Մի՞թե Աստծո պահանջները փոխվել են մեր սրբության նկատմամբ. հովիվ Արարատ Պողոսյան

հովիվ Արարատ Պողոսյան«Արդ, եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով…» (Եբրայեցիս 10.19):

Սա Աստծուց քրիստոնյաներին տրված մեծագույն առանձնաշնորհում է:

Որովհետև Հիսուս Քրիստոսը Իր Խաչով և Արյամբ պատռեց տաճարի վարագույրը՝ մի կողմ նետելով Աստծո և մարդկանց միջև եղած թշնամությունը:

Եվ այսօր մենք ունենք մեծ արտոնություն՝ կանգնել Սուրբ Աստծո առջև:

Հին Կտակարանյան ժամանակաշրջանում, բացի քահանայապետից, ոչ ոք իրավունք չուներ մտնել Սրբության Սրբոցը: Նա էլ դա իրավունք ուներ անելու միայն տարին մեկ անգամ:

Դարեր շարունակ Սրբության ճանապարհը փակ էր, և դրա հիմնական պատճառն այն էր, որ մեղավոր մարդը չէր կարող կանգնել Սուրբ Աստծո առջև, իսկ եթե մարդը փորձեր դա անել, ուղղակի կմեռներ:

Ղևտացիս 16-րդ գլխում նկարագրված է, թե քահանայապետը ինչպիսի ակնածանքով և մեծագույն երկյուղածությամբ պետք է ներկայանար Աստծո առջև:

Աստծո հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար նա ուներ մեկ տարի ժամանակ, և որքան մոտենում էր հանդիպման պահը, այնքան ավելի էր բարձրանում պատասխանատվության զգացումը: Նա պետք է խորապես ապաշխարեր իր մեղքերից: Նույնը պիտի աներ նաև իր ընտանիքը:

Վերջում ապաշխարության կոչով պետք է դիմեր Իսրայել ժողովրդին: Նա պետք է հանդերձավորվեր սրբության հանդերձներով, լվացվեր ավազանի ջրով, զոհաբերությունների միջոցով քավություն աներ: Այս ամենը քահանայապետը կատարում էր մեկ պատճառով, որպեսզի երբ կանգներ Սուրբ Աստծո առջև սուրբ գտնվեր, հակառակ դեպքում Աստված նրան կխփեր և նա կմահանար: Աստված լույս է և Նրա մեջ բնավ խավար չկա: Մեղքը Նրա ներկայության մեջ տեղ չունի:

Ուսումնասիրելով Աստվածաշունչը, կնկատենք, որ Աստծուն հանդիպող գրեթե բոլոր աստվածապաշտ մարդիկ վախի մեծ ճիչ են արձակել: Եվ ամեն անգամ Աստծո հետ ունեցած զորավոր հանդիպումներից հետո, զարմանալով ասել են. «Տեսանք Աստծուն և մեր անձը ողջ մնաց»:

Այսօր մենք Հիսուսով քահանաներ ենք, և որպես քահանաներ Սուրբ Աստծո առջև կանգնելուց առաջ պետք է ունենանք այն նույն զգացումները, ինչ ունենում էին քահանայապետերը՝ այն նույն երկյուղածությունն ու ապաշխարությունը:

Մի՞թե Հին Կտակարանյան և Նոր Կտակարանյան ժամանակաշրջանի Աստված նույն Աստվածը չէ: Կամ մի՞թե փոխվել են Նրա պահանջները մեր սրբության և արդարության նկատմամբ: Չէ՞ որ մեր Աստվածը նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Ահարոնը և նրան հաջորդած քահանայապետերը տարին մեկ անգամ կարող էին մտնել Աստծո ներկայության մեջ, սակայն այսօր մեզ համար այդ ներկայությունը միշտ բաց է:

Մենք պետք է համոզված լինենք, որ սրբության օրենքը այսօր էլ գործում է նույն զորությամբ՝ մեղավոր մարդը չի կարող կանգնել Աստծո առջև, այլապես կմեռնի:

Տաճարը բաղկացած էր երեք մասից՝ Գավիթ, Սրբություն և Սրբության Սրբոց: Գավիթում ծառայող քահանաները որոշակիորեն հեռու էին գտնվում Աստծո ներկայությունից, հեռու էին գտնվում նաև մահվան և վտանգի զգացումից: Բայց որքան մոտենում էին Սրբության Սրբոցին, այնքան ավելի էր մեծանում պատասխանատվության զգացումը, Աստծո պատժի զգացումը:

Աստված Մովսեսին պատվիրեց, որ ժողովուրդը երեք օր մաքրվի և փողի ձայնը լսելուց հետո բարձրանա Իր ներկայության մեջ: Բայց ժողովուրդը որոշեց մնալ սարի ստորոտում՝ նախընտրելով թվացյալ ապահովություն, քանի որ վախեցան Աստծուց:

Վախի զգացումը այնքան մեծ էր, որ կարծում էին, թե կմեռնեն: Եվ Մովսեսին ասեցին, որ Աստված միայն նրա հետ խոսի, իրենց հետ չխոսի, և Մովսեսը նրանց կփոխանցի այդ Խոսքը:

Ի հեճուկս Իսրայելի, այսօր Աստծո ներկայությունը բաց է քրիստոնյաների համար: Մենք կարող ենք հաղորդակցվել Աստծո հետ, դա Աստծո շնորհն է մեզ: Սակայն ցավոք սրտի երբեմն այդ շնորհը արժեզրկվում է: Քրիստոնեական հավաքույթները հաճախ վերածվում են համերգների, շոուների:

Ավելի տեղ է տրվում մարմնավոր ուրախությանը, քան հոգիների կոտրվելուն: Կարծես ավելի նախընտրում ենք մնալ Գավիթում՝ ուր պատասխանատվության զգացումը ավելի փոքր է, քան մտնել Սրբության Սրբոց, ուր երբեք չի հանդուրժվում մեղքը:

Մենք մեր աստվածպաշտության արտաքին կերպարանքով ցույց ենք տալիս, թե ամեն օր Սրբության Սրբոցում ենք և վայելում ենք Նրա ներկայությունը: Մինչդեռ միգուցե երկար տարիներ է, որ չենք մտել այնտեղ, գիտակցելով, որ այնտեղ է հոգու դարբնոցը: Այնտեղ կկոտրվես, կողբաս քո և քո ժողովրդի մեղքի համար, և կկրես այն բեռը, որ Տերը քեզ կտա, կհաղորդակցվես Նրա զգացմունքներին: Համոզված եղեք, դա ուժեղ մարդու գործ է: Հիսուսն ասեց, որ Երկինք կմտնեն ուժեղները:

Սրբության Սրբոցում վերջանում են շոուները և ի հայտ է գալիս անկեղծ ապաշխարությունը: Այսօր մեր եկեղեցիները ցավոք լեցվում են ավելի շատ համակարծիք մարդկանցով, քան վերստին ծնվածներով: Ցավոք մենք չենք մտնում Աստծո ներկայության մեջ և մտնողներին էլ արգելում ենք մեր կեցվածքով: Այսօր ժամանակն է սթափվելու և լրջորեն մտորելու այս ամենի շուրջ:

«Ուստի մենք որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը: Մտիկ տանք հավատքի զորագլխին և կատարողին՝ Հիսուսին, որ Իր առաջին դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծո Աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12.1-2):