1915 թ. Մի ընտանիքի պատմություն. Նորից թաքստոցում

1915թ.Ավետարանական հովվի իրապատում կյանքը 1915թ-ի Ցեղասպանության ժամանակ:  

Թաքնվելու այս  երկրորդ շրջանում հայրս և մայրս հաճախ ուտելիք չեն ունեցել, քանի որ ինչ դրամ, ուտելիք որ ունեին, կիսել էին կարիքավորների հետ:

Դրամ շահելու հույս չկար: Քաղաքում հայերն ամեն տեսակ ճնշումների էին ենթարկվում, այնպես որ նույնիսկ «թուլտվություն ունեցողները» ազատորեն չէին շրջում: Դրա հետևանքով նրանց համար դժվար էր օգնություն հասցնել, նույնիսկ եթե ի վիճակի էին:

Մայրս հղի էր, և կյանքը սարսափելի ծանր էր: Ուտում էին օրական միայն երկու անգամ: Սակայն բարեկամներն ամեն վտանգի ենթարկում էին իրենց՝ նրանց օգնություն հասցնելու համար: Հիմա իմ ծնողների հերթն էր նվեր ընդունելու: Ոմանք ոսպ էին բերում, ոմանք լոբի, երբեմն սեխ (որը առատորեն աճում էր Հալեպի շրջակայքում) և ուրիշ բանջարեղեն:

Իմ հոր ուսուցիչներից մեկը նույնիսկ մի քիչ միս, բանջարեղեն ու մի բանկա թզի մուրաբա էր ուղարկել: Նրանք շնորհակալ էին բարեկամներին և իրենց երկնավոր Հորը, որ պահում էր իրենց:

Հայրս ու մայրս հատկապես մի դեպք էին հիշում, երբ ոչ մի ուտելիք չունեին և շուտ պառկելու գնացին, որպեսզի դատարկ ստամոքսի ցավերը մեղմացնեն: Դրսի երկաթե դուռը թակեցին: Հայրս անմիջապես կոշիկները հագավ, որպեսզի փախուստի պատրաստ լինի, իսկ մայրս գնաց տեսնելու, թե ինչպես զգուշացնեն, երբ ոստիկանությունը գա:

Դրա փոխարեն հայրս լսում է, որ մայրս շնորհակալություն է հայտնում մեկին և հարցնում, թե ինչու է այսպիսի մեծ նեղություն կրել: Երբ վերադառնում է մորս ձեռքին 2կգ գերմանական հաց կար՝ որպես շնորհակալություն մի ընտանիքից, որին հայրս օգնել էր անցյալում:

Հորս միջամտությամբ նրանց որդին գործ էր գտել գերմանական հյուրանոցում և իր առաջին աշխատավարձով այս հացն էր գնել հորս ու մորս համար՝ ներողություն խնդրելով այդպիսի աննշան նվերի համար: Հազիվ թե իմանար, թե ինչպիսի՜ մեծ նվեր էր դա: Շնորհակալ սրտով նրանք ուտում են այդ գիշերվա բաժինը: Այդ հացը շատ օրերի համար էր: Ամեն ճաշի ժամանակ մի շերտ կտրվում էր և բաժանվում չորս մասի: Եթե մի կտորը մյուսներից մի քիչ մեծ էր լինում, դա մորս և սպասվող մանկան բաժինն էր:

Այդ օրերին մեծ բարեկամ ու օգնող էր օր. Աիդա Աշը՝ մի անգլիացի բուժքույր և մանկաբարձ, որ Անգլիայում էր կրթվել և ուսումն ավարտելուց հետո եկել էր Թուրքիա: Պատերազմի այս շրջանում աշխատում էր Հալեպի Ալթունյան հիվանդանոցում: Հայրս նրան թուրքերենի դասեր էր տվել: Թաքստարանում նա հաճախ էր այցելում մեր ընտանիքին, ամեն անգամ առատ նվերներ բերում՝ վեց-յոթ ձու, երբեմն միս կամ լոբի, երբեմն՝ նույնիսկ դրամ:

Հայրս և մայրս շատ շնորհակալ էին այս օգնությունը ստանալու համար, հատկապես որ մոտենում էր իմ ծնվելու ժամանակը:

Պետական ծննդաբերական հիվանդանոցներ չկային, իսկ մայրս չէր կարող մասնավոր հիվանդանոց գնալ: Աշը մորս ասել էր, որ չանհանգստանա՝ ինքն ամեն ինչով կօգնի, երբ ժամանակը գա: Նա իր խոստումը կատարեց. իմ մանկաբարձուհին էր, երբ ես այս աշխարհ եկա:

Տարիներ հետո նա ինձ ասաց, որ ես միակ մանուկն եմ եղել, որի ծնունդն ինքը ընդունել է, թեև ինքը մանկաբարձուհի էր: Զարմանալի չէ, որ հատուկ սեր ուներ իմ նկատմամբ և ինձ իր փոքրիկ մանուկն էր անվանում: Այս ընթացքում հորս փոքր եղբայրը՝ Սեդրակը և նրա ընտանիքը (հինգ հոգի) Հալեպ են հասնում՝ Դեր Զորից  և տիֆից մազապուրծ: Նրանք միացան մեզ. միասին մեկ սենյակում էինք ապրում:

Սեդրակն ու իր կինը գերմանական հյուրանոցի համար չամիչ էին մաքրում: Ամեն մի 10կգի համար որպես վճար 1կգ չամիչ էին ստանում: Մի օր փոքրիկ Պետրոսը դատարկ փորով կանգնած համբերությամբ նայում էր այդ համեղ չամիչներին: Վերջապես չի դիմանում և թաթիկը մեկնում է, որպեսզի մի չամիչ վերցնի: Հայրս անմիապես սաստում է նրան, քանի որ դրանք իրեն չեն պատկանում: Նա հնազանդվում է առանց լացի կամ որևէ ձայն հանելու:

Հայրս նորից տիֆով հիվանդացավ: Մայրս արդեն երրորդ անգամ էր հիվանդանում, իսկ ես մի քանի ամսական էի այն ժամանակ և սուր դիզենտերիայով էի տառապում: Սեդրակ հորեղբայրս և նրա կինը, արդեն տիֆով հիվանդացած լինելով, իմունիտետ ունեին, ուստի սկսեցին  հոգ տանել իմ ծնողներին: Իսկ տատիկս ամեն ինչ անում էր երեխաներին և հատկապես ինձ խնամելու համար: Ինչ տալիս էին, չէր օգնում, և կամաց-կամաց հյուծվում էի:

Բարեբախտաբար մի օր օրիորդ Աշը անսպասելիորեն այցելում է մեզ և տեսնելով, որ մահվան դռանն եմ հասել՝ ինձ հիվանդանոց է տանում: Նա այնտեղ պահում ու խնամում է ինձ՝ մինչև լրիվ առողջանալս ու վերադարձնում իմ ընտանքին: Ինձ տուն բերելիս, բերում է նաև մի քանի տուփ փոշի կաթ, թարմ հավկիթներ և մի քիչ դրամ: Ժամանակ առ ժամանակ նա այցելում է մեզ, որպեսզի համոզված լինի, թե ամեն ինչ լավ է ընթանում: Այնպես որ, ես իմ կյանքով նրան եմ պարտական:

Առաջին պատերազմի վերջում նա՝ որպես միսիոներ բուժքույր, միացավ Եգիպտական առաքելությանը: Ապա օգնում էր Լիբանանում գտնվող հայկական որբանոցին՝ մինչև հանգստի անցնելը, որից հետո վերադարձավ Անգլիա:

Իմ ամուսնությունից հետո էլ նա ապացուցեց իր լավ բարեկամ լինելը՝ ոչ մի բարություն և օգնություն չխնայելով ինձնից:

Վերջին անգամ նրան այցելել եմ 1967թ-ին, Կենտում, իսկ հաջորդ տարին գնացի թաղմանը, երբ երկինք տեղափոխվեց 91 տարեկանում:

Ժամանակ առ ժամանակ այն ժամանակից, երբ սկսեցի անգլերենով քիչ-շատ հասկանալի նամակ գրել, միշտ նամակակցել եմ նրա հետ:

Նա մխիթարության մեծ աղբյուր է ինձ համար: Ես շատ եմ գնահատում նրա հիշատակը և նրա բարությունը և հույս ունեմ, որ ես էլ նրան իր կյանքի վերջին տարիներին մի քիչ ուրախություն եմ բերել:

Ռոդա Քարզվել

«Տապանից դուրս» գիրք, գլուխ տասնիններորդ