Քրիստոնյան տեղեկատվական աղմուկի աշխարհում

Քրիստոնյան տեղեկատվական աղմուկի աշխարհումԺամանակակից մարդը գտնվում է տեղեկատվության հոսքի անդադար հորձանուտում: Մենք մշտապես տեսնում ենք գովազդային պաստառներ փողոցներում, տրանսպորտում և հասարակական վայրերում, կայարանների մոտ թռուցիկներ են բաժանում: Բացի այդ շատ ընտանիքներում անդադար միացված է հեռուստացույցն ու ռադիոն, և դա անմիջական ազդեցություն է ունենում մարդու հոգևոր կյանքի ու հոգեբանության վրա:

Ինչպես ցույց են տալիս գիտական ուսումնասիրությունները, մեդիայի տարբեր ալիքների հետ մշտական շփումը ուժեղացնում է տեղեկատվական աղմուկն ու նվազեցնում տեղեկատվության ընկալման սրությունը: Այս տեսակ ընկալումը հատուկ տերմինի է արժանացել՝ «մասնակի ուշադրություն»: Սա, ըստ էության, կայանում է նրանում, որ մարդը մշտապես, բայց ոչ ամբողջովին է ընկալում տեղեկատվությունը՝ նորի  որոնման մեջ:

Այսօր մարդիկ անկախ իրենց գտնվելու վայրից՝ իրենց սարքերի միջոցով միացված են ինտերնետի համաշխարհային ցանցին:

Արդյունքում մարդիկ բախվում են մի վիճակի, որտեղ ծանոթ տեղեկությունը չի գիտակցվում, իսկ նորը, ըստ էության, չի ընկալվում: Այսինքն՝ մարդու ուշադրությունը ցրվում է, բայց նա, միևնույնն է, որոնում է նոր տեղեկություններ, որի կարիքը այնքան էլ չկա:

Տեղեկատվական աղմուկների խնդիրը կայանում է նրանում, որ տեղեկությունների առատության հետևում մարդը դադարում է տեսնել դրա էությունը, չի հասցնում այն մշակել, գտնել պատճառահետևանքային կապը, եզրակացություններ անել ու կայացված որոշումները կյանքի կոչել: Տեղեկատվության առատությունը հանգեցնում է մակերեսայնության, և մարդը կորցնում է ամենակարևոր հմտություններից մեկը, որ տրվել է իրեն ստեղծման օրից՝ շրջապատող աշխարհի գիտակցումը:

Իրականության հանդեպ նման մոտեցումը չի բերի հոգևոր կյանքի շինության: Աստծո հետ հարաբերությունները, աղոթքն ու ընթերցանությունը, քարոզները եկեղեցում պահանջում են ուշադրության մաքսիմալ կենտրոնացում, ինչը հատուկ չէ ժամանակակից մարդուն: Արդյունքում՝ եկեղեցիներում, հատկապես մեծ քաղաքների, մարդիկ մեծ խնդիրների են բախվում հոգևոր կյանքում, որովհետև նրանց ուշադրությունը ցրված է:

Ահա թե ինչու մեր դարում տեղեկատվությունն ընկալվում է ըստ ֆորմալ հատկանիշների (մատուցման ձև, վիզուալ ձևավորում և այլն), ոչ թե օգտակարության կամ կարևորության տեսանկյունից:

Ահա թե ինչու ժամանակակից քրիստոնյաների առջև կա խնդիր՝ սովորելու խորապես գիտակցել տեղեկությունը և գնահատել այն օգտակարության և կարևորության տեսանկյունից:

Առաջին քայլը ստացվող տեղեկատվության քանակի կրճատումն է՝ որակը լավացնելու նպատակով:

Երկրորդ քայլը տեղեկատվության մշակումն ու ընկալումն է, այլապես չմշակված տվյալները ընկճախտի կարող են հանգեցնել:

Երրորդը՝ գնահատել տեղեկատվությունն ըստ օգտակարության: Սա միայն հասանելի է տեղեկությունների հետ աշխատանքի սեփական փորձով: Այսինքն՝ որքան հաճախ է մարդը տեղեկատվություն որոնում ու գնահատում, այնքան ավելի արագ են հայտնվում անհրաժեշտ չափանիշները:

«Ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք»,- գրում է Պողոս առաքյալը:

Մարգարիտա Ժելնակովա