Բժշկություն հարբեցողությունից

518Ես մեծացել եմ անհավատների ընտանիքում: Իմ գրեթե բոլոր հարազատները մահացել են հարբեցողությունից: Հերթը հասել էր նաև ինձ:

Ես այլևս ոչ մի հնարավորություն չունեի կենդանի մնալու, քանզի արդեն երկու շաբաթ էր ոչինչ չէի կերել, մարմինս այլևս կերակուր չէր ընդունում, միայն խմում էի անգիտակցաբար և պատրաստվում էի մահվան:

Մտմտում էի, թե ինչպես կյանքիս վերջ տամ: Բայց իմ կյանքը դրանով չավարտվեց, այլ միայն սկսվեց…

Մի մարդ մոտեցավ ինձ փողոցում ու հասցե տվեց: Ասաց, որ այցելեմ, ինձ կօգնեն այնտեղ, խոսեց դրախտի ու դժոխքի մասին, խնդրեց, որ ինքնասպանության մասին մոռանամ, ասաց, որ սատանան է ինձ դրդում այդ քայլին, և նրան հենց դա էլ պետք է:

Ես նրա խոսքերին արձագանքում էի հեգնանքով: Բայց հետո, երբ նա գնաց, մտածեցի, որ, միևնույնն է, կորցնելու բան չունեմ, ինքնասպան եմ լինելու, կարող եմ այցելել այդ մարդու ասած վայրը, դրանից հետո ինքնասպան կլինեմ:

Գնացի, ներս մտա, դա եկեղեցի էր: Մարդիկ մոտեցան ինձ, այնպիսի ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին, որ ես զարմացած էի մնացել: Արտաքին տեսքս սարսափելի էր, հազիվ էի ոտքի վրա կանգնում: Կարելի է ասել՝ մահամերձ էի: Եղբայրները հավաքվեցին իմ շուրջը և սկսեցին բարձրաձայն աղոթել ինձ համար: Ես ապշել էի, առաջին անգամ էի լսում նման աղաղակ ու աղոթք: Մտածում էի՝ այս ո՞ւր եմ ընկել:

Հաջորդ առավոտյան, երբ աչքերս բացեցի, ես լիովին ուրիշ մարդ էի: Հանկարծ զգացի, որ ախորժակ ունեմ ինչ-որ բան ուտելու: Մի տեսակ ուրախության ու հույսի զգացողություն կար ներսումս: Իմ ներքին օրգաններից գրեթե ոչ մեկը նորմալ չէր աշխատում, իսկ այժմ ես ինձ ֆիզիկապես շատ լավ էի զգում:

Ու կամաց-կամաց հասկանում էի, որ սա կյանքիս ավարտը չէ, այլ սկիզբը, որ այն տարիները, որ մինչ այժմ ունեցել եմ, իրականում չեմ ապրել, այլ միայն նոր՝ այդ առավոտվանից ես սկսում եմ ապրել ու հասկանալ, թե ինչ բան է կյանքը:

Կողքիս կիթառ էր դրված, վերցրեցի այն ու սկսեցի նվագել: Ես կենդանի էի, ես իսկապես կենդանի մարդ էի այլևս:

Փա՛ռք Հիսուսին, որ ես կորած էի, Նա գտավ ինձ, մեռած էի, կենդանացրեց: Շնորհակալ եմ Նրա սուրբ արյան համար, շնորհակալ եմ, որ նա քանդեց այն անեծքը, որ կար իմ ընտանիքի վրա, ու փրկեց ինձ և տվեց այնպիսի մեծ ու թանկ ընտանիք, ինչպիսին եկեղեցին է:

Այժմ ես փառաբանության ու երկրպագության երգեր եմ գրում ու կատարում դրանք կիթառով:

Ալեքսանդր