Ավետարանի 3 ճշմարտություն անհանգիստ քրիստոնյաների համար

salt2Ես իմ էությամբ հակված եմ ծրագրելու: Ես հստակ սիրում եմ ծրագրեր նախատեսել մի քանի ամիս նախօրոք, իսկ հետո համակարգված դրանք իրականացնել ու հերթով ջնջել: Ես ջանում եմ արագ ու արդյունավետորեն աշխատել ողջ օրվա ընթացքում և հնարավորինս շատ գործեր անել:

Բայց ես չեմ ընտրել ինձ համար այդպիսի բնավորություն, այլ Աստված է արարել ինձ այդպես, և Նրա ողորմությամբ ես կարող եմ օգտագործել այդ պարգևները, որ լինեմ արդյունավետ ու պտղաբեր իմ ծառայության մեջ: Միևնույն ժամանակ, իմ մեղքերի պատճառով ես հակված եմ գրգռվելու, անհանգստանալու ու նյարդայնանալու, երբ գործերը չեն ընթանում՝ ըստ իմ ծրագրի:

Հասկանալի է, որ ես միակ քրիստոնյան չեմ, ով հակված է անհանգստության: Գուցե դուք նույնպես սիրում եք ծրագրել ամեն բան և պայքարում եք, որ երբեմն մի փոքր նվազեցնեք այդ հսկողությունը: Գուցե դուք դժվարություններ եք ունեցել անցյալում, և մինչ օրս ձեզ բաց չի թողնում վերապրած տառապանքների ցավը: Գուցե դուք անցնում եք ձեր կյանքի խավար մի շրջանով հիմա և վերջում լույս չեք տեսնում:

Ես գիտեմ, որ այսօր շատ են քրիստոնյաները, ովքեր պայքարում են անհանգստության հետ: Կարևոր կետ. Հիսուսը գիտի այդ մասին և կարող է դա բժշկել: Մաթևոս 6-րդ գլխում Հիսուսն ասում է. «Հոգս մի՛ արեք ձեր կյանքի համար» և առաջարկում երեք ճշմարտություն, որպեսզի օգնի մեզ պայքարելու մեր ամենօրյա անհանգստությունների հետ:

  1. Արարչագործության Ավետարան

«Մտիկ արեք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, և ոչ էլ հնձում, և ոչ ամբարների մեջ ժողովում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք նրանցից ավելի լավ եք։ Հիմա ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ի՞նչ եք հոգս անում. մտիկ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում. ոչ ջանք են անում և ոչ մանում։ Բայց ասում եմ ձեզ, թե Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մեջ նրանց մեկի նման չհագավ։ Իսկ թե որ դաշտի խոտը, որ այսօր կա և էգուց փուռն է գցվում, Աստված այնպես է հագցնում, չէ՞ որ շատ ավելի ձեզ, թերահավատներ» (Մաթևոս 6.26-30):

Երբ անհանգստությունն ու տագնապը պարուրում է ձեզ, Հիսուսն առաջարկում է նայել արարչագործությանը: Ֆիզիկական աշխարհում դրված են հավիտենական հիշեցումներ այն մասին, որ Աստված չի թողնում Իր ձեռքի գործը: Երկնքի թռչունները, ծաղիկները և այլ կենդանի արարածները վկայում են Աստծո սիրո ու հոգատարության մասին:

Եթե Տերը հոգ է տանում երկնքի թռչունների ու ծաղիկների մասին, ապա որքան ավելի Նա պետք է հոգ տանի նրանց մասին, ում Ինքը ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ: Եթե Տերը կերակրում ու հագցնում է կենդանիներին ու բույսերին, որոնք չունեն հավիտենական հոգի, ապա որքան ավելի նա հոգ է տանում նրանց մասին, ում Ինքը գնահատեց Իր Որդու թանկագին արյամբ: Դուք ունեք հանգիստ ու խաղաղ լինելու պատճառներ, քանզի արարչագործությունը քարոզում է մեր Աստծո հավատարմության ավետարանը:

  1. Ընտանիքի Ավետարան

«Ուրեմն հոգս մի անեք՝ ասելով, թե ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ» (Մաթևոս 6.31-32):

Ի տարբերություն հեթանոսների՝ քրիստոնյաներն ունեն Երկնային Հայր, Ով հավատարմությամբ և մեկընդմիշտ Իր վրա է վերցրել մեր հոգսերի բեռը: Հեթանոսները զուր չեն անհանգստանում, չէ՞ որ նրանք չունեն վստահություն՝ վերևից օգնություն ստանալու, իսկ քրիստոնյաները չունեն անհագստանալու պատճառ: Մենք ունենք երկնային Հայր, Ով հաստատ գիտի, թե ինչի կարիք մենք ունենք, և միշտ տալիս է մեզ հենց այն, ինչ մեզ պետք է, երբ պետք է և հենց այնտեղ, որտեղ պետք է:

Չիմանալով ձեր իրավիճակի վերաբերյալ մանրամասները՝ համոզվածությամբ կարող եմ ասել հետևյալը. «Եթե դուք չունեք այն, ինչը, ձեր կարծիքով, հենց հիմա պետք է ձեզ, ապա միակ պատճառն այն է, որ հիմա դա ձեզ պետք չէ»:

Անհանգստությունը հեթանոսների գործն է: Բարձրյալ Աստծո զավակները չունեն պատճառ իրենց կյանքի համար անհանգստանալու: Բայց չէ՞ որ մենք ձեզ հետ կարծում ենք, թե ավելի լավ գիտենք, քան մեր Երկնային Հայրը: Իհարկե, մենք դա բացահայտ կերպով չենք հայտարարում, բայց շատ քրիստոնյաներ ապրում են անհանգստության մեջ հենց այդ պատճառով, որ կարծում են, թե իրենք Աստծուց խելացի են:

  1. Արքայության Ավետարան

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ: Ուրեմն էգուցվա համար հոգս մի՛ արեք, որովհետև էգուցվա օրն իր համար հոգս կանի. օրվա համար բավական է իր նեղությունը» (Մաթևոս 6.33-34):

Աստծո Արքայությունը փնտրելու կոչը արդեն իսկ շնորհ է, քանզի միայն երբ մենք Աստծո Արքայությունն ենք փնտրում, մենք ազատ ենք մեր անձնական շահը որոնելուց: Չգիտեմ, թե նկատե՞լ եք արդյոք, որ մեր սիրելի ես-ի «արքայության» և անհանգստության միջև կա ուղիղ կապ: Եթե ոչ բոլոր, ապա ձեր անհանգստությունների մեծամասնությունը արդյունք են ձեր կյանքի ու սրտի գահին բազմելու ջանքերի:

Ինձ հանդիպած մարդկանց մեջ ամենաինքնավստահ մարդիկ նրանք են, ովքեր վստահել են Աստծո հոգատարությանը: Այն քրիստոնյաներից, ում հետ շփվել եմ, ամենահանգիստը նրանք են, ովքեր իրենց կյանքը իսկապես ընծայել են իրենց Հոր կամքին: Եվ ընհակառակը, մարդկանց շրջանում, ում ես խրատել եմ, ամենաանհանգիստը նրանք են, ովքեր առաջնորդվում են երկրային արժեքներով և մոռանում Ավետարանի մասին:

Բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին. մենք ձեզ հետ նույնպես մոռանում ենք: Մենք երբեմն կույր ենք արարչագործության ավետարանի հանդեպ, մոռանում ենք ընտանիքի ավետարանը և անտեսում Արքայության ավետարանը: Այնպես որ, կարիք չկա զարմանալու, որ ապրում ենք անհանգստության մեջ:

Բայց անգամ եթե խորասուզվել ենք անհանգստության մեջ, Հիսուսը չի բղավում մեզ վրա: Նա ձեռքերը թափ չի տալիս և գոռում. «Դե՛, դեն գնացեք բոլորդ: Չեմ կարող հավատալ, որ դուք, հիմարներ, վազում եք աշխարհային կեղծ այդ զբաղմունքների հետևից և ինձ փոխարինել եք դրանցով»: Ո՛չ: Նա մեղմորեն ու համբերատար կերպով գնում է մեզ փնտրելու, իսկ երբ գտնում է, ապա նորից վերադարձնում է հավիտենական, անսահման և գեղեցիկ շնորհի աղբյուրի մոտ:

Փոլ Թրիփ