Խաղաղություն ձեզ

Խաղաղություն ձեզ«Հիսուսը եկավ և նրանց մեջ կանգնեց, և նրանց ասաց. Խաղաղություն ձեզ» (Հովհաննես 20.19):

«Ես հրաժարվում եմ ընդունել այն տեսակետը, որ մարդկությունն այնքան սերտորեն է կապված ռասիզմի և պատերազմի անաստղ կեսգիշերին, որ խաղաղության պայծառ արշալույսը երբեք չի կարող իրականություն դառնալ: Ես հավատում եմ, որ անզեն ճշմարտությունն ու սերն են որոշիչ դեր խաղալու». Մարտին Լյութեր Քինգ:

Այսօրվա իմ ուղերձով ուզում եմ քաջալերել բոլորիս, որ պահենք մեր խաղաղությունը Քրիստոսում։

Մենք այն ժողովուրդն ենք, որի վրա կոչված է Քրիստոսի անունը, մենք այն ժողովուրդն ենք, որ աղոթում ենք ամենակարող և ճշմարիտ Աստծուն, մենք այն ժողովուրդն ենք, որ սատանան փորձել է դարեր շարունակ կործանել մեզ թե՛ արտաքին և թե՛ ներքին հարձակումների միջոցով, մենք այն ժողովուրդն ենք, որին Աստված է պահել մինչև այս ժամը։

Աստված դեռ գործ ունի մեր ժողովրդի և մեր երկրի հետ, Աստված դեռ չի ավարտել Իր ծրագիրը մեզ համար, Աստված դեռ Իր փառքը պետք է ցույց տա հային և հայի միջոցով՝ շատ ազգերին։

Գիտենք, որ պատերազմներ հրահրողը և կազմակերպողը սատանան է, և ամեն չարության ետևում նա է կանգնած։ Եվ այն մարդիկ, ովքեր լցված են ատելությամբ և չարությամբ, կարող են ընդունել նրա կողմից հրահրված որոգայթները։ Բայց նրանից ավելի ուժեղ և անհամեմատելի հզոր է մեր Տեր Աստվածը, որ բերում է խաղաղություն ամենաանխաղաղ իրավիճակներում, որովհետև Նա է, որ իշխանություն ունի ազգերի վրա։ Առաջարկում եմ, որ մեր այսօրվա անհանգստությունը ճիշտ կերպով գործածենք, եթե ոչ, ապա անհանգստությունը կբերի մեր մեջ վախ, վախը՝ խուճապ, և խուճապն էլ իր հերթին՝ սխալ գործողություններ։

Քաջալերում եմ՝ մեր անհանգստությանը տեղիք տանք, և այն մեզ տանի մեր աղոթքի սենյակը, գնանք և ծնկենք Ամենակարողի առջև և սրտի ցավով ու ջերմեռանդությամբ աղոթենք մեր երկրի խաղաղության համար և Ղարաբաղյան հարցի աստվածահաճո լուծման համար։

Թող այսօրվա անհանգստությունը և ստեղծված իրավիճակը նպաստեն, որ վերջնականապես լուծվի ամեն տեսակի պատերազմական հարցերը մեր երկրի և ժողովրդի դեմ ուղղված։ Թող մեզ անհանգստացնի, մի քիչ էլ բարկացնի այս իրավիճակը, որպեսզի մենք էլ սկսենք մեր պատերազմը թշնամու` սատանայի դեմ, և մեր աղոթքներով կանգնեցնենք նրա չար գործերը՝ ուղղված մեր պետության դեմ։

Անհանգստությունը թող նպաստի, որ մենք աղոթենք մեր երկրի խաղաղության համար, սահմանում գտնվող մեր տղերքի, եղբայրների և հայրերի համար, աղոթենք վնասված և կորուստներ կրած զինծառայողների և ընտանիքիների համար։ Աղոթենք մեր երկրի իշխանավորների, նախագահի, պաշտպանության նախարարի և մյուս բարձրաստիճան ղեկավար մարմինների համար, որպեսզի իմաստուն որոշումներ կայացնեն, որպեսզի Աստված օրհնի և օգնի իրենց։ Աղոթենք մեր ժողովրդի համար, որ չարություն չընդունեն և ատելություն չտարածեն, որպեսզի ազգովի լցված լինենք աստվածային հանճարով և իմաստությամբ ամեն իրավիճակում։

Եվ պատրաստ լինենք Աստծով պահելու այն արժեքները, որ Նա է տվել մեզ, այդ թվում՝ և՛ երկիրը, և՛ ժողովուրդը, բայց ամբողջ սրտով հասկանանք, որ երկիր պահողը և խաղաղություն տվողը Աստված է, որովհետև Նա՛ է երկրի Տերը և խաղաղության Իշխանը։

«Տերը զորություն կտա իր ժողովրդին և կօրհնի իր ժողովրդին խաղաղությունով» (Սաղմոս 29.11):

Արտավազդ Թադևոսյան