Մեղքի հետևանքը

Մեղքի հետևանքըԵրանելի Օգոստինոսը ասում է, որ առաջին մարդկանց կողմից Աստծո պատվիրանների խախտումն իր մեջ պարունակում էր բոլոր հանցանքները.

– Հպարտություն,որովհետև մարդ արարածը ցանկացավ ավելի շատ պատկանել ինքն իրեն, քա Տիրոջը.
– Սրբապղծություն, քանզի խախտեց հավատարմությունը Աստծո նկատմամբ.
– Սպանություն, որովհետև իրեն մահվան մատնեց.
– Հոգևոր անառակություն, դավաճանություն, քանզի օձի խորհրդին հետևելով վերացրեց մարդկային հոգու անարատությունը, սրբությունը:

Մեղքը, որ մարդուն հեռացրեց Աստծուց, որպես հետևանք` թշնամություն մտցրեց մարդկային հարաբերությունների մեջ: Հիշենք թե ինչպես Ադամը փորձեց մեղքը բարդել Եվայի վրա: Ավելի ուշ Կայենը սպանեց Աբելին:

Աբբա Դորոթեոսը այս երևույթը բացատրում է այսպես. Աստված շրջանի կենտրոնն է, և որքան մարդիկ մոտ են կենտրոնին, այնքան նրանք մոտ են միմյանց և հակառակը:
Հեռանալով Աստծուց` մարդը, որ կոչված էր ամբողջ տեսանելի աշխարհը Աստծո հետ կապելու համար, այն տարավ իր ետևից: Իսկ աշխարհը, կորցնելով կապը Տիրոջ հետ, թշնամացավ մարդու դեմ: Մարդը ստիպված եղավ իր գոյության համար պայքարել և հնազանդեցնել բնությունը:

Մինչև Քրիստոսի գալուստը մեղքի դեմ ամենաուժեղ զենքը օրենք էր, որը Աստված տվեց Մովսեսին:Սակայն օրենքով մարդը չկարողացավ արդարանալ բարու մեջ անհաստատ լինելու պատճառով:

Մարդը մեղքին դիմակայելու մեկ այլ միջոց ուներ` խիղճը, ինչի մասին Պողոս առաքյալը գրում է. «Եվ ուրեմն հեթանոսները, որ օրենք չունեն, բնականորեն են են օրենքի գործերը կատարում,… նրանք ցույց են տալիս, թե Աստծո օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում`իրենց խղճի վկայությամբ և իրենց խորհուրդների մեջ միմյանց մեղադրելով կամ արդարացնելով…»(Հռոմեացիս 2.14-15):

Սակայն ոչ օրենքը ոչ խիղճը չկարողացան ազատել մարդուն իր բնության խաթարումից և նրանց համար, ովքեր փորձել են պահպանել օրենքը և հետևել խղճի ձայնին, ակնհայտ է դարձել, որ միայն Աստված կարող է փրկել մարդուն: Եվ Քրիստոս եկավ բուժելու և վերադարձնելու մարդուն, Իր վրա վերցնելով անցյալ և ապագա դարերի մարդկության բոլոր տառապանքները, որ առաջ են եկել մարդու Աստծուց հեռանալու պատճառով:

«Հավատամք» ՖԲ էջ