Եգիպտոս. Պայթյուններ, որ խլեցին ավելի քան 4 տասնյակ կյանք

Եգիպտոս. Պայթյուններ, որ խլեցին ավելի քան 4 տասնյակ կյանքԵրկրի երեսին կատարվող ցանկացած ահաբեկչություն ցավ ու ափսոսանք է հաղորդում:

Ցավ ես ապրում, երբ լսում ես հերթական անմեղ զոհերի մասին, հերթական դիվային ծրագրի մասին:

Թեև մարդկային կորուստն ամենուրեք անդառնալի ցավ է, բայց երբ լսում ես, որ ահաբեկչության թիրախ է դարձել եկեղեցին ու հավատացյալ ժողովուրդը…

Կիրակի՝ ապրիլի 9-ին, երբ տոնվում էր Ծաղկազարդի տոնը, ԶԼՄ-ները տարածեցին հերթական ցավալի լուրը՝ Եգիպտոսում պայթյունների հետևանքով մարդիկ են զոհվել:

News.am-ը, հղում տալով BBC-ի ռուսական ծառայությանը, գրում է.

«Առնվազն 43 մարդ է զոհվել Ծաղկազարդի կիրակի երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Եգիպտոս. Պայթյուններ, որ խլեցին ավելի քան 4 տասնյակ կյանքԱռաջին պայթյունը որոտացել է Թանթա քաղաքի Սուրբ Գևորգ ղպտիական եկեղեցում, որը Ալեքսանդրիայից 130 կմ հյուսիս-արևելք է գտնվում: Այնտեղ տեղում 27 մարդ էր զոհվել:

Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը՝  պայթուցիկ սարքը գործարկվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցում:

Այնտեղ զոհվել է 16 ծխական»:

Հավելենք, որ ահաբեկչության հետևանքով կա նաև 40-ից ավելի վիրավոր:

Ցավակցությունների ու ափսոսանքի խոսքերի հետ մեկտեղ մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար, աղոթք՝ խաղաղության ու հակառակորդի ծրագրերի խափանման համար, աղոթք՝ Աստծո պահպանության համար, աղոթք՝ աստվածճանաչողության ու արթնության համար…

CrossNews.am