Զրույց հեղինակի հետ. Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը թարգմանվել է անգլերեն

Զրույց հեղինակի հետ. Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը թարգմանվել է անգլերեն2013 թ-ին հայ ընթերցողի գրասեղանին հայտնվեց Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը, որը շատ կարճ ժամանակում հասցրեց սիրվել ընթերցողի կողմից և դառնալ ցանկալի նվեր ու պահանջված գրականություն:

Դանիել Հովեր կեղծանունով հանդես եկող հեղինակը, նույն ինքը՝ Արման Մանուկյանը, խոսելով գրքի մասին, նշում է.

«Այն, ինչ գրված է գրքում, գրեթե ամբողջությամբ ես տեսել եմ տեսիլքով՝ ֆիլմի նման: Իմ պատկերացման մեջ սա ավելի շուտ ֆիլմ է, քան գիրք: Ես այդպես եմ տեսել: Ես ուղղակի շարադրել եմ այն, ինչ տեսել եմ իմ երևակայության մեջ: Երբ սկսել եմ գրել գիրքը, անգամ չեմ իմացել, թե ինչպես է այն ավարտվելու»:

Եվ ահա այսօր, գրքի հրատարակումից 4 տարի անց, երբ գրախանութներում վաղուց սպառվել են գրքի օրինակները, տեղեկանում ենք մեկ այլ նորության մասին. «Թինկապահը» թարգմանվել է անգլերեն լեզվով և արդեն հասանելի է ԱՄՆ-ի և ողջ աշխարհի անգլախոս ընթերցողների համար:

Գրքի անգլերեն թարգմանության, աշխատանքների ու ապագայի ծրագրերի մասին զրուցելու համար CrossNews.am-ը հյուրընկալեց գրքի հեղինակ Արման Մանուկյանին:

Զրույց հեղինակի հետ. Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը թարգմանվել է անգլերեն– Կհիշեցնե՞ք ևս մեկ անգամ մեր ընթերցողին, թե ինչի մասին է գիրքը:

– Գիրքը պատմություն է փարավոնի թիկնապահի մասին՝ Մովսեսի և Ահարոնի, Եգիպտոսին հասցված տասը հարվածների ժամանակաշրջանում: Այն մի պատմություն է, որը մեր ժամանակներում պատմում է Եգիպտոսում բնակվող մի Անանուն Ուխտավոր: Այսինքն՝ գրքում միահյուսված են մեր ներկա ժամանակն ու 4000 տարի առաջ կատարվող դեպքերը: Վերջում թիկնապահը թողնում է իր դիրքը, իշխանությունը, մարդկանց կարծիքն ու միանալով Մովսեսին՝ դուրս գալիս Եգիպտոսից:

– Ի՞նչ է տվել գիրքը ընթերցողին: Ո՞րն է Ձեր նպատակը՝ որպես գրող:

– Անանուն Ուխտավորը հյուր է գալիս Հարության տոնակատարության ժամանակ, և նկարագրված դեպքերը, պատմությունը նա պատմում է մի երեկոյի ընթացքում: Նա ներկայացնում է հենց Հարության տոնի իմաստը: Ընթերցողը, կարդալով գիրքը, տեղափոխվում է Եգիպտոսի մշակույթ, և դրա հետ միասին հասկանում՝ ի՞նչ է նշանակում գառան մորթվելը, տասը հարվածները, եգիպտական կուռքերի սին լինելը: Այդ ամենում զուգահեռներ են անցկացվում այսօրվա մեր իրականության հետ, և ընդհանուր առմամբ՝ այն հույս է փոխանցում:

– Ինչպե՞ս որոշեցիք գիրքը թարգմանել անգլերեն:

– Գիտեք, գրքի գրվելը եղել է շատ «տարօրինակ» կերպով: Ես գրել եմ արագ, մի շնչով՝ առանց նախապես որոշելու, որ պետք է գիրք գրեմ: Անգամ երբ գրում էի առաջին գլուխը, չգիտեի ինչպես կավարտվի այն: Շատերն են ասում, որ այն ավելի շատ նման է ֆիլմի, որ գրավում է ընթերցողին միանգամից:

Գիրքը գրելիս արդեն գիտեի, որ այն պիտի թարգմանվի անգլերեն: Սա տեսիլքի պես մի բան էր: Եվ այսօր, փառք Աստծո, գիրքը թարգմանված է անգլերեն լեզվով և հասանելի է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ամբողջ աշխարհում: Այսօր արդեն կարող են գնել գիրքը հայտնի էլեկտրոնային խանութներից նաև Հայաստանի անգլիախոս ընթերցողները, թեև, պահանջարկ լինելու դեպքում, կարելի է այստեղ ևս գրախանութներում վաճառել անգլերեն տարբերակը:

Զրույց հեղինակի հետ. Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը թարգմանվել է անգլերեն– Տարբերվո՞ւմ են արդյոք գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները: Կա՞ն փոփոխություններ:

Գիրքը չունի հարանվանական տարբերակումներ, չունի ազգային մոտեցումներ, այդ իսկ առումով այն մատչելի է թե՛ հայախոս լսարանին, թե՛ անգլախոսին: Միակ փոփոխությունը, թերևս, վերնագրի փոփոխությունն է՝ Թիկնապահը դարձել է Փարավոնի թիկնապահը, ու նաև տարբեր է գրքի շապիկը, որ արվել է հենց ԱՄՆ-ում:

– Կա՞ն այլ ծրագրեր, նոր գիրք: Ստեղծագործական ի՞նչ ուղիով է անցնում այսօր հեղինակ Արման Մանուկյանը:

Հաջորդ գրքի գաղափարը կա, նախաբանն էլ արդեն կա, գրում եմ շուրջ երկու տարի: Գիրքը կոչվում է «Կույրերի քաղաքը», որ մի քիչ նաև սյուրռեալիստական ոճի մեջ է: Այս պահին որոշակի դադար է, և մի փոքր անց դարձյալ կշարունակեմ աշխատել գրքի վրա:

– Ի՞նչ արձագանքներ կան հայկական լսարանից:

Արձագանքները շատ դրական են և ոչ միայն հավատքի մարդկանցից: Այն տալիս է շատ հարցերի պատասխաններ, մարդիկ պատկերացում են կազմում Հարության տոնի, հրեական ավանդույթների մասին: Գրքում կա Ավետարանի ուղերձ, և նպատակս է եղել, որ այն դրական ազդեցություն ունենա մարդկանց վրա՝ ի շահ Քրիստոսի:

Զրույց հեղինակի հետ. Դանիել Հովերի «Թիկնապահը» գիրքը թարգմանվել է անգլերենՈւրախալի է, երբ Աստծո շնորհով և օրհնությամբ ստեղծվում են արժեքներ, գրքեր, որոնք կարող են կյանքեր փոխել: Ուրախ ենք, որ հայ հեղինակի գիրքը թարգմանվում է անգլերեն և հասանելի դառնում նաև մեր երկրից դուրս:

Շնորհակալ ենք Արման Մանուկյանին հաճելի զրույցի համար, շնորհավորում ենք գրքի անգլերեն թարգմանության և տպագրության առիթով և մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ ու վերելքներ:

Վերջում ներկայացնենք նաև անգլերեն թարգմանության ամերիկացի գրաքննադատի կարծիքը գրքի մասին.

«Այս քրիստոնեական արձակ պատմությունը, որ հիմնվում է Ելից գրքում ներկայացված դեպքերի վրա, նախ սկսվում է Եգիպտոսում բնակվող մի ընտանիքից, որին այցելում է մի տարօրինակ ճամփորդ, ով ունի իր պատմությունը: Նա պատմում է Եգիպտոսի փարավոնի թիկնազորի խիզախ հրամանատարի մասին, ով անհավատալի մի փորձության է բախվում, երբ իր հորեղբորը սպանողը՝ Մովսեսը, վերադառնում է Եգիպտոս:

Գրքի ուժեղ կողմերը.

  • Վեպը սկսվում է հուզմունքի և խուճապի խոսքերով, ինչը միանգամից գրավում է ընթերցողի ուշադրությունը, այնպես, որ վերջինս հետաքրքրված լինի իմանալու, թե ինչ է Եգիպտոսում իրարանցման պատճառը, և ինչպես է այն առնչվում Մովսեսի ժամանակներին:
  • Հեղինակը արտահայտիչ կերպով կյանքի է կոչում կերպարները՝ պատկերավոր մանրամասների և համապատասխան հույզերի ներկայացման շնորհիվ, որոնք արտահայտում են ամենը, ինչի միջով անցնում են կերպարները: Հելեմի վրեժխնդրության որոնումներն իր հորեղբոր սպանության համար և պայքարը, երբ վերջինս տեղեկանում է, որ Մովսեսը Եգիպտոսում է, օրինակն են հույզերի դրսևորման, որոնք կերպարներն իրենց էությամբ իրական են դարձնում:
  • Զուգահեռները, որ տարվում են Մովսեսի ժամանակների Եգիպտոսի և մեր օրերի Եգիպտոսի միջև, հստակորեն միտված են զգուշացնելու ընթերցողին, որ այն չարչարանքները, որոնք եգիպտացիրները կրել են Մովսեսի ժամանակներում, կիրականան նաև ներկա օրերում: Այս պատմությունը գրի առնելու և դրանով կիսվելու Գիպտայի ձգտումը անդիմադրելի պատճառ է՝ քաջալերելու ընթերցողներին նույնպես օգնել ուրիշներին ճանաչել Աստծուն»:

Ի դեպ՝ Արման Մանուկյանը նշեց, որ շուտով հայ ընթերցողի համար հասանելի կլինի գրքի էլեկտրոնային տարբերակը՝ անվճար, իսկ անգլերեն գրքի ֆեյսբուքյան էջին հետևել կարող եք այս հղմամբ՝ facebook.com/TheBodyguardofthePharaoh/:

Զրուցեց Արմեն Նիազյանը