Մենք խնդրում էինք Աստծուն, որ Նա մեզ երեխա պարգևեր. վկայություն

Մենք խնդրում էինք Աստծուն, որ Նա մեզ երեխա պարգևեր. վկայությունԱմեն բան սկսվեց մեր ամուսնությունից հետո: Ես և Անդրեյը շատ ուժգին սիրել և սիրում ենք միմյանց: Ամուսնությունից անմիջապես հետո մենք տեղափոխվեցինք Պորտուգալիա լավ կյանքի որոնումներով, որպեսզի գումար վաստակեինք ու կառուցեինք մեր տունը: Թվում էր, թե ոչինչ չի կարող խամրեցնել մեր երջանկությունը:

Սակայն որոշ ժամանակ անց մենք բախվեցինք լուրջ խնդիրների մեր հարաբերություններում. ոչ մի կերպ չէինք կարողանում երեխա ունենալ, և մեր երջանկությունը լիարժեք չէր:

Բազմիցս տարբեր հիվանդանոցներ ու կլինիկաներ էինք հաճախել՝ օգնություն ակնկալելով բժիշկներից, ընտանեկան պլանավորման կենտրոն էինք դիմել, բայց ժամանակն անցնում էր, իսկ ես այդպես էլ չէի հղիանում:

Ես էլ, Անդրեյն էլ ունեցել ենք հավատքով ծնողներ, մենք երկուսս էլ գիտեինք «Հայր մեր» աղոթքը: Եվ մենք խնդրում էինք Աստծուն, որ Նա մեզ երեխա պարգևեր:

Այդ ընթացքում մեր ծանոթներն ու ընկերները, ովքեր ամուսնացել էին մեզ հետ զուգահեռ, անգամ մեզնից ավելի ուշ, արդեն երեխաներ ունեին, և մենք շատ էինք տառապում, երբ մեզ հարցնում էին, թե ինչին ենք մենք սպասում: Մենք հոգնել ու նյարդային էինք դարձել նրանց տարբեր կատակներից ու ակնարկներից:

Այդ իրադարձությունների ազդեցությամբ մեր տուն մտավ դեպրեսիա կոչվածը: Մենք չէինք հասկանում, թե ինչպե՞ս կարող էր Աստված երեխա պարգևել այնպիսի ծնողների, ովքեր ամիսներ առաջ էին դիմել արհեստական վիժեցման: Իսկ մենք, լինելով հավատքով մարդիկ, գիտեինք, որ արհեստական վիժեցումը մեղք է, մենք երբեք չէինք դիմի նման քայլի, բայց Աստված մեզ երեխա չէր պարգևում:

Եվ այսպես, ժամանակն անցնում էր, մինչ մի աներևակայելի դեպք պատահեց ինձ հետ: Գիշեր էր, ես քնած էի, և հանկարծ քնիս մեջ լսում եմ մի ձայն, որն ասում է. «Աղոթի՛ր…»:

Դա մի ահարկու ու սպառնացող ձայն չէր: Ո՛չ: Դա տղամարդու փափուկ, ցածր ձայն էր, որը առանց հրամայականի, պարզապես սիրով ու խոնարհությամբ խնդրում էր. «Աղոթի՛ր…»:

Հանկարծ ես հասկացա, որ դա Աստված է: Միայն Նա կարող էր իմանալ, որ ես այնքան երկար չէի աղոթել, և միայն Նրա համար էր կարևոր ինձ հետ շփումը:

Առավոտ կանուխ ամուսնուս աշխատանքի ճանապարհելուց հետո ես անմիջապես ծնկի եկա սենյակում և սկսեցի աղոթել: Աղոթում էի իմ բառերով, ինչ որ դուրս էր գալիս սրտիս խորքից, արցունքներս թափվում էին առվակների նման: Ես ամաչում էի Աստծո առջև այն բանի համար, որ չարացել էի, որ նախանձում էի ուրիշներին: Երկար աղոթեցի՝ լացելով ու ներողություն խնդրելով Աստծուց: Աղաչում էի, որ Տերը օգնի ինձ, այլապես իմ կյանքը առանց Նրա կործանված էր:

Աղոթքից հետո զգացի, որ սրտումս այլևս չկար դատարկություն ու անհանգստություն, ասես ծանր քար էր ընկել ուսերիցս, և ես ներեցի մեր բոլոր ծանոթներին, ովքեր ցավ էին պատճառել մեզ իրենց տարբեր հարցերով:

Հետո որոշեցի մի փոքր էլ պառկել անկողնում, քանի որ դեռ շատ վաղ էր: Միացրեցի հեռուստացույցը, որպեսզի նայեի մի սերիալ, որը միշտ նայում էի: Ձայնը բարձրացնելու համար ես սեղմեցի հեռակառավարման վահանակի կոճակը, սակայն պարզվեց, որ ուրիշ կոճակ եմ սեղմել, և ձայնը բարձրանալու փոխարեն ուրիշ ալիք փոխվեց՝ քրիստոնեական ալիք, որտեղ հենց այդ պահին մի կին վկայում էր, թե ինչպես է Աստված իրեն երեխա պարգևել երկար տարիների անպտղությունից հետո:

Բնականաբար, ես այլևս չկարողացա փոխել ալիքը՝ իմ սերիալը նայելու համար: Ապշած ուշադրությամբ լսում էի այդ կնոջը և արցունքներն աչքերիս ուրախանում էի նրա համար, այն հաղթանակի համար, որ Տերը տվել էր նրան: Ես արագ թռա տեղիցս, միացրեցի հեռուստացույցի ձայնագրման ծրագիրը, որպեսզի երեկոյան ամուսնուս նույնպես ցույց տայի այդ հաղորդումը:

Հիշում եմ՝ հովիվն ասում էր. «Ելք կա, և դա միայն Աստծո մեջ է»: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ես հասկացա, որ ելք իրոք կա, քանզի Աստված սիրում է մեզ, Նա մահացել է մեզ համար, և Նա մեր Տերն է:

Այդ առավոտ մեր տուն եկավ ուրախությունը, դեպրեսիայից անգամ հետք չէր մնացել: Ամբողջ օրը ես երգում էի երգը, որ լսել էի այդ քրիստոնեական հաղորդման ժամանակ. «Հիսո՛ւս, անունը Քո մեղր է շուրթերիս, Հոգիդ՝ իբրև ջուր ծարավ սրտիս…»:

Վերջապես երեկոյան եկավ Անդրեյը, և դեռ շեմից ես նրան արագ տարա հեռուստացույցի մոտ՝ նայելու այդ վկայությունը: Անդրեյը չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր ինձ հետ պատահել: Նա վաղուց չէր տեսել ինձ այդպես երջանիկ:

Ինչպես ես, նա էլ այդ հաղորդումը նայում էր մեծ ուշադրությամբ: Իսկ երբ վերջում եկավ աղոթքի ժամը, մենք երկուսով ծնկի իջանք և կրկնեցինք ապաշխարության աղոթքը: Չնկատելով, որ հաղորդումը վաղուց արդեն ավարտվել է՝ մենք երկար դեռ աղոթում էինք, լացում միասին Աստծո առջև: Մենք զգում էինք, որ գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, զգում էինք տիեզերքի Արարչի սրբությունը և փուլ գալիս, կոտրվում ու խոնարհվում Նրա առջև:

Մենք մեզ այնքան անմաքուր էինք զգում, մոտ մեկ ժամ արցունքների միջից աղոթում ու ներողություն էինք խնդրում, որ այսքան ժամանակ չենք ճանաչել կենդանի Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկչին: Դա մեր վերստին ծնունդի օրն էր: Այդ օրը մենք նորովի ծնվեցինք՝ որպես լիովին նոր արարածներ, ինչպիսին Նա ցանկացել էր միշտ տեսնել մեզ:

Մինչև ականջները ձգվող ժպիտով մենք պառկում էինք քնելու և արթնանում էինք նույն երջանիկ ժպիտով:

Այդ օրվանից սկսած՝ մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց Աստծո, չենք պատկերացնում անգամ մեկ օր՝ առանց Նրա՝ մեր Տիրոջ հետ շփվելու: Հիմա մենք հասկանում ենք, որ Աստված մեր անպտղությունը օգտագործեց ի բարին՝ մեզ դարձնելու դեպի Իրեն:

Մենք անսահման շնորհակալ ենք Նրան, որ Նա միշտ ճանաչել է մեզ, որ ամեն բան Նրա վերահսկողության տակ է, և Նա խավարի իշխանությունից մեզ հանեց ու դրեց Իր Որդու աննկարագրելի լույսի Արքայության մեջ, որդեգրեց մեզ, տվեց հնարավորություն՝ ունենալ կենդանի հարաբերություններ Իր հետ, տվեց մեզ Սուրբ Հոգու զորությունը և հնարավորություն՝ հավերժ ապրելու Իր հետ:

Աստված արդեն պատասխանել է մեր աղոթքին, և շատ շուտով կծնվի մեր առաջնեկը: Մենք արդեն գիտենք, որ նա աղջիկ է և կոչելու ենք նրան Նադեժդա (հույս)՝ որպես մարմնացում այն հույսի ու ապագայի, որ Աստված ուներ և ունի մեզ համար:

Այժմ մենք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ենք: Մենք գիտենք, որ Աստված կենդանի է, հավատարիմ է, ամենակարող է, և Նա երբեք ամոթով չի թողնում նրանց, ովքեր ողջ սրտով խնդրում ու ապավինում են Իրեն, այլ ոչ թե սեփական մտածողությանը:

Անդրեյ և Նատալյա