1915 թ. Մի ընտանիքի պատմություն. «Այս փոքրիկներից ոչ մեկը չի կորչի»…

1915 թ. Մի ընտանիքի պատմություն. ՅայաԱվետարանական հովվի իրապատում կյանքը 1915թ-ի Ցեղասպանության ժամանակ:

Երեք-չորս տարի առաջ հայրս լուր ստացավ, որ շատ եկեղեցիներ առանց առաջնորդի են մնացել:

Նա խոստացել էր, որ ինչքան հնարավոր է` կօգնի և խոստացել էր, որ իր ամբողջ կյանքում կփորձի ազատ լինել, որպեսզի թափուր պաշտոններ լրացնի:

Երբ Հալեպի պատվելին մահացավ, եկեղեցու երեցները հավաքվեցին ու որոշեցին ծառայությունը հորս առաջարկել, սակայն նա մերժեց՝ ասելով, որ դժվար չի լինի նոր պատվելի գտնելը, քանի որ Հալեպի եկեղեցին մեծ էր և շատ անդամներ ուներ:

Ապա մի ուրիշ հարմար առաջնորդի անուն էր տվել:

Աքսորի և ջարդերի հետևանքով շատ մեծ թվով հայ որբեր կային, որոնց մեծ մասը բերված էր Հալեպ: Մի մեծ որբանոցի պատասխանատուներից մեկը գերմանական միսիոներուհի օրիորդ Ռոներն էր: Երբ նա իր պաշտոնը ստանձնեց, պետք է պայմանավորվեր Հալեպի կառավարչի հետ, որ չխոչընդոտի որբերի տեղափոխությանը:

Քանի դեռ հայրս թաքնված էր, լուր եկավ, որ կառավարիչը օրիորդ Ռոներին հրամայել է պատսպարել որբերին Դեր էլ Զորի մոտ գտնվող մի ճամբար տեղափոխելու համար: Սա այն վայրն էր, որտեղ արդեն հարյուր հազարավոր գաղթականներ էին սպանվել, և այս լուրը ցնցումով ընդունեցին:

Որբերը՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, կարող էին իրենց ճակատագիրը գուշակել և արցունքներով պատրաստվում էին մեկնելու: Օրիորդ Ռոներն իրեն միանգամայն անօգնական էր զգում: Միայն կարող էր աղոթել:

Սակայն իր խնամակալների համար աղոթելիս նա մենակ չէր: Հայրս, իր ընտանիքը և ընկերները ամբողջ օրը ծոմ պահեցին ու աղոթեցին: Այդ գիշեր տեղատարափ անձրև եկավ, և բոլորը խաղաղության անսովոր զգացում ունեին: Կարծես երկնային խաղաղություն էր իջել նրանց վրա: Հաջորդ երեկո լուր հասավ, որ կառավարիչը փոխել է իր միտքը, և որբերը կարող են մնալ:

Որոշ ժամանակ հետո օր. Ռոները հորս այցելեց իր թաքստոցում և հարցրեց, թե կցանկանա՞ արդյոք որբերի «հայրը» լինել: Հայրս, իհարկե, հատուկ սեր ուներ անհայր ու անմայր երեխաների նկատմամբ: Չէ՞ որ ինքն էլ վաղ տարիքում կորցրել էր հորը: Նա ընդունեց այդ առաջարկը:

Նորից ազատության մեջ լինելու ուրախությունը շատ մեծ էր հորս համար: Երբ առաջին անգամ միացավ որբերի պաշտամունքին, նրանց երգերը լսելիս՝ արտասվում էր՝ շնորհակալությամբ լի սրտով:

Մինչ այդ տեղահանությունն ավելի ու ավելի մեծ չափսերի էր հասնում: Կառավարությունը 80 ոստիկան էր նշանակել, որոնց գործը թաքստոցում գտնվող հայերին փնտրելն էր: Նրանք գիշերային խուզարկումներ էին կատարում. շատերը բռնվեցին և ուղարկվեցին անապատում մեռնելու: Նույնիսկ հորս պես թույլտվություն ունեցողները վախի ու դողի մեջ էին ապրում:

1917-ին որբերից մի խումբ տղաներ Հալեպի որբանոցից տեղափոխվում են Լիբանանի որբանոցը: Կառավարությունը Հալեպի գաղթականների վրա նոր տնօրեն է նշանակում: Տնօրենը՝ Հակի Բեյը, խիստ դաժան, բռնակալ մի մարդ էր, մոլի թմրամոլ ու հարբեցող: Երբ դրամ չէր ունենում, փորձում էր դրամ շորթել: Նա ասել էր օրիորդ Ռոներին, որ հազար վեց հարյուր որբեր, նաև՝ նրա խնամքի տակ եղողները, պետք է աքսորվեն: Դա անում էր, որպեսզի կաշառք ստանա:

Օրիորդ Ռոները, սակայն, համոզված լինելով, որ կաշառք տալը մեղք է և սխալ, մերժում է որևէ գործ ունենալ սրա հետ: Հեկի Բեյը ամբողջովին կտրում է նրանց հացի պաշարը, բայց օրիորդ Ռոներին հաջողվում է որոշ պաշար ստանալ գերմանական հյուպատոսից:

Ի Վերջո Հակի Բեյը կարողանում է իր ասածն անել, և հրաման է տալիս բոլոր որբերին տեղահանել, բայց ոչ թե Դեր Զոր այլ Թուրքիա: Երեխաների համար նոր համազգեստ է կարվում: Նրանցից շատերը, հասկանալով, թե ինչ է սպասվում, փորձում են պատուհաններից՝ 20 ոտնաչափ բարձրությունից ցատկել ու փախչել:

Տեղահանման առավոտյան, վստահ լինելու համար, որ ամեն ինչ կարգին է, Հակի Բեյը գալիս է մանկատուն: Հորս ընտանիքը որբանոցում էր ապրում, և հայրս խիստ պատվիրում է մորս ու տատիկիս, որ ոչ մի դեպքում դուրս չգան և չտեսնեն որբերի գնալը:

Որբերը շարված էին օրիորդ Ռոների և աշխատողների հետ: Հակի Բեյը քննում է բոլորին, և երբ մոտենում է հորս, հայրս զարմանքով լսում է մի ձայն, որ նրա ետևից ասում է. «Տե՛ր, խնդրում եմ իմ որդուն»: Ետ դառնալով՝ նա տեսնում է տատիս: Նրա սպիտակ մազերը ծածկում էին գլուխն ու դեմքը: Նա ամբողջ գիշեր աղոթքով ու արցունքներով էր անցկացրել և հակառակ հորս պատվերներին՝ դիմում էր տեղահանումը կազմակերպողին:

Զարմանալի կերպով Հակի Բեյը նրա հետ խոսում էր քաղաքավարի ձևով. «Այո՛, բարի մայրիկ, ի՞նչ ես ուզում»:

«Տես, տղա՛ս,- ասում է տատիկս,- այս երեխաները կորցրել են իրենց մայրիկներին ու հայրիկներին: Եվ Աստված քեզ է նշանակել, որ իրենց հայր լինես: Որդի՛ս, դու կվայելես քո կյանքը, եթե հոգ տանես, որ սրանք ողջ-առողջ իրենց տեղը հասնեն: Աստված այդ պատասխանատվությունը քեզ է տվել: Աստված քեզ արդարության ճանապարհներով թող առաջնորդի»:

Հակի Բեյը խոնարհվում է տատիկիս առաջ ու ասում. «Շա՛տ լավ, մայրի՛կ, ես խոստանում եմ: Դու աղոթի՛ր մեզ համար, իսկ ես նրանց նամակ գրել կտամ, երբ Թուրքիա հասնենք»:

Սա տեսնելով՝ հայրս համարձակություն է ստանում և Հակի Բեյին ասում է, որ իրենց սովորությունն է, որ ճանապարհորդություններից առաջ աղոթեն: Թույլ կտա՞:

«Աղոթի՛ր»,- պատասխանում է նա. և մինչ հայրս աղոթում էր, թուրք զինվորներն իջեցնում են իրենց հրացանները:

Այդ առավոտ Հալեպի կայարանում օրիորդ Ռոների որբանոցից երեք հարյուր իննսուն տղա և երեսուն աղջիկ գնացք նստեցին: Երեխաներն ու ուտելիքը ապահով վագոններում տեղադրվեցին:

Մեծ երեխաները հոգ էին տանում փոքրերի համար, որբանոցի թուրք աշխատողները հոգում էին մեծերի կարիքները, իսկ Հակի Բեյը հսկում էր բոլորին:

Երբ գնացքը կանգնում էր, նա քայլում էր գնացքի երկայնքով, որպեսզի տեսնի, թե ամեն ինչ կարգի՞ն է: «Երեխաներ, լա՞վ եք: Գիտեք, որ խոստացել եմ այն մայրիկին, որ ձեզ պաշտպանեմ»:

Այսպիսի տարօրինակ փոփոխություն կատարվեց այս մարդու հետ:

Երբ երեխաները գնացք էին բարձրանում, օրիորդ Ռոները արցունքների միջից տեսիլք է տեսնում. գնացքի ամբողջ երկարությամբ մեծ տառերով գրված էր. «Այս փոքրիկներից ոչ մեկը չպիտի կորչի»:

Այս տեսիլքը նրան որոշ մխիթարություն է տալիս, սակայն իր վշտի հետևանքով, հիվանդանում է ու ի վերջո իր տուն՝ Գերմանիա է վերադառնում, որտեղ խորը վշտից տառապում էր:

Երջանիկ լուրն այն էր, որ նրա տեսիլքն իրականացավ: Երեխաներին ցրում են գնացքի ճանապարհին եղող տարբեր քաղաքներում, ու նրանցից ամեն մեկը կենդանի էր պատերազմից հետո: Շատերը վերադառնում են հայկական բնակության վայրեր: Իմ հայրը նրանցից շատերին հանդիպել է Ադանայում:

Նա կարողանում է մի ուրիշ գերմանացի միսիոների միջոցով լուր ուղարկել օրիորդ Ռոներին ու հավաստիացնել նրան, որ բոլոր 420 որբերն էլ ապահով են: Ոչ մեկը չի կորել: Ոմանց, իրոք, առաջարկել էին մուսուլմանություն ընդունել, բայց ոչ ոք չէր ընդունել:

Երբ օրիորդ Ռոները լուրը լսում է, արտասվում է. «Թող Աստված ների ինձ հավատիս պակասի համար,- ասում է նա,- ես հավատում եմ Աստծուն, որ ասաց. «Այս փոքրիկներից ոչ մեկը չի կորչելու»: Այժմ կարող եմ Սիրիա վերադառնալ»:

Օրիորդ Ռոները 1929 թվին վերադառնում է Հալեպ: Նա վկայում է շատ եկեղեցիներում ու շատերի փրկության պատճառ դառնում:

Ռոդա Քարզվել

«Տապանից դուրս» գիրք, գլուխ տասնյոթերորդ