Կար ժամանակ, երբ…

Կար ժամանակ, երբ...Կար ժամանակ, երբ հավատացյալների բնութագրիչ տարբերությունն աշխարհից նրանց խոնարհությունն էր և սերը միմյանց հանդեպ:

Նրանք այնքան խոնարհ էին, որ յուրաքանչյուր քաղաքում միայն մեկ եկեղեցի կար՝ Երուսաղեմն իր եկեղեցին ուներ, Եփեսոսն՝ իրենը, Կորնթոսն՝ իրենը…

Եկեղեցիները առանց խնդիրների ու տարաձայնությունների չէին, սակայն մեկ էին և միաբան: Հավատացյալներն այնքան խոնարհ էին, որ չէին ծնվում ինքնակոչ ավետարանիչներ, առաքյալներ, մարգարեներ, հովիվներ և ուսուցիչներ:

Մարդիկ չէին դուրս գալիս ինքնահնար ծառայության, այլ խոնարհաբար աղոթում էին և սպասում, մինչև որ ուղարկվեն: Իրար այնքան էին սիրում, որ չէին հանդուրժում մեղքի և ոչ մի վարակ:

Մեղք գործողին խրատում էին առանձին, հորդորում հեռանալ չար ճանապարհից, իսկ եկեղեցու համար վտանգավոր մեղք գործողին հանդիմանում էին բոլորի առաջ, որ մյուսների սրտերում վախ ընկներ, և չարը վեր առնվեր եկեղեցուց:

Սերը չէր վերաբերում մարդու համբավին ու հեղինակությանը, այլ նրա կարիքներին, հոգևոր վիճակին ու հավիտենական ճակատագրին: Կար ժամանակ, երբ Քրիստոսի իրական աշակերտները աշխարհից տարբերվում էին իրենց խոնարհությամբ և միմյանց հանդեպ ունեցած անձնազոհ եղբայրական սիրով:

Արման Մանուկյան