1905թ-ի այս օրը մահացել է «Բեն Հուր» վեպի հեղինակը

1905թ-ի այս օրը մահացել է «Բեն Հուր» վեպի հեղինակը1905թ-ի այս օրը՝ փետրվարի 15-ին, մահանում է «Բեն Հուր» վեպի հեղինակը՝ Լյուիս Ուոլեսը: Իրենից հետո նա թողնում է քաղաքական և ռազմական ձեռքբերումների մի ամբողջ կյանք: Սակայն աշխարհն ավելի շատ նրան ճանաչում է՝ որպես «Բեն Հուր» վեպի հեղինակ, որը նա ենթավերնագրել էր «Քրիստոսի պատմությունը»:

Լյուիս Ուոլեսը ծնվել էր 1827թ-ին Ինդիանայի նահանգապետի ընտանիքում: Երիտասարդ տարիներին մասնակցում է Մեքսիկայի դեմ պատերազմին: Այնուհետ սկսում օրենքներ ուսումնասիրել. իրավաբանական պրակտիկա անցնելուց հետո ծառայում է Ինդիանայի պետական սենատում:

Քաղաքացիական պատերազմի տարիներին նա կրկին անցնում է ծառայության և ձեռք բերում գեներալ-մայորի կոչում:

Լյուիսը մեծապես ոգեշնչվում է վեպեր գրելու՝ Պրեսկոտի «Մեքսիկայի նվաճումը» կարդալուց հետո: Իր առաջին ստեղծագործությունը կոչվում էր «Արդար Աստված»: Երկրորդը՝ «Բեն Հուր»:

Մինչ այդ Լյուիսն անտարբեր էր կրոնական պահանջներին: «Ես երկար ժամանակ մտածում էի գրասեղանիս դրված ձեռագրի մասին՝ կարդալով Քրիստոսի ծննդյան պատմությունը, այնուհետ հասա մինչև Նրա խաչելություն: Այսպես կարելի է գիրք գրել», – մտածում էր հեղինակը:

Իր հանրահայտ վեպը գրելիս Լյուիսը նաև Նյու Մեխիկոյի կառավարիչն էր և իր ժամանակի ամենապահանջված հոգևոր հեղինակներից մեկը: 10 տարվա ընթացքում «Բեն Հուր»-ը վաճառվում է 300.000 տպաքանակով և թարգմանվում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ արաբերեն և չինարեն:

Գրքի հրատարակման (1880թ) հաջորդ տարում Ուոլեսը մեկնում է Թուրքիա՝ որպես ԱՄՆ դեսպան, ուր սուլթանի հետ բավական լավ հարաբերություններ է հաստատում:

Իր վերջին տարիներին Ուոլեսը հանրային դասախոս էր: Այսօր նրա հուշարձանը կանգնեցված է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքում՝ ներկայացնելով Ինդիանայի նահանգը:

Աղբյուր՝ christianity.com