Սնոտիապաշտական սովորություններ. հովիվ Ժորա Թովմասյան

Սուրբ ՍարգիսՀայաստանի պատմության մեջ՝ հատկապես անկախության շրջանում, առանձնակի տեղ է տրվում ժողովրդական ավանդույթների հավատալիքներին, որոնցից մի քանիսն ամենամյա հիշատակության և տոնակատարության է վերածվել:  Դրանց թվում է նաև՝ «Սուրբ Սարգիսը»:

Ասենք, որ այն կապված է Սարգիս անունով զորավարի անվան հետ, ով ծառայում էր պարսկական բանակում, և քրիստոնեությունը ընդունելուց հետո, դառնալով Տիրոջ ճշմարիտ զինվոր՝  փորձում է պարսից բանակում քրիստոնեություն տարածել, ինչի համար էլ նրան սպանում են:

Եվ մեր ազգը, որ երախտիք պահող ազգ է, նրա անունը դասել է սրբերի շարքը, ինչին մարտիրոսը ճշմարտապես արժանի է: Մենք հավատում ենք,  որ Սուրբ Սարգիսը երկնքում անդրանիկների ժողովի մեջ է և բարի ենք հիշում նրան:

Բայց այս ամենը ի՞նչ կապ ունի այսօրվա սնոտիապաշտական արարքների հետ, ամենևին հասկանելի չէ: Այն, որ իբր թե նա (Սուրբ Սարգիսը)  իր ձիով գիշերով գալիս է (իրեն սպասողներին ի պատասխան), և եթե մի երիտասարդ տղա կամ աղջիկ «Սուրբ Սարգսի օրը» կերած լինի աղի բլիթ (ինչը բնական է՝ ծարավ կառաջացնի) և ջուր խմած չլինի ու քնելիս խնդրի (աղոթի), երազի մեջ պետք է հայտնվի այն աղջիկը կամ տղանը,  ով ջուր տալով՝ պիտի իր ծարավը հագեցնի,  և հենց նա էլ իր ապագա հարսնացուն կամ փեսացուն է:

Ասում են՝ շատերի կյանքում է սա կատարվում  է (զարմացնում է սատանայի իմացություն-գուշկությունը): Այդ օրը շատերը  (մասնավորապես տարեց կանայք) տան դռան մոտ դնում են ամանով փոխինձ, որպեսզի «Սուրբ Սարգիսը» հրեղեն ձիով անցնելիս,  թերևս, ձիու սմբակի  (պայտի)  հետքը թողնի դրա վրա: Շատերը պնդում են, որ այդպես եղել է (զարմացնում է սատանայի արվեստը):

Այո՛, առավոտ կանուխ, երբ ողջ ստեղծագործությունը փառաբանում է Արարչին, երբ աստղերը մեկտեղ փառաբանություն են անում, երբ Աստծո բոլոր որդիները ցնծությամբ աղաղակում են, այս մարդիկ վազում են պարզելու, թե արդյոք իրենց փոխինձի վրա պայտի հետք կա՞: Ինչպիսի՜ տգիտություն:

Եվ այն ժամանակ, երբ Սաղմոսերգուն նրան է փնտրում հոգու ծարավով և մարմնի փափագով (Սաղմ. 63.1 ), այս մարդիկ անձնատուր են լինում «պառավական առասպելներին» և մոլորեցուցիչ ոգիների՝  դևերի ուսմունքների հետևող են դառնում: