Տեառնընդառա՞ջ, թե՞… հովիվ Ժորա Թովմասյան

հովիվ Ժորա Թովմասյան«Եվ երբ որ նրա  մաքրվելու օրերը լրացան, Մովսեսի օրենքի պես, նրան տարան Երուսաղեմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն…

Եվ ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր, և այս մարդը արդար և աստվածավախ էր, և սպասում էր Իսրայելի մխիթարությանը, և Սուրբ Հոգի կար նրա վրա։ Եվ նրան պատգամ էր եղած Սուրբ Հոգուց, որ մահ չի տեսնի, մինչև որ Տիրոջ Քրիստոսին տեսնի։ Եվ Հոգով եկավ տաճարը, և երբ որ ծնողները Հիսուս երեխային բերին, որ օրենքի սովորության պես նրա վրա անեն, Նա էլ առավ նրան ընդունեց իր գիրկը, և Աստծուն օրհնեց, և ասեց. «Ալ հիմա ով Տեր, արձակիր Քո ծառադ խաղաղությունով, Քո խոսքի համեմատ, վասն զի իմ աչքերս տեսան Քո փրկությունը…» (Ղուկ. 2.22-31):

Ահա սա է նշվում որպես Տեառնընդառաջի հիմք: Սակայն այս ամենն ի՞նչ կապ ունի հեթանոսական կրակապաշտության հետ, որ մեր երկրում ամեն Աստծո տարվա փետրվարի 13-14-ին նշվում է այն ընտանիքներում, ուր նորապսակներ կան:

«Տոնը» սկսվում է խարույկով, ոմանք տաճարից բերված մոմով են վառում այն, ոմանք լուցկիով… այսպես, թե այնպես ծիսակարգի հեթանոսական ծագումը` հուր-կրակի պաշտամունքը, դրանից չի փոխվում: Որքան էլ փորձեն քրիստոնեական բովանդակություն հագցնել, դրանից չի թուլանում կապանքի ուժը, այն մնում է կռապաշտական արարողակարգ:

Ցավոք, նրանք, որ էությամբ քրիստոնյա չեն, կարծես դատապարտված են խարույկի վրայով թռչելուն: Իսկ նորապսակների համար, մասնավորապես, այն նշանակում է չարությունը և ամբարտավանությունը կրակի վրա «այրել» և չարքերից «ազատվել»:

Վստահ եմ` սնոտիապաշտներից զատ, մյուսները գիտեն, որ այս ամենը մոլորություն է, իսկ քրիստոնյաներն ընդունում են, որ դա ոչ միայն մոլորություն է, այլև կրակապաշտություն, հետևաբար` մեծ մեղք:

Հետաքրքիր է, որ փետրվար ամսին հայ ժողովուրդը նշում է նաև Վարդանանց տոնը, այն Վարդանանց, ովքեր իրենց կյանքը դրեցին իրենց ափերի մեջ և դուրս ելան ընդդեմ զրադաշտականության և մղեցին «Վասն Քրիստոսի և վասն հայրենյաց» պատերազմը: Եվ այն ուրիշ բան չէր, եթե ոչ պատերազմ կրակապաշտության դեմ:

Այո՛, դուրս ելան ընդդեմ կուռքերի և չաստվածների (ի լուր աշխարհի հայտարարելու, որ Քրիստոսից բացի Աստված չկա) և սերունդների, ովքեր հետո պիտի գային: Եվ գնացին «իմացված» մահվան, որ իրենց ազգը՝ մենք, կրակի շուրջ չպարի:

Այսօր ոչ մի գին չի պահանջվում «չպարելու» և «չթռչելու» դիմաց և…

Տպավորությունն այնպիսին է, կարծես հարյուր հազարավոր պարսիկ մոգեր այս ազգի մեծ մասին բռնությամբ դարձրել են կրակապաշտ: Որքան էլ անխուսափելի էր մահը Վարդանի և զինակիցների համար, այնուամենայնիվ  նրանք գնացին քաջի պես: Իսկ տրնդեզի խարույկի վրայով թռչողներին կրակը չէ, որ պիտի ազատագրի, ընդհակառակը՝ այն կապանքի մեջ է առնում:

Ո՞ւր են այսօրվա Ղևոնդ Երեցները, որ կանգնեն ընդդեմ չար սովորության: Ու՞ր են Տիրոջ նախանձն ունեցողները …

Հիսուս Քրիստոս բոլոր հարցերի պատասխանն է, ողջ մարդկության ազատագրվելու և փրկվելու պատասխանը: Նա այն Թագավորն է, ով արժանի է միայն փառավորվելու, և ում առջև միայն պետք է պարել…