Պահպանված՝ որոշված նպատակի համար. Դեյվիդ Ուիլքերսոն

david_wilkersonՄտածեք ձեր սեփական պանդխտության մասին, հայացք գցեք ձեր կյանքի վրա այն օրից սկսած՝ ինչ Հիսուսը ներս մտավ ու փոխեց ձեզ:

Ես վստահ եմ, որ դուք կարող էիք մի ամբողջ գիրք գրել այն բոլոր դեպքերի մասին, երբ Աստված փրկել է ձեզ, ազատել տարբեր իրավիճակներից:

Որքա՞ն հաճախ էիք դուք պատրաստ արդեն դադարել պայքարելուց ու հանձնվել: Որքա՞ն հաճախ եք դուք հայտնվել անդունդի եզրին՝ ռիսկի գնալով, որ եթե անգամ անձնատուր չլինեք էլ մեղքին, ապա կընկնեք հուսահատության մեջ:

Թույլ տվեք հարցնել ձեզ. ինչո՞ւ է Աստված ընտրել հենց ձեզ, որպեսզի պահպանի ու օգնի, այն դեպքում, երբ ձեր շուրջբոլորն այնքան մարդիկ ընկել են: Որ կողմ էլ նայեք՝ տեսնում եք դատարկված կյանքեր, կործանված ընտանիքներ, կոտրված երազանքներ: Սակայն դուք կանգնած եք այստեղ՝ ազատագրված:

Ուրեմն ինչո՞ւ է Տերը պահպանել ձեզ: Ինչո՞ւ հենց ձեր մեղքերը մասսայական ցուցադրության դրված չեն: Ինչո՞ւ Աստված պահպանեց ձեզ կործանումից ու խայտառակությունից:

Նա պահպանեց ձեզ, որովհետև ունի կոնկրետ նպատակ ձեր կյանքի համար: Ի սկզբանե Նա ծրագրել է որոշակի աստվածային աշխատանք, և միայն փորձված և ստուգված հավատացյալը կարող է այն իրականացնել:

Նայեք այն վիճակին, որում գտնվում է հիմա ողջ աշխարհը: Ես տեսնում եմ, թե ինչպես է մեր աչքերի առջև իրականանում Հիսուսի մարգարեությունը. «Եվ նշաններ կլինեն արեգակումը և լուսնումը և աստղերումը, և երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն, ծովը կգոչի և կծփան ալիքները: Որովհետև մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաների սպասելուցը, որ բոլոր աշխարհքի վրա պիտի գան, որովհետև երկնքի զորությունները կշարժվեն» (Ղուկաս 21.25-26):

Պողոսը նույնպես խոսում է այս ժամանակների մասին. «Վասնզի երբ որ կասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը՝ ինչպես ցավը հղիի վրա, և նրանք չեն պրծնի» (Ա Թեսաղոնիկեցիս 5.3):

Պողոսը նկարագրում է մարդկանց, ովքեր ապրում են ապահովության և ինքնաբավարարման մեջ՝ պարծենալով. «Մենք հասել ենք խաղաղության և հանգստի»: Բայց հենց այդ պահին, երբ այդ մարդիկ կզգան իրենց ամենաապահով վիճակում, կգա կործանումը: Հանկարծակի այս աշխարհը, որով նրանք այնքան դողում էին, անհետ կկորչի, և առավոտյան ամբողջ հասարակությունը արդեն վախով բռնված կլինի:

Բայց մենք չպետք է վախենանք: Մեր Տերը պահպանել է մեզ հենց նման ժամանակների համար: Պողոսն ասում է «Մեր Աստված ձեզ արժանի անի ձեր կոչումին և կատարի բոլոր բարի հաճությունը, և հավատքի գործը զորությունով» (Բ Թեսաղոնիկեցիս 1.11): Դուք կանչված եք կատարելու հավատքի գործը, այն գործը, որը ցույց է տալիս Քրիստոսի զորությունը:

Եկել է ժամանակը բոլոր պահպանված հավատացյալների համար՝ բարձրանալու և կատարելու «հավատքի գործը՝ զորությունով», ինչպես գրում է Պողոսը: Հիշե՛ք, թե ինչ ասաց իր եղբայրներին Հովսեփը. «Եվ Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի, և ձեզ ապրեցնի մեծ ազատությունով։ Եվ արդ՝ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված. և ինձ Փարավոնին հայր և նրա բոլոր տանը տեր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրեց» (Ծննդոց 45.7-8):

Մեր Տերը կոչ է անում մեզ կանգնել վախեցած հասարակության մեջ ու դրսևորել ուժեղ հավատք: Մենք պետք է հռչակենք Հովսեփի հայտարարությունը. «Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց… որ… ձեզ ապրեցնի մեծ ազատությունով»:

Երբ այս աշխարհը երերում է ամեն կողմից վրա հասնող աղետներից ու սուգից, Աստված կանչում է հավատարիմ ծառաների՝ պատերազմի համար վարժեցված: Այդ նվիրված մարդիկ վերապրել են մեծագույն փորձություններ իրենց կյանքերում, որոնց մեջ ձեռք են բերել ամուր ու անկոտրում հավատք: Հենց նրանցում է բնակվում Աստծո ուժը:

Այդպիսի ուժը կարող է և այնքան էլ տեսանելի չլինել, այլ դրսևորվել շատ հասարակ կերպով. հանգիստ հոգի, ժպիտ, որը փայլում է խոժոռ դեմքերի ծովի միջից, խաղաղ միտք ու պահվածք՝ այն ժամանակ, երբ ուրիշները դողում են վախից:

Իմ կինը՝ Գվենը, իր կյանքի մեծ մասն անցկացրել է քաղցկեղի դեմ պայքարելով: Նա տարել է բազում վիրահատություններ, և մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ամեն անգամ Նա ազատել ու փրկել է մեզ: Իմ քարոզների ընթերցողները գիտեն Գվենի ծանր ապրումների ու փորձությունների մասին: Եվ շատերը գրում էին մեզ, որ իրենք էլ նման պայքարների միջով են անցնում:

Մի անգամ Գվենը որոշեց գրել սիրո և քաջալերման կարճ ուղերձներ յուրաքանչյուր կնոջ, ով գրել էր մեզ, որ ինքն էլ էր քաղցկեղով հիվանդ: Նրա ծառայությունը մի հանգիստ ու աննկատ աշխատանք էր, բայց այն լցված էր ուժով, որովհետև ծնվել էր չարչարանքների ու փորձությունների միջից: Շուտով Գվենն արդեն սկսեց ստանալ պատասխաններ՝ շնորհակալական խոսքերով. «Շնորհակալություն ձեր նամակի համար: Դուք իմ սրտում մեծ հավատք սերմանեցիք»:

Ողջ ընթացքում մենք Գվենի հետ գիտեինք, որ նա պահված էր ինչ-որ նպատակի համար, և այսօր հարյուրավոր կանայք վկայում են նրա պայքարների մեջ Աստծո նպատակի իրագործման մասին:

Մեծ են կարիքները աշխարհի, որում այժմ մենք ապրում ենք: Եվ այսպիսով, թանկագի՛ն հավատացյալ, ինչպիսի՞ն է Աստծո նպատակը քո կյանքի համար: Հետ նայելով սեփական անցած ճանապարհին՝ տեսնո՞ւմ ես դու արդյոք, թե ինչ պայքարներով է քեզ անցկացրել Աստված: Ինչպիսի՞ փորձություններում է Նա տվել քեզ հաղթանակներ:

Սա կարող է լինել բանալի քո անձնական ծառայության համար: Հնարավոր է՝ Տերը ցանկանում է օգտագործել քեզ այն ոլորտում, որտեղ դու այնքան երկար պայքարում էիր:

Հիշեք՝ ամեն մի ծառայություն գալիս է շփումից: Փնտրեք Տիրոջը աղոթքի մեջ: Հարցրեք Նրան. «Տե՛ր, ի՞նչ է այս ամենը նշանակում»: Նա ցույց կտա ձեզ: Նա պահպանել է ձեզ ինչ-որ նպատակի համար և կանչել է ձեզ, ինչպես Հովսեփին, այս ժամանակի համար, որում մենք ապրում ենք: