Հիսուսի հեռանալը

photo-1464809064666-ef22abde2569-825x510«Լսեցիք, որ ես ասացի ձեզ, թե գնում եմ… եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք…» (Հովհաննես 14.28):

Տարօրինակ խոսք և տարօրինակ տրամաբանություն: Բայց սրանք Հիսուսի խոսքերն են, և դրանք արժեք ունեն:

Սովորաբար մենք ճիշտ հակառակն ենք մտածում. մենք չենք ուրախանում, երբ հեռանում է մարդը, ում սիրում ենք…

Ուրեմն ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ խոսում էր այս մասին: Ի՞նչ տեսանկյունից էր նա կասկածի տակ դնում աշակերտների սերը Իր հանդեպ:

Նա այս խոսքերը ասում է նրանց այն ժամանակ, երբ պատմում է Իր միսիայի մասին: Եվ այդ միսիայի մի փուլն էլ կազմում էր Նրա հեռանալը Հոր մոտ: Նա պետք է թողներ երկիրը, որպեսզի սկսվեին իրականանալ հաջորդ փուլերը՝ եկեղեցու կյանքի և մարդկության փրկության:

Հիսուսը սպասում էր, որ աշակերտները կհասկանային Իր նպատակներն ու ծրագրերը, կսիրեին դրանք և ուրախ կլինեին դրանց մոտալուտ կատարման համար: Իր հանդեպ սերը Հիսուսը ասոցացնում է Իր գործերի ու նպատակների հանդեպ սիրո հետ: Մեկ այլ խոսքերով՝ Նա ասես ասում էր. «Եթե ինձ սիրեիք, դուք կսիրեիք այն, ինչ իմ սրտում է: Եթե սիրեիք ինձ, դուք ուրախ կլինեիք՝ տեսնելով, թե ինչպես է կատարվում այն, ինչ ես ծրագրել եմ»:

Հիսուսը վշտացավ, որ աշակերտները տրտմեցին այդ նորությունը լսելով, որ նրանք դեռ երկրային մտածելակերպ ունեին՝ մտածելով ավելի շատ իրենց մասին, քան Աստծո ծրագրերի: Նրանք պարզապես չէին ցանկանում, որ Նա հեռանար. մտածել ինչ-որ ավելի մեծ բանի մասին նրանք դեռևս անկարող էին:

Եկեք նայենք մեր սրտերի մեջ: Ի՞նչ է այնտեղ կատարվում, երբ աստվածային ծրագրերի իրականացումը, թեկուզ երբեմն մեզ համար անհասկանալի, հանկարծ վնաս է հասցնում մեր հարմարավետությանը և մեր հետաքրքրություններին, լիովին հակառակ է գնում մեր երկրային ծրագրերին:

«Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք…»:

Ի՞նչ է կատարվում մեր սրտում, երբ մենք տեսնում ենք կատարված այն, ինչ կանխավ ասել էր Հիսուսը: Բնականաբար, մեզ թվում է, թե դա ժամանակին չէր, ամեն բան ասես պետք է այլ կերպ լիներ, չի կարող, ախր, Նա հենց այսպես վերցնել ու քանդել մեր հարմարավետ աշխարհը:

Հիսուսը վշտանում է, երբ մենք աշխարհիկ ենք մտածում: Նա սպասում է, որ մենք, իմանալով Իր մտքերն ու ծրագրերը, կսիրենք դրանք և կուրախանանք դրանց կատարման համար:

«Եվ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք և բարձրացրեք ձեր գլուխները. որ ձեր փրկությունը մոտ է» (Ղուկաս 21.28): Խոնարհվեք և բարձրացրեք ձեր գլուխները դեպի վեր:

Եթե մենք սիրեինք Նրան, մենք հենց այսպես էլ կանեինք, որովհետև մոտ է մեր փրկությունը:

«Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա» (Մաղաքիա 4.2):

Պավել Ֆյոդորուկ