Երբ հոգումդ ծանրություն կա…

Երբ հոգումդ ծանրություն կա...Մի մոռացիր, որ դու մենակ չես. ամենածանր պահերին քեզ հետ է Աստված: Ինչպիսի դժվարությունների միջով էլ որ հիմա անցնում ես, իմացիր, որ Աստված բռնել է քո ձեռքը: Նա դուրս կհանի քեզ այդ դժվարություններից այնպես, որ քեզ համար ավելի լավ կլինի, քան այն ժամանակ, երբ այդ դժվարությունները դեռ չէին էլ սկսվել:

Եթե քեզ թվում է, թե իրավիճակը անելանելի է, և դու չես տեսնում խնդրի լուծման որևէ տարբերակ, պարզապես վստահիր այդ իրավիճակը Նրան:

Հանձնիր ամբողջությամբ Աստծո ձեռքերի մեջ և աղոթիր, անընդհատ աղոթիր աստվածային կամքի կատարման համար. դու կտեսնես, թե ինչ հրաշալի կերպով Աստված ամեն բան կդասավորի, երբեմն այնպես, որ մարդու համար անիրական է թվում: Բայց Աստծո համար չկա անհնարին որևէ բան: Ինչ էլ պատահի, հիշի՛ր Աստծո սիրո մասին: Նա փրկել է քեզ, տվել կյանք և սեր:

Երբեք մի՛ նայիր այս աշխարհի հնարքներին: Աշխարհը կարող է տալ քեզ լոկ ցավ, հիասթափություն, չարություն և այլն՝ այդ ամենը գեղեցիկ ու գունեղ փաթեթավորելով: Մի՛ ընդունիր այդ խայծը, այլ խնդրիր Աստծուն, որ Նա ասի՝ այս կամ այն բանը ճի՞շտ է արդյոք քո կյանքում, թե՞ ոչ: Դա կարող է լինել աշխատանք, կրթություն, ընկերներ և այլն:

Թշնամին քնած չէ, նա կփորձի կոտրել քեզ, ջախջախել: Բայց յուրաքանչյուր մարդ կապված է Աստծո հետ յուրովի: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է Աստծո համար և տարբերվում է մյուսներից, յուրաքանչյուր մարդ արարված է յուրահատուկ չափանիշներով: Եվ Աստված էլ յուրաքանչյուրին պատասխանում է յուրովի, չէ՞ որ ամեն մարդ ունի իր պայքարը այս կյանքում, որ միայն ինքն է անցնում:

Հիշի՛ր, Աստված չի խոստացել, որ հեշտ է լինելու, Նա խոստացել է, որ միշտ քեզ հետ է լինելու:

«Եվ Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. զորացիր, քաջասիրտ եղիր և կատարիր. մի վախենա և մի զարհուրի, որովհետև իմ Աստված՝ Եհովա Աստվածը քեզ հետ է. Նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի, մինչև Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը լրացնելը» (Ա Մնացորդաց 28.20):

Աղբյուր՝ bible-facts.ru