Աշխարհի մեծագույն անակնկալը. Ջոշ Մաք-Դաուել

Աշխարհի մեծագույն անակնկալը. Ջոշ Մաք-ԴաուելՄարիամ Մագդաղենացին մի կին էր, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Քրիստոսին: Հիսուսը յոթ դև էր հանել նրանից, և այդ վայրկյանից սկսած՝ նա երախտագիտությամբ ու ամբողջ սրտով հետևում էր Նրան: Այդ կինը ֆինանսապես օժանդակում էր Նրան և հավատում, որ Աստված Նրան էր ընտրել՝ հավիտենական խաղաղություն բերելու աշխարհին: Մարիամը կանգնած էր եղել Խաչի տակ և ականատես եղել իր Տիրոջ անարդարացի և դաժան մահապատժին, իսկ հիմա գտնվում էր ծայրահեղ տագնապի մեջ: Նա Հիսուսի ամենանվիրյալ հետևորդներից մեկն էր և, Նրան խայտառակված տեսնելով, անփարատելի կսկիծ էր ապրում:

Այն բանից հետո, երբ հռոմեացի զինվորները պարզեցին, որ Հիսուսը մահացել է, իջեցրին Նրա մարմինը Խաչից և տվեցին մի հարուստ հրեա պաշտոնյայի, ով Նրան թաղեց մի նոր գերեզմանում: Մարիամը, հետևում թողնելով մռայլ տեսարանը, որոշեց թաղման արարողությունն ավարտելուց հետո այցելել Նրա գերեզման: Կիրակի վաղ առավոտյան նա գնաց գերեզման և այնտեղ հանդիպեց ցնցող երևույթի: Ի տագնապ իրեն՝ անարդարացիորեն սպանված Հիսուսի գերեզմանը բաց էր, իսկ Նրա մարմինը չկար: Վախենալով, որ ինչ-որ մեկը, հնարավոր է, գողացել է մարմինը, նա վազեց Հիսուսի երկու աշակերտների՝ Պետրոսի ու Հովհաննեսի մոտ, և պատմեց նրանց՝ ինչ տեսել էր: Հավատ չընծայելով նրան՝ երկու աշակերտներն արագ վազեցին գերեզման՝ անձամբ ստուգելու նրա պատմածի իսկությունը:

Երբ նրանք տեղ հասան, տեսան պատանքը մի կողմ դրված, սակայն մարմինը ոչ մի տեղ չկար: Վախեցած ու շփոթված՝ երկու աշակերտները գնացին տուն: Սակայն Մարիամը վարանում էր հեռանալ: Նա վերջին հայացք գցեց գերեզմանից ներս, և այն, ինչ տեսավ, ցնցեց նրան. երկու տղամարդ՝ փայլուն սպիտակ հագուստներով, նստած էին գերեզմանի ներսում:

«Ինչո՞ւ ես լալիս, ո՛վ կին»,- հարցրեցին նրան հրեշտակները:

«Որովհետև իմ Տիրոջը վերցրել են,- ասաց նա նրանց,- և չգիտեմ, թե ո՞ւր են դրել Նրան» (Հովհաննես 20.13):

Շրջվելով՝ նա շատ ավելի հրաշալի մի բան տեսավ. Հիսուսը կենդանի կանգնած էր ուղիղ իր դիմաց: Բայց, չգիտես ինչու, նա չճանաչեց Հիսուսին և շփոթեց Նրան պարտիզպանի հետ: Մենք, հավանաբար, երբևէ չիմանանք, թե ինչու նա չճանաչեց Հիսուսին: Միգուցե, քանի որ նրա աչքերը լցված էին արցունքով: Կամ, միգուցե, դեռևս մութ էր: Հնարավոր է՝ Աստված պարզապես Հիսուսին ծածկել էր նրա աչքերից, որպեսզի չճանաչի: Հիսուսը նրան տվեց նույն հարցը, որ հրեշտակներն էին տվել.

«Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»:

Դեռևս չկռահելով, թե ում հետ է խոսում, նա մեղմորեն ասաց. «Տե՛ր, եթե դու ես վերցրել Նրան, ասա ինձ, թե ուր ես դրել, որ ես վերցնեմ Նրան» (Հովհաննես 20.16): Մարիամն ամբողջությամբ շփոթված ու տարակուսած էր: Նա ջերմորեն սիրում էր Հիսուսին և ուզում էր Նրան իր վերջին հարգանքի տուրքը մատուցել:

Բայց այդ պահին առանձնահատուկ քնքշությամբ Հիսուսը նրան անունով կանչեց. «Մարիա՛մ»:

«Վարդապե՜տ»,- աղաղակեց Մարիամը՝ միանգամից ճանաչելով Նրան: Նա վազեց Հիսուսի մոտ ցնծագին ուրախությամբ (Հովհաննես 20.16):

Հիսուսը կանգնած էր Մարիամի դիմաց ողջ առողջ, քանի որ մահը չկարողացավ պահել խոստացյալ Մեսիային: Աստված հարություն տվեց Նրան, որպեսզի իրականացնի Իր խոստումը և հավիտենական կյանք բերի այս հիվանդ ու մեռնող աշխարհին:

Դուք կարող եք հարցնել. «Բայց ի՞նչ նշանակություն ունի Քրիստոսի հարությունն ինձ համար: Ի՞նչ կապ ունի երկու հազար տարի առաջ մահացած մարդու մահն ու հարությունը ինձ հետ հիմա՝ քսանմեկերորդ դարում»:

Հարության խոստումն այս է. այն, ինչ տեղի ունեցավ Քրիստոսի հետ, կարող է տեղի ունենալ նաև մեզ հետ: Նրա նման մենք էլ կմահանանք, սակայն հարությունը խոստում է այն մասին, որ մահը վերջը չէ: Նրա հարությունը մեր հարության նախատիպն է: Նա ճանապարհ բացեց դեպի հավիտենական կյանքը, և մեզ ասում է, որ մենք կարող ենք հետևել Իր ոտնահետքերին, իսկ ողջ ճանապարհի ընթացքում Նրա ձեռքը կառաջնորդի մեզ: Հարությունը մեզ հույս է տալիս փառավոր, ցավից ու մահից ազատ ապագայի համար: Դրախտի մասին երազանքները կարող են իրականանալ պատկերացրածի ողջ կատարելությամբ: Խաղաղության, սիրո և ներդաշնակության մեր ամենաճոխ երազանքները կարող են ի կատար ածվել: