Դարեր են անցել

Դարեր են անցելԴարեր են անցել, սակայն լսվում է
Ճիչը ամբոխի այն խելագարված:
Իրենց պղծության գինով արբեցած,
Ու գոռում են դեռ՝ «Խաչե՜լ Նրան»:

Դարեր են անցել, բայց դեռ տանում ես
Խաչն այդ ծանր, կրում ես լռին,
Կանանց լացերի, ողբերի ներքո,
Նեղ փողոցներով Երուսաղեմի:

Քարշ ես դեռ տալիս, տանում վեհորեն՝
Հայացքդ դեպի Գողգոթա ուղղած:
Դարեր են անցել,
Բայց Հռոմեական զինվորը խուժան՝
Դժգույն հայացքով հսկում է վրադ,
Որ Քեզ ջուր չտան:

Անցել են դարեր, սակայն լսվում է զնգոցը մուրճի,
Եռանդով, փութով, դեռ հարվածում են
Ափիդ մեջ դրած մեխերի գլխին:
Եվ դեռ ծորում է արյունդ խաչից,
Խոցում են կողդ,
Թիկնոցիդ վրա վիճակ են ձգում,
Ավարառուի հոգեբանությամբ տիրանում դրան:

Անցել են դարեր, բայց գերեզմանիդ պահակ են դնում,
Կնքում, հսկում են, անդուլ, անդադար,
Սակայն չգիտեն ու չեն հասկանում՝
Կյանքը չի մեռնում:

Դարեր են անցել ու ժամանակներ,
Վերքերդ թարմ են, իսկ պատմուճանդ
Արյունոտ է դեռ սիրելի՛ Հիսուս:

Անցել են դարեր, սակայն մարդը չար,
Դժկամ, անհոգի, կույր է մնացել,
Իսկ Դու չես լսում
Ճիչը ամբոխի այն խելագարված,
Ողբը հեգ կանանց, զնգոցը մուրճի,
Խաչն այդ ծանր տանում ես լռին,
Անտրտունջ ու մունջ
Դեռ շարունակում ես հայրական սրտով
Միշտ ներել նրանց:

Մարատ Զաքարյան