է, որ Պետրոսը «սկսեց անիծել և երդում անել, թե ես չգիտեմ այն մարդուն, որ դուք ասում եք» (Մարկոս 14.71): Այն խիզախ աշակերտը, որ խոստանում էր Հիսուսին, թե մինչև երկրի ծայրը կգնա Նրա հետևից, վերածվեց խղճուկ մի վախկոտի: Նա կոտրվեց ճնշման տակ:

Երբ աքաղաղը կանչեց, Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը. «Հավը դեռ երկու անգամ չխոսած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ» (Մարկոս 14.72):

Պետրոսի համար սա կարող էր վերջը լինել: Նա դառնագին արտասվեց և հեռացավ: Մաթևոսի և Մարկոսի Ավետարաններում այլևս ոչինչ գրված չէ: Ղուկասը հիշատակում է, որ Պետրոսը գնաց Հիսուսի գերեզմանի մոտ և այն դատարկ գտավ: Հովհաննեսի Ավետարանը միակն է, որը գրում է այն մասին, որ Պետրոսը կատարյալ վերականգնում գտավ իր պարտությունից հետո:

Միայնակ ու ճնշված, կոտրված Պետրոսը վերադառնում է իր նախկին գործին՝ ձուկ բռնելուն: Նա ողջ գիշեր ձուկ է բռնում և ոչինչ չի կարողանում որսալ: Իսկ երբ ափին Հիսուսը երևում է և առաջարկում աշակերտներին ուռկանը աջ կողմից գցել, նրանց ցանցերը պատռվում են ձկների շատությունից:

Սա աստվածային մի նշան էր, որ Հիսուսը դեռևս ծրագրեր ուներ Պետրոսին օգտագործելու համար, չնայած նրա տկարությանը:

Պետրոսը, հավանաբար, շփոթված էր, երբ տեսավ, որ ափին Հիսուսը նախաճաշ էր պատրաստել Իր աշակերտների համար: Ինչպե՞ս դա կարող էր լինել: Հիսուսը չէր խուսափում կամ երես թեքում նրանից: Նա երբեք չմեղադրեց կամ չնախատեց նրան և չհիշեցրեց՝ ինչ էր արել Պետրոսը:

Նա պարզապես հրավիրեց Պետրոսին Իր կողքին նստել և ճաշել Իր հետ: Հիսուսը ցանկանում էր նստել Իր ընկերոջ կողքին:

Հետո Նա դիմում է Իր սիրելի Պետրոսին և անցկացնում նրան բժշկության ընթացքով: Երեք անգամ Հիսուսը հարցնում է Պետրոսին. «Սիրո՞ւմ ես Ինձ»: Իհարկե, Պետրոսը հասկանում էր, որ Հիսուսը երեք անգամ կրկնեց, որպեսզի մտադրված կերպով ներում ստանա իրենից երեք անգամ ուրանալու համար: Պետրոսին ուղղված երեք պատվերները՝ «Արածեցրու իմ գառները», «Արածեցրու իմ ոչխարները», «Արածեցրու իմ ոչխարները», կրկին տալիս են Պետրոսին համոզվածություն, որի կարիքն ինքն ուներ:

Հիսուսը չորակազրկեց նրան: Պետրոսը չարտաքսվեց՝ որպես անհաջողակ, այլ վերադարձվեց:

Ինչն առավել զարմանալի է, ապա այն, որ անհաստատ, առանց մտածելու գործող ու տատանվող Պետրոսը կերպարանափոխվում է այն բանից հետո, երբ մկրտվում է Սուրբ Հոգով մի քանի շաբաթ անց: Այդ թույլ մարդը, որ չէր դիմանում ճնշմանը, երբ Իր Տերը ձերբակալվում էր, հիմա ասում է ոչ թե երկու, այլ երեք կարևոր քարոզ Գործք Առաքելոցի առաջին գլուխներում:

Առաջին անգամ Պետրոսը քարոզում է Պենտեկոստեի օրը և խիզախությամբ հայտարարում ամբոխին, որ Հիսուսը Մեսիան է, և այդ օրը ապաշխարում է երեք հազար մարդ: Երկրորդ անգամ նրա քարոզից հետո ապաշխարում է հինգ հազար մարդ: Երրորդ անգամ, երբ Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվում են, Պետրոսը խիզախությամբ պաշտպանում է իր հավատքը և ասում քահանայապետներին. «Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա» (Գործք Առաքելոց 4.12):

Երեք ուրացում: Երեք հաստատություն Քրիստոսի սիրո: Երեք խիզախ քարոզ, որոնք ներկայացնում են Հիսուսին քահանայապետների առջև: Հուսով եմ՝ կարող եք զուգահեռներ անցկացնել:

Պետրոսի պատմությունը իմ և ձեր պատմությունն է: Մեզ բոլորիս անհրաժեշտ է իմանալ, որ հարություն առած Փրկիչը պատրաստ է ընդունել մեզ, անգամ եթե հիասթափեցրել ենք Իրեն: Նա հավատարիմ է, անգամ երբ մենք հավատարիմ չենք:

Մենք բոլորս էլ այս կամ այն չափով «Պետրոսներ» ենք: Երբեմն թույլ՝ գայթակղության առջև: Հաճախ գցում ենք սուրը, թույլ տալիս վախին կաթվածահար անել մեզ: Գուցե համարել եք, որ Աստծո շնորհը արդեն գերազանցել է իր սահմանները:

Բայց Զատկի պատմությունը այլ բան է ցույց տալիս: Նույն Քրիստոսը, Ով հաղթեց մահը, հաղթեց մեր մեղքն ու ամոթը: Նույն Պետրոսը, ով ուրացավ, թե ճանաչում է Հիսուսին, արդյունքում դարձավ Նրա ամենախիզախ վկաներից մեկը:

Հիշեք, որ Պետրոսի անկումից հետո Հիսուսը ափին սպասում էր Նրան, որ վերականգնի ու բարձրացնի նրա հավատքը: Նույնը Հիսուսը կարող է անել և ձեզ համար, անկախ նրանից, թե որքանով եք ուրացել Նրան:

Ջեյ Լի Գրեյդի