Կորսված ադամանդը

Հոգիդ կորցրեցիր՝ ամեն բան կորցրեցիրՄեծ շոգենավի կառամատույցին մի մարդ էր կանգնած: Նա իր ձեռքին մի փայլուն առարկա ուներ, որով խաղ էր անում, օդ էր գցում, բռնում էր, ու այդպես շարունակ: Նավի մյուս ուղևորները, նայելով նրա զվարճանքին, հարցնում են.

- Այդ ի՞նչ է ձեր ձեռքինը:

- Սա թանկարժեք ադամանդ է,- պատասխանում է նա:- Այն կազմում է իմ ողջ ունեցվածքը, որը ես վաճառել եմ, որպեսզի այս ադամանդը ձեռք բերեմ: Այստեղ է իմ ողջ կյանքի ամբողջ աշխատանքը:

- Եթե այդպես է,- ասում է ուղևորներից մեկը,- ապա լավ կանեիք այդչափ թեթևամտորեն չվերաբերվեիք ձեր ողջ կյանքի աշխատանքին:

- Օ՜, սա ինձ համար մեծ հաճույք է, այսպես ես գիտեմ, որ իմ ողջ հարստությունը իմ ձեռքին է,- ժպտալով պատասխանում է նա:

Թե ինչ կատարվեց այդ պահին շոգենավի հետ, պարզ չէր, բայց այն կտրուկ շրջադարձ կատարեց, և մարդը չհասցրեց բռնել հերթական անգամ վեր նետած ադամանդե քարը: Այն բոլորի աչքերի առջև ընկավ ծովը: Այդ մարդու կյանքի ողջ աշխատանքը, որ նա դժվարությամբ վաստակել էր, մեկ վայրկյանում ծովի հատակին հայտնվեց:

Դուք, հավանաբար, կասեք, որ նման դեպք կյանքում կատարվել չի կարող, որովհետև նման հիմար ու թեթևամիտ մարդ չկա, բայց և այնպես, լինում են նման մարդիկ:

Այդ թանկարժեք ադամանդը քո հոգին է, որի հետ դու թեթևամտորեն խաղ ես անում: Եթե կորցնես հոգիդ՝ կկորցնես ամեն բան: Եթե կորցնես մեկ այլ բան, ապա դու կարող ես գոնե փոխարինել այն՝ նվազագույն դեպքում: Բայց հոգու կորուստը անփոխարինելի է: Հոգիդ կորցրեցիր՝ ամեն բան կորցրեցիր: