5 խորհուրդ պատանիներին

5 խորհուրդ պատանիներինԻմ պատանեկությունից անցել է արդեն 15 տարի, ու կամա-ակամա ականատես եմ լինում ժամանակների, սովորությունների ու հնարավորությունների փոփոխություններին, զարգացումներին ու առաջընթացին:

Հիմա բոլորիս շուրթերից էլ կարելի է լսել՝ «Մեր ժամանակներն ուրիշ էր» արտահայտությունը, բայց անցյալն անցյալ է՝ լավ, թե վատ, ուրիշ, թե սովորական, այն արդեն անցյալ է:

Ի՞նչ ունենք այսօր: Զարմանալի է, բայց այսօրվա պատանին օր օրի դառնում է ավելի զբաղված, ժամանակը սկսում է չբավականացնել ու ստիպել պատանուն զբաղված մնալ ողջ օրվա ընթացքում, և կա վտանգ, որ այս զբաղվածության մեջ ընկած՝ երբեմն շփոթենք կարևոր ու անկարևոր բաները:

Մի քանի խորհուրդ, որ կարող է պիտանի լինել յուրաքանչյուրիս, այդ թվում՝ նոր-նոր կյանք մտնող պատանիներին:

  1. Մի՛ ապրիր վիրտուալ կյանքով:

Որքան էլ խոսում ենք ժամանակի ու զբաղվածության մասին, այնուամենայնիվ, նկատելի է, որ պատանիների մեծ մասն իրենց ժամանակի մի հսկա հատված անցկացնում են համացանցում: Ի՞նչ խոսք, այն լավ է՝ թե՛ շփման համար, թե՛ տեղեկությունների ու գիտելիքների համար, սակայն կա մի սահման, որ յուրաքանչյուր ոք պիտի դնի իր համար և փորձի չանցնել այն:

Միշտ հիշի՛ր, որ իրական կյանքը, իրական ընկերությունը, իրական ժպիտն ու հաղորդակցությունն անհամեմատ ավելի լավն են, քան վիրտուալը, ուստի երբեք մի փոխիր վիրտուալը իրականի հետ, երբեք դրանով մի ապրիր, մի՛ տարվիր ու մի՛ կառուցիր օրդ, տրամադրությունդ ու անելիքներդ՝ ըստ ինտերնետի: Ու նաև հիշիր, որ քո գրած մեկնաբանությունը, կարծիքը, քո գցած նկարը տպավորություն է ստեղծում քո մասին, ուստի ուշադիր եղիր, որ չկորցնես քո դեմքը, քո անհատականությունը, չտարվես ընդհանուրի մոլուցքով ու չսկսես ինչ-որ բաներ անել՝ պարզապես «հավանումներ» հավաքելու համար, որովհետև այդ ամենը կեղծ է ու մի գեղեցիկ օր կարող է վերանալ: Գնահատիր իրակա՛նը:

  1. Երբեմն մի կողմ դիր հեռախոսդ:

Տեսե՞լ եք պատանիների ու երիտասարդների, ովքեր քայլում են, վազում են, պառկում կամ նստում՝ ականջակալներն ականջներին, նրանք սնվում են, պարապում են, մտածում են, խոսում են՝ դարձյալ նույն կերպով, ու ստացվում է, որ մարդու ուղեղին շա՜տ մոտ առավոտից երեկո ինչ-որ երաժշտություններ են: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ մերօրյա պատանիներն ու երիտասարդները գրեթե անգիր գիտեն ցանկացած երգ ու երաժշտություն: Կես կատակ-կես լուրջ մի խոսք կա, ըստ որի՝ պատանիների գլխի 10% պարունակությունը գիտելիքներ ու անհրաժեշտ տեղեկություններ են, 90%-ը՝ երգերի բառեր:

Իհարկե, լավ է երգ-երաժշտություն լսելը, բայց ուշադիր եղիր, թե ինչ ես լսում, ինչով ես լցնում միտքդ, ինչ բառեր են անընդհատ ականջիդ: Ու երբեմն ուղղակի հեռախոսդ մի կողմ դիր՝ ազատվելով թե՛ երգերից, թե՛ համացանցից եկող ու միշտ լարվածության մեջ պահող «ծնգծնգոցներից»:

  1. Կարևորիր քրիստոնեական արժեքները:

Այսօրվա հասարակության համար, թերևս, գնալով ավելի են խորթանում քրիստոնեական, բարոյական արժեքները, պարկեշտություն, համեստություն և սրանց նման շատ այլ հատկանիշներ միտված են նահանջելու և իրենց տեղը զիջելու այն ամենին, ինչ կոչվում է ժամանակակից, ինչը, ցավոք, երբեմն վուլգար է ու անհաճելի՝ սկսած հագուստից, վերջացրած բառապաշարով ու կեցվածքով:

Ուշադիր եղիր արժեքներիդ, սկզբունքներիդ ու որտեղ էլ լինես, մի՛ ձգտիր նմանվել մյուսներին, այլ ունեցիր քո դիրքը, քո սկզբունքն ու քո սրբությունը, ու երբեք դրանք առևտրի մի՛ հանիր: Մի՛ տրվիր հոսանքին ու արա այն, ինչ ընդունված է, գուցե, շատերի կողմից: Եղիր մեկը, ով կտարբերվի իր քրիստոնեական արժեհամակարգով ու սկզբունքներով:

  1. Ունեցիր հոգևոր ընկերներ:

Որքան էլ քո ժամանակի մեծ մասն անցնի դպրոցում, դասերով ու այլ զբաղմունքներով, ուշադիր եղիր, որ ունենաս հոգևոր ընկերներ և ժամանակ անցկացնես նրանց հետ, ունենաս մարդիկ, մտերիմներ, որոնց հետ կարող ես խոսել հոգևոր թեմաներից, որոնց կարող ես խնդրել աղոթել քեզ համար, կանգնել կողքիդ անհրաժեշտ պահին, և, ինչո՞ւ չէ, միասին աղոթեք ձեր անապաշխար ընկերների համար:

  1. Աստվածաշունչ շատ կարդա:

Էրազմ Ռոտերդամցին (1467-1536) Սուրբ Գրքի նշանակության մասին գրում է. «Աստվածաշունչը պիտանի է անխտիր բոլորին: Այն մատչելի է փոքրերի հասկացողությանը, սնում է նրանց մայրական կաթով, ջերմացնում ու սատարում նրանց ուժերը և ամեն ինչ անում մինչև Քրիստոսի հասակին հասնելը: Բայց եթե այն մատչելի է փոքրերին, մյուս կողմից էլ` մեծերի զարմանքի առարկան է. փոքրերի համար փոքր է, մեծերի համար` անչափ մեծ: Գիրքը չի մերժում ոչ մի տարիք, ոչ մի սեռ, ոչ մի հասարակական դիրք և ոչ մի խավ: Արեգակն այնքան ընդհանուր և բաց չէ բոլորի համար, որքան Քրիստոսի վարդապետությունը»:

Այսօր, երբ համացանցը լիքն է ամենատարբեր՝ պիտանի ու ոչ պիտանի նյութերով, Աստվածաշունչը շարունակում է մնալ բարձրագույն արժեք: Ամեն օր ժամանակ տրամադրիր ու ընթերցիր Աստծո Խոսքը, սովորիր ու առաջնորդվիր դրանով: Սուրբ Գիրքը օգտակար է և շինաբեր միայն այն ժամանակ, երբ այն սկսում ես կարդալ, ուսումնասիրել ու սերտել, ուստի բոլոր դասագրքերիդ հետ միասին այն թող միշտ լինի քո սեղանի վրա՝ կրթելու և սնելու քեզ:

Շարունակելի…

Արմեն Նիազյան