Տյառնընդառաջը կրակ վառել չէ

Տյառնընդառաջը կրակ վառել չէՑավալի է, բայց քրիստոնյա հայությունն այսօր տյառնընդառաջ ասելով՝ հասկանում է խարույկ ու վրայով այս ու այն կողմ թռչող հասարակություն:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Տյառնընդառաջը:

Երբ մանուկ Հիսուսին տանում են տաճար, նրան ընդառաջ է գնում Սիմեոն ծերունին, ով խոստում էր ստացել Աստծուց, որ չի մահանա, մինչ չտեսնի Մեսիային: Ահա այս պատմությունն է հիմք հանդիսացել, որ Հիսուսի ծնունդից 40 օր անց տոնվում է Տյառնընդառաջը:

«Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.29–32): Սրանք էին Սիմեոն ծերունու խոսքերը, երբ նա իր գիրկն առավ մանուկ Հիսուսին և ավետեց բոլորին, որ նա կլինի լույս հեթանոսների համար:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ կրակը և խարույկը: Իհարկե, կարող ենք փորձել ամեն ինչ միմյանց կապել ու գտնել նմանություններ, սակայն ակնհայտ է, որ այն տվյալ օրվա և իրադարձության հետ որևէ կապ չունի:

Ի՞նչ է տրնդեզը:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում: Կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը:

Ինչո՞ւ է տրնդեզը միախառնվել տյառնընդառաջի հետ:

Ողջ համաշխարհային պատմության մեջ սա տարածված երևույթ է, երբ մարդիկ, հրաժարվել են հեթանոսությունից ու ընդունել քրիստոնեություն, պահել են նաև նախկին սովորույթները: Իհարկե, ազգային սովորույթներն ու ավանդությունները վատ չեն, դրանք բնորոշում են ազգին, համ ու հոտ հաղորդում տվյալ ժողովրդին, սակայն եթե այդ սովորույթները դեմ են քրիստոնեությանը և հակասում են Աստվածաշնչին, ապա ինչո՞ւ դա թողնել քրիստոնեական մշակույթի մեջ, ինչո՞ւ քաջալերել և ինչո՞ւ շարունակել սովորեցնել:

Ինչո՞ւ չպետք է կրակ անել և վրայով թռչել:

  1. Որովհետև Աստվածաշունչը արգելում է. «Ձեր մէջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող,  դյութություն դյութող,  գուշակող և  հմայող և կամ  հավահարց» (Բ Օրինաց 18:10):
  2. Որովհետև մեր հույսը և ապավինությունը մշտապես պետք է լինի Աստծո վրա, մեր սպասելիքներն ու ակնկալիքները պետք է Աստծուց լինեն, մեր հիվանդություններ բուժողն ու հոգսերը վերցնողը Աստված է, ոչ թե կրակն ու կրակի բոցերը:

Ստացվում է, որ տրնդեզյան գեղեցիկ սովորությունը սովորեցնում է մարդկանց ապավինել կրակին և ոչ թե Աստծուն:

Ու՞մ թեթև ձեռքով է տրնդեզը միախառնվել տյառնընդառաջի հետ:

Ցավալի է, բայց այսօր հանդիպում են մարդիկ, ովքեր ավելի շատ հարում են հեթանոսությանը, և սկսում են քարոզել ու սովորեցնել, դաստիարակել ու խոսել… մարդիկ, ովքեր քարոզում են ազգային ու հեթանոսական ծես ու սովորություն, ովքեր սովորեցնում են աղի բլիթ ուտել ու կրակի վրայով թռչել՝ այդ ամենի անունը դնելով խաղ ու սովորություն: Չենք ուզում հավատալ, որ սա կառույցի խնդիր է կամ, առավել ևս, կրում է համատարած բնույթ, այլ խոսում ենք անհատների մասին, ովքեր գերադասում են հեթանոսականը մաքուր քրիստոնեությունից,  ովքեր խառնում են մեհյանն ու եկեղեցին, կրակարանն ու մատուռը…

Այնպես որ, օրվա խորհրդին համահունչ, ուզում ենք քեզ խորհուրդ տալ, սիրելի՛ ընթերցող, մտածիր ոչ թե կրակ վառելու և վրայով թռչելու մասին, այլ Քրիստոսին ընդառաջ գնալու և նրան հանդիպելու մասին: Եվ թող ոչ թե կրակի, այլ Քրիստոսի լույսը լուսավորի քեզ ու վերցնի քո հիվանդությունները, հոգսերն ու խնդիրները: