Այն մեծ հույսը, որ քրիստոնեությունն առաջարկում է անհույս աշխարհին. Ջոշ Մաք-Դաուել

97d1d3d1Երբ Հիսուսը Խաչի վրա էր, թվում էր, թե ամեն ինչ կորավ: Բայց երեք օր անց մի հարուստ մարդու գերեզմանում Հիսուսը նորից կենդանի հայտնվեց: Այդ նորությունն այնքան ցնցող էր, որ աշակերտները հրաժարվում էին հավատալ, մինչև Նա անձամբ հայտնվեց նրանց ու թույլ տվեց իրենց ձեռքերով դիպչել Իր վերքերին: Այնուհետև Հիսուսն Իր աշակերտներին մի հիասքանչ հայտարարություն արեց. ապագայում նրանք պիտի հարություն առնեին նույնպիսի մարմնով, ինչպիսին Իրենն էր: Մարմիններ, որոնք երբևէ չէին ապականվի, ծերանա կամ մահանա: Նրանք կհասկանային այն միակ մեծ հույսը, որն իմաստ կհաղորդեր առանց դրա անիմաստ գոյությանը: Նրանք մի նոր, հավիտյան կյանք կունենային առանց մահվան ու ցավի՝ իրենց սիրող Աստծո ներկայության մեջ:

Սա այն մեծ հույսն է, որ քրիստոնեությունն առաջարկում է անհույս աշխարհին. հանդերձյալ կյանք Աստծո հետ՝ ազատ վախից և տանջանքից, լցված անսահման ուրախությամբ: Սա ճիշտ այն է, ինչպիսին Աստվածաշունչն է նկարագրում երկինքը: Երկինքն աներևակայելի օրհնություն է: Այն ցնծության ու երջանկության վայր է: Երբ մենք մտնենք երկինք, մենք կասենք. «Սա հենց այն է, ինչի համար մենք ստեղծվել ենք»: Աստվածաշունչը հանդերձյալ կյանքի մասին խոսում է ակնկալությամբ և ուրախությամբ: Քրիստոնյաներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ բոլոր արցունքները կսրբվեն: Երկնքի հանդեպ հավատն այս անհույս աշխարհում մեզ լավ զգալու համար հորինված մի գեղեցիկ հեքիաթ չէ, այս հավատը հիմնված է կուռ ապացույցների վրա:

Երբ մենք ներկայիս ցավն ու տառապանքները դիտարկենք երկնային հավիտենական կյանքի լույսի ներքո, մենք ի վիճակի կլինենք անցնել մեր անհույս թվացող իրավիճակների վրայով: Ինչպես Մայր Թերեզան է համարձակորեն ասել. «Երկնքից նայելիս՝ ամենատառապալից երկրավոր կյանքն անգամ նման կլինի մի վատ գիշերվա, որ անցկացրել եք մի անհարմար հյուրանոցում»:

Մենք կարող ենք քաջալերվել Հիսուսի խոսքերով, որոնք Նա արտասանեց այն ժամանակ, երբ մահն ընդամենը մի քանի քայլ էր Նրանից հեռու. «Աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք՝ ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Դժվարին փորձությունների ժամանակ օգտակար է հիշել, որ մեր հարությունն ընդամենը մի քանի քայլ է մեզնից հեռու: