Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հիշատակի երեկո

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հուշ-երեկոԻնչպես տեղեկացրել էինք, մարտի 23-ին «Էմմանուէլ» եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված հունվարի 13-ին ի Տեր ննջած Սուսաննա Թումանյանին՝ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի կնոջը:

Ապրելով նվիրված, աստվածահաճո, բարեպաշտ կյանքով, լինելով խոնարհության ու հեզության օրինակ՝ Սուսաննա Թումանյանը ոչ միայն իր ընտանիքի, այլև յուրաքանչյուր իրեն ճանաչող մարդու համար հարազատ էր:

Նա ուներ հատուկ սրտացավություն ու կարեկցանք ցանկացածի նկատմամբ, ինչի մասին վկայեցին ներկաները:

«Առաքինի կին մարդուն տալիս է Աստված: Ծանոթացել ենք եկեղեցում, սիրահարվել ենք եկեղեցում, ամուսնացել ու ծառայել ենք եկեղեցում, և Սուսաննայի մարմինը հենց եկեղեցուց էլ ճանապարհեցինք,- այսպիսի խոսքերով կիսվեց Ռուբիկ Թումանյանը՝ իր թագուհու մասին, ինչպես էլ կոչեց նրան՝ ներկայացնելով այն բացառիկ բնավորության գծերից մի քանիսը, որ ուներ տիկին Սուսաննան:

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հուշ-երեկո– Նա ավելին էր, քան պարզապես լավ կին, անկրկնելի էր, ամբողջ սրտով սիրում էր Տիրոջը ու անմնացորդ նվիրված էր Նրան, իր ընտանիքին ու եկեղեցուն:

Նա երբեք չի ձգտել բեմին, երբեք չի ցանկացել երևալ, վստահ էր, որ իր առաջին կոչումը ինձ՝ իր ամուսնուն աջակցելն է, օգնելը, իմ մասին հոգ տանելը, ինչն էլ անում էր հրաշալի կերպով:

Աղոթքի բացառիկ մարդ էր: Երբ աղոթում էր, Աստվածաշունչը միշտ իր առջև դրված էր լինում, և չէիր կարող տարբերել՝ որտեղ էր վերջանում Դավթի սաղմոսը, որտեղ էր սկսվում իրենը»:

Ռուբիկ Թումանյանը չթաքցրեց իր խորին շնորհակալությունը՝ ուղղված Աստծուն, որ Իր այդ թանկ դստերը իրեն է վստահել, և շնորհակալությունն ուղղված իր կնոջը, որ վերջինս 41 տարվա համատեղ կյանքի ընթացքում լիովին վստահել է իրեն, եղել իր կողքին ցանկացած իրավիճակում ու սատարել:

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հուշ-երեկոՍուսաննա Թումանյանի որդիները նույնպես կիսվեցին իրենց սրտի խոսքով՝ յուրաքանչյուրը պատմելով այն թանկ ու անկրկնելի վերապրումների ու օրերի մասին, որ ունեցել են մայրիկի հետ:

Անշուշտ նրանց ապաշխարության ու Տիրոջը լիովին դառնալու մեջ շատ մեծ է տիկին Սուսաննայի դերը, ինչի մասին էլ վկայակոչեցին զավակները՝ նշելով, որ ժամանակը, միևնույնն է, չի կարող բուժել կորստի ցավը:

Այն դատարկությունը, որ թողել է մայրիկը՝ հեռանալով, ոչ մի բան չի լրացնի, միայն մեկ մխիթարություն կա, որ այժմ նա վերջնական ապահովության մեջ է, և կա հանդիպման օր երկնքում:

«Նա սիրում էր և սիրված էր». ահա Սուսաննա Թումանյանի երջանկության գաղտնիքը, ինչպես նշեց ամուսինը, և հաստատեցին միասին հոգևոր ճանապարհ անցած մարդիկ, որոնցից մի քանիսը նույնպես իրենց սրտի խոսքով ու թանկ հուշերով կիսվեցին ներկաների հետ:

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հուշ-երեկո«Նա զորավոր էր իր հավատարմությամբ ու հնազանդությամբ»,- ասվեց նրա մասին:

«Ինչ արած՝ ոսկին շատ չի լինում, պետք է փնտրել՝ գտնելու համար, իսկ կորցնելու դեպքում էլ՝ շատ ցավոտ է լինում».- ահա այսպես էին նկարագրում Սուսաննա Թումանյանին ու նրա բացակայությունը:

Ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցին երկրպագության սրտամոք կատարումներ, երգեր, որոնք հենց ինքը՝ տիկին Սուսաննան, շատ սիրում էր և միշտ կատարում, ինչպես նշվեց, քթի տակ, անգամ տանը որևէ գործ անելիս:

Նկարահանված նման կադրերը իսկապես հուզեցին դահլիճին, որտեղ նա աշխատում էր, հետն էլ՝ աղոթում, գովաբանում Աստծուն, երկրպագում ու օրհնում:

Իսկ թոռնիկների հոգեթով կատարումը՝ նվիրված սիրելի ու անփոխարինելի տատիկին, իսկական նվեր ու սիրո լավ օրինակ էր բոլոր ներկաների համար:

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան. Սուսաննա Թումանյանին նվիրված հուշ-երեկո

Սեփ. Լր.