Պահիր քո սիրտը

Պահիր քո սիրտըԳոյություն ունի կյանքի աղբյուր, որտեղից բխում է ամեն բան, և այն սրտից է: Ամեն բանի աղբյուրը սիրտն է:

Օրինակ` երբ մենք ատում ենք մեկին, ժամանակի ընթացքում սկսում ենք գործերով ցույց տալ մեր ատելությունը, այսինքն` նախ այն առաջանում է սրտում, հետո վերածվում է գործնականի:

«Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը» (Առակաց 4.23)։

Քանի որ բոլոր լավ և վատ բաները գալիս են սրտից, այսինքն` աղբյուրները սրտից են, Տերը պատվիրում է, որ պահենք մեր սիրտը բոլոր վատ բաներից:

«Եվ այնտեղից ճանապարհը գնալիս, մեկը վազելով եկավ՝ ծունր դրավ, նրան հարցնում էր և ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուսն էլ ասաց նրան. Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չկա, բայց միայն մեկը՝ Աստված» (Մարկոս 10.17-18):

Այս խոսքերում տեսնում ենք, որ երիտասարդն անկեղծությամբ եկավ Հիսուսի առաջ և բարի վարդապետ դիմելով` հարց տվեց: Հիսուսի առաջին պատասխանը կապված էր հենց այդ բարի բառի հետ, այսինքն` Նա ցանկացավ, որ երիտասարդի ուշադրությունը ոչ թե ուղղված լինի շատ բաների, այլ հենց բարի Աստծո վրա, քանի որ Աստված է այդ բոլոր բաները տվողը:

Հիսուսը, այդ ասելով, ցանկանում էր կտրել երիտասարդի հայացքը նրա ցանկություններից և ուղղեր Աստծո վրա:

Աշխարհիկ բաները պետք է մերժվեն մեր կողմից`ինչպես դրանք մերժված էին մեր Տիրոջ կողմից, միգուցե և դրանք լավ բաներ էին, սակայն այդ պահին Տիրոջ կամքով չէին: Տեր Հիսուսը միշտ ուզում է մեր հայացքը կտրի երկրավոր ցանկություններից և այն ուղղի երկնայինին։ Միգուցե մենք մտածենք, որ սրանք լավ բաներ են, և ոչ մի վատ բան չկա սրանց մեջ, բայց Տերն ավելի լավը ունի մեզ համար, այդ իսկ պատճառով Նա միշտ փորձում է օգնել մեզ, որ մեր հայացքը առաջինը ուղղված լինի երկինք դեպի Աստծուն։

«Իրավի որ հասարակ մարդիկ ունայն են և մեծամեծ մարդիկը՝ սուտ. երբ որ կշռի մեջ դրվին՝ նրանք ամեն ունայնությունից ավելի թեթև են» (Սաղմոս 62.9):

Եթե ամեն բան լավ է, բայց կա մի բան, որը պահել ես սրտումդ, եւ այն Աստծուն հաճելի չէ, միգուցե այն լավ բան է և քո սիրելի բաներից է, բայց Աստծուն հաճելի չէ, ուրեմն`այդ ժամանակ եթե քո սիրտը կշռվի, թեթև ու Աստծո կամքին հակառակ կգտնվի:

Ի՞նչն է այդ մի բանը քո սրտում: Եթե կա մի բան, որը դեռ գործի չի վերածվել, բայց դու պահել ես այն քո սրտում, ուրեմն` հանիր այն, խաչդ վերցրու ու քայլիր Հիսուսի ետևից, քանի որ եթե չհանես քո սրտից, մի օր այն կհեռացնի քեզ Աստծուց:

Խաչը բարձրանալու օրն այսօր է. Տերը կշռում է սրտերը։

Արտավազդ Թադևոսյան