Շրջապատի կարծիքը

Շրջապատի կարծիքըԵրևի թե չկա մի իրավիճակ, որ քննարկման, խոսակցությունների, բամբասանքի տեղիք չտա կամ որոշակի զանգվածի հետաքրքրությունը առաջ չքաշի:

Բոլորս էլ ապրելով կառուցում ենք մեր կյանքի պարիսպները, մեր ներսի տները, մեր կյանքը, մեր ներկան ու ապագան: Ու պատահական չէ, որ կառուցելու ընթացքում հայտնվում են շատերը, ովքեր սկսում են կասկածել մեր ուժի, հնարավորության ու հիմքերի ամրության վրա և սկսում են ծաղրել ու հակառակություններ անել:

Երբ մարդ գործում է միայնակ, նա շատ խոցելի է, բայց երբ մարդ գործում է Աստծո հետ, և իր ողջ հույսն ու ամրությունը Աստված է, նրան ոչ ոք և ոչինչ չեն կարող արգելք հանդիսանալ: Եթե մեր ընտրած ուղին կամ գործը աստվածահաճո է, ապա մենք պետք է ամուր բռնենք մեր նպատակը և Աստծուն հուսալով կառուցենք մեր գործը կամ քայլենք Աստծո ճանապարհով: Կլինեն շատերը, որ իբր թե իրատեսական, անհույս ու նախանձոտ մտքեր կթողնեն մեր կյանքում, բայց եթե մենք վստահ ենք, որ մեր արած գործը Աստծո կամքի համաձայն է, ապա ոչինչ չպետք է մեզ խանգարի:

Երբ Նեեմիան կառուցում էր Երուսաղեմի պարիսպները, շատերն էին, որ կասկածում էին՝ ասելով, թե ինչպես կարող են նրանք փոշիի դեզերից քարերը կենդանացնել, կամ եթե իրենց շինածի վրա աղվես դուրս գա՝ այն կփլվի, և շատ այլ կարծիքներ: Իսկ ինչպե՞ս վարվեց Նեեմիան. նա գիտեր Աստծո կամքը և ծաղրանքին ու հակառակությանը տեղ չտալով՝ ամուր բռնվեց Աստծուց ու անգամ պատասխան չտվեց ծաղրողներին, այլ իր աղոթքը բարձրացրեց երկինք և հաջողեց:

Մեր կյանքում էլ գալիս են իրավիճակներ, երբ որոշում ենք անել մի գործ, սակայն կասկածանքը և շրջապատի քննադատող կարծիքները մեզ թույլ չեն տալիս առաջ շարժվել:

Շրջապատի կարծիքներն էլ փոքրիկ «աղվեսիկներ» են, որ իրենց խորամանկ ու նախանձոտ խոսքերով կարող են քանդել մեր պարիսպները, բայց եթե մենք Աստված ունենք, ապա այդ աղվեսները ոչինչ են ամենակարող Աստծո առջև:

Եթե քո գործը կամ ուղին բարի է, ապա երբեք տեղ մի տուր շրջապատի կարծիքներին: Կարող ես վերցնել ճիշտ հանդիմանությունները, տեղին նկատողությունները՝ ավելի շտկվելու և դեպի կատարելություն շարժվելու համար, սակայն եթե վստահ ես, որ քո գործում Աստված քեզ հետ է, երբեք կանգ մի առ ուրիշի կարծիքի պատճառով:

Բայց սա բացարձակ չէ. իհարկե, պետք չէ ապրել շրջապատի կարծիքով, սակայն երբեմն Աստված կարող է օգտագործել մարդկանց՝ քեզ Իր Խոսքը հասցնելու համար:

Իմացի՛ր հստակ, որ եթե մի գործի հիմքում Աստված է, կամ եթե քո ընտրած ճանապարհը Աստծուն հաճելի է, և դու ամեն հարցում բարձրացնում ես քո աղոթքը Նրան՝ Նրանից ուղղորդվելու և ուժդ չկորցնելու համար, ապա Աստված պատերազմելու է քեզ համար, և դու հաջողելու ես:

Էսթեր Զաքարյան