Աստծո Արքայություն. ինչ է այն և ինչու է մեզ անհրաժեշտ այսօր

kingdom-of-Ավետարաններում Հիսուսը բազմիցս էր կիրառում «Աստծո Արքայություն» հասկացությունը, բայց հստակ մեկնություն չէր տալիս դրան: Եվ ամենը, ինչ կապ ունի Նրա վարդապետության, առաքելության, գործերի հետ, ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունի Աստծո Արքայության հետ:

Ամեն անգամ Հիսուսը Աստծո Արքայության մասին խոսում էր առակներով ու պատմություններով: Դրանք սկսվում էին այսպես. «Աստծո Արքայությունը  նման է…»:

Աստծո Արքայությունը դրախտի ակնկալումն է: Այն մի կողմից Աստծո գերիշխանության դրսևորումն է կամ Աստծո իշխանությունը, իսկ մյուս կողմից՝ Աստծո ներկայությունն է մարդկանց մեջ:

Աստծո Արքայությունը ոչ այլ ինչ է, քան «Ես կլինեմ ձեր Աստվածը» կամ «Ես կլինեմ ձեր Թագավորը, իսկ դուք կլինեք Իմ ժողովուրդը» կամ «դուք կլինեք Իմ զավակները» խոսքերի վերաձևակերպումը: Հիսուս Քրիստոսը ուխտի փոխհարաբերությունները այս հասկացությամբ է ներկայացնում՝ «Դուք կամավոր կերպով ընտրում եք ինձ՝ որպես ձեր Աստված, ձեր Թագավոր»: Այսինքն, «Ես եմ ձեր ապագայի Կատարողը, Ես լցնում եմ ձեր ժամանակը իմաստով ու բովանդակությամբ, եթե դուք հավատում եք և ընդունում այդ իմաստն ու բովանդակությունը»:

Ես կարծում եմ, որ եթե ժամանակակից մարդը ջանում է իր անձի ամբողջական ընկալումն ունենալ, ապա Աստծո Արքայությունից դուրս այդ ընկալումը լիարժեք չի կարող լինել: Եթե մարդը հավատում է, որ ինքը Աստծո կողմից է արարված և հանդիսանում է Աստծո պատկերի ու նմանության կրողը, ապա Նա չի կարող լիարժեք գիտակցել դա՝ առանց Աստծո  ու Նրա ներկայության:

Իսկ երբ մենք հարցնում ենք. «Որտե՞ղ է Աստծո Արքայությունը գտնվում», ապա այն ամենուր է և պարզապես գոյություն չունի, եթե չկա Աստծո ներկայության հանդեպ արձագանք: Այն այնքան է ներկա, որքան մենք խիզախությամբ արձագանքում ենք Նրա ներկայությանը: Այսինքն, սա կախված է նրանից, թե որչափ ենք մենք պատրաստ խելամտությունից դուրս քայլեր անելու այս աշխարհում՝ հանուն Նրա:

Երբեմն ասում են, որ եթե խոսքը Արքայության մասին է, ապա այն պետք է լինի գերիշխանություն, հզոր, հաղթական, պարտության մատնող ամեն մեկին, ով հակառակվում է դրան: Բայց Ավետարանում լիովին այլ պատկեր ենք տեսնում. դա զորություն է, որ դրսևորվում է տկարության մեջ: Դա իմաստություն է, որը դրսևորվում է բանականությունից դուրս, զորություն, որը ծառայում է ոչ թե երևելիներին, այլ տկարներին ու ընկածներին: Դա ներկայություն է, որը փոխակերպում է մարդուն ամբողջությամբ. ոչ միայն հոգևոր վիճակը, այն կերպարանափոխում է ֆիզիկական և սոցիալական վիճակը նույնպես:

Աստծո Արքայությունը չի գալիս բռնի ճանապարհով, և երբ մենք բաց ենք՝ այն ընդունելու, այն կառաջնորդի մեզ: Գուցե ինչ-որ բան անսպասելիորեն կատարվի, գուցե ժամանակ պահանջվի, բայց այն կառաջնորդի մեզ ամբողջական վերափոխմանը:

Աստված յուրաքանչյուրիս համար սահմանել է որոշակի ճանապարհ, որը պետք է անցնենք Նրա հետ, Նրա սկզբունքներով: Եվ անհրաժեշտ է սիրել այդ ճանապարհը, սիրել այդ բեռը, որը պետք է տանենք: Այլաբանորեն արտահայտվելով՝ այդ խաչն էլ հենց Աստծո Արքայությունն է:

Աստծո Արքայությունը ենթադրում է, որ ես վազում եմ դեպի այս աշխարհի խավարը: Բայց ես վազում եմ ոչ թե ամբոխի հետ միասին, այլ վազում եմ ջահը ձեռքիս, որը ես տանում եմ այդ ամբոխի մեջ:

Ինչպես ասում էր իմ հարգելի ռաբբիներից մեկը՝ «Ես կարող եմ կամ կանգնել՝ անիծելով այդ ամբոխին, կամ վառել մոմ և մտնել այդ ամբոխի մեջ»: Ես դեմ եմ, որ բոլորս հեռանանք ամբոխից և փրկենք մեր հոգիները միայնակության մեջ: Չէ՞ որ եթե դու ունես էական, կարևոր մի բան, որ դու այս կյանքում հասկացել ես, ապա կցանկանաս, որ դա ևս մեկ հոգի էլ հասկանա, և կգնաս նրա մոտ, ոչ թե կփախչես նրանից:

Աստծո Արքայությունը չի ներխուժում մեր կյանքի մեջ, այն գալիս է խաղաղությամբ և թակում մեր սրտի դուռը: Կբացենք, թե՝ ոչ, դա մեր որոշումն է:

Աստվածաբան Ֆյոդոր Ռայչինեց