Կրա՞կ եք ուզում վառել, վառե՜ք…

Կրա՞կ եք ուզում վառեք, վառե՜քԵրիտասարդ ընտանիք էին, նոր էին ամուսնացել, երբ մի օր կինը տուն եկավ մի երիտասարդ տղայի ձեռքից բռնած և ասաց ամուսնուն.

- Գիտե՞ս, սա իմ առաջին սերն է, դպրոցական տարիներին մենք այնքա՜ն էինք սիրում իրար: Այդ սերն այնքա՜ն մաքուր էր ու պարզ: Հիմա, ճիշտ է, մենք ամուսնացել ենք, բայց ուզում եմ, որ նա էլ ապրի մեզ, չէ որ ես չեմ կարող հրաժարվել իմ անցյալից. այն այնքա՜ն գեղեցիկ էր… Դեմ չես, չէ՞, սիրելի՞ս, որ նա էլ ապրի մեզ հետ…

Ա՜յ քեզ հիմար պատմություն, ա՜յ քեզ անհեթեթություն… Իսկ մի՞թե նույնը չի կատարվում այն դեպքում, երբ մենք փորձում ենք խառնել քրիստոնեությունն ու հեթանոսությունը, միթե նույնը չի կատարվում, երբ մենք, լինելով քրիստոնյա, անցյալի հեթանոսական ծեսն ու սովորությունն ենք բերում ու մտցնում մեր մշակույթ, հրամցնում մեր երեխաներին, սովորեցնում ու քաջալերում…

Դարեր շարունակ հայ ազգը պայքարում էր, որ կրակին չպաշտի… Պատերազմներ, զոհեր, թափված արյուն… և այս ամենը միայն այն պատճառով, որ քրիստոնյա հայը կրակ չվառի ու շուրջպար չբռնի, կրակին չպաշտի ու կրակից սպասելիքներ չունենա… Ու այդ պայքարը շատերի կյանքը խլեց. Վարդան Մամիկոնյանն ու իր քաջերը, Սարգիս զորավարը, իր որդին ու նրանց հերոս ընկերները ու էլի շատերը. նրանք զոհվեցին, որովհետև չխոնարհվեցին կրակի առջև:

Ի՞նչ ենք անում մենք այսօր. կրակ ենք վառում, վրայով թռչում, մեր հոգսն ու խնդիրը հանձնում կրակին, դե իսկ նորապսակներն էլ խնդրում են օրհնություն, պտղաբերություն ու երջանկություն:

Անունը դնելով ազգային սովորություն՝ հեթանոսությունը խցկել ենք քրիստոնեության մեջ, ու այնպես ենք միահյուսել, որ էլ չի հասկացվում, թե  որն է քրիստոնեությունը, որն է հեթանոսությունը… Երկուսի միախառնումից ստացել ենք մի նոր բան ու անունը դրել ԱԶԳԱՅԻՆ: Իսկ եթե այդ ազգայինը դե՞մ է քրիստոնեությանը… Իսկ եթե այդ ԱԶԳԱՅԻՆԸ գարշելի է Աստծո առաջ…

Իհարկե, ունենք հրաշալի սովորություններ ու ավանդություններ, ազգային յուրահատկություններ, սակայն որքա՜ն զգույշ պիտի լինենք, որ դրանք պատնեշ չդառնան մեր և Աստծո միջև, որ դրանք չգողանան մեր հավատքն ու մեր աղոթքը…

Ուզում ես կրա՞կ վառել, վառի՛ր, միայն թե դա թող լինի ոչ թե փայտից կրակ, որ շուտով կմոխրանա ու քեզ կթողնի մենակ քո մոխրացած անուրջների հետ, ոչ թե հեթանոսությունից եկած ու դրա շնչով վառվող կրակ, այլ թող դա լինի Հզոր Աստծո կրակը, թող դա լինի Սուրբ Հոգու կրակը, որ կվառի քեզ իր սիրով ու նվիրվածությամբ, որ կլցնի քո սիրտը ջերմությամբ ու լույսով, որ կայրի քո մեջ այն ամենը, ինչ հաճելի չի քո Ստեղծիչին:

Վառվի՛ր Աստծո կրակով ճիշտ այնպես, ինչպես վառվում էին Աստվածաշնչյան հերոսները, ինչպես վառվում էին առաջին քրիստոնյաները, ինչպես վառվում էին մեր պապերը…

Կրա՞կ ես ուզում վառել, վառի՜ր, վառի՜ր Ամենակարող Աստծո կրակը քո սրտում…

 Արմեն Նիազյան