Առաջին պատվիրանը

Առաջին պատվիրանը«Ես եմ Եհովան՝ քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայության տանիցը հանեցի։ Ուրիշ Աստվածներ չունենաս իմ առաջին։ Քեզ համար կուռք չշինես» (Բ Օրինաց 5.6-8):

Առաջին պատվիրանը հիմնականն է, և նրանից են բխում մնացածները: Առաջին պատվիրանի ճիշտ ընկալումով է պայմանավորված մյուսների ճիշտ ընկալումը: Երկրորդ պատվիրանն ուղղակիորեն կապված է առաջինի հետ և ինչպես երրորդը, չորրորդը՝ խոսում է սիրո մասին առ Աստված:

Ընդգծելով սիրո բացառիկ կարևորությունը առ Աստված և առ մարդը, Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրանների էությունը շարադրեց հետևյալ խոսքերով. «Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, և բոլոր անձիցդ, և բոլոր մտքիցդ, և բոլոր զորությունիցդ. սա է առաջին պատվիրանքը։ Եվ երկրորդը սրա նման. սիրիր քո ընկերին քո անձի պես. սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա» (Մարկոս 12.30-31):

Առաջին պատվիրանն ասում է, որ գոյություն ունի միայն մեկ կենդանի և ճշմարիտ Աստված, որին մենք պետք է ճանաչենք, ընդունենք և սիրենք՝ որպես միակ ճշմարիտ Աստծո, երկրպագենք միայն Նրան, ապավինենք միայն Նրան և փառաբանենք միայն Նրան՝ որպես Արարողի, տիեզերքի և մարդու միակ գերագույն Տիրակալի:

Առաջին պատվիրանն արգելում է կռապաշտությունը (Ստեղծողի փոխարեն ստեղծվածին պաշտելը, կեղծ «աստվածներ», առարկաներ, իրեր, բնությունը, մոլորակներ, կենդանիներ պաշտելը, մարդուն աստվածացնելը և այլն):

Առաջին պատվիրանը մարդկանց ավետում է այն մասին, որ Միակ, Ճշմարիտ Կենդանի Աստվածը, Որը սիրում է մեզ և կամենում է, որ մենք Իրեն սիրենք, իրականում գոյություն ունի և կամենում է, որ միմիայն Իրեն երկրպագենք, քանի որ միայն Ինքն է արժանի դրան:

Առաջին պատվիրանը կոչ է անում Աստծո հետ ոչ թե հարաբերությունների սոսկ հաստատման, այլ Աստծո հանդեպ ճիշտ վերաբերմունքի:

Եթե մարդն ապրում է Աստծո ներկայության մեջ, եթե չի մոռանում Աստծուն և չի անտեսում Նրան, եթե նրա սիրտը սիրում է Աստծուն և ցանկանում է երկրպագել Նրան և փառաբանել Նրա անունը ճշմարիտ գործերով, բառերով, զգացմունքներով, մտքերով, ապա այդ ժամանակ մարդու կյանքում սկսվում է իսկական շրջադարձը:

Առաջին պատվիրանը կատարելուց հետո սկսվում մյուսների կատարումը, որովհետև եթե մենք իսկապես սիրում ենք Աստծուն, ապա սրտի թրթիռով կվերաբերվենք ողջ Աստվածայինի նկատմամբ. մեր մերձավորին չարիք չենք պատճառի, չենք գողանա, չենք նախանձի, կեղծ վկայություն չենք տա, չենք շնանա, կհարգենք ծնողներին և սեր, լույս, ուրախություն կսփռենք այս աշխարհով մեկ: Հենց դա է մեզնից ուզում Տերը:

Վ. Կուրց