Քո ընտրությունն է որոշում քո ապագան

Քո ընտրությունն է որոշում քո ապագան Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը գրում է. «Մարդկությունն ապրում է անհանգստության վիճակում»:

Մարդը մի բանից ազատվելու կամ ինքնամոռացության տրվելու որոնումներում հանդիպում է տարբեր ճանապարհների. մեկը փորձում է իր հոգսերը «թաղել» խմիչքի մեջ, մյուսը` վատ շրջապատում, մնացածներն էլ՝ փորձում են «ուղղել ու կարգավորել» կյանքը՝ հորոսկոպների, գուշակության ճանապարհով:

Բայց կա մի արդյունավետ միջոց ստուգելու աղբյուրը, որին մենք դիմում ենք օգնության համար՝ երջանկություն գտնելու հույսով. դա այդ մարդկանց կյանքի պտուղներին նայելն է: Արդյոք նա, ով քեզ խորհուրդ է տալիս, ունի՞ այն, ինչ դու ես փորձում գտնել:

Մեկ անգամ ականատես եղա «խնամախոսության» օրինակի: Մի աստղագետի աշակերտուհի աղջիկներին առաջարկում է ընտրել փեսացու, կարգավորել անձնական կյանքը, ընտանիք ստեղծել հորոսկոպի օգնությամբ և, միևնույն ժամանակ, պատմում էր, թե ինչպես էր իր ուսուցիչը ամուսնանում արդեն երրորդ անգամ: Արդյոք կարո՞ղ է մեկը ամուր ընտանիք ստեղծելու վերաբերյալ խորհուրդ տալ, եթե ինքն էլ դա չունի: Իհարկե, ո՛չ: Մարդը չի կարող տալ այն, ինչ ինքը չունի:

«Պարզամիտը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը քննում է իր քայլերը» (Առակաց 14.15):

Մարդը վախենում է կյանքը կորցնել՝ վախենում է մեռնել հիվանդությունից, աղքատությունից, միևնույն ժամանակ, վախենում է մարդկանցից, չամուսնանալուց և այլն.  սրանք կաթվածահարում են մարդուն:

Հաճախ մարդը, վախ առաջացնող տառապանքներից ազատվելու ճանապարհների փնտրտուքներում, հայտնվում է սխալ վայրերում և ընկնում է ավելի մեծ կախվածության մեջ՝ ինքն էլ դա չգիտակցելով:

Եվ ամեն մարդու կյանքում շատ կարևոր է ճշմարտության իմացությունը: Մեր ընտրությունն է որոշելու մեր ապագան: Այն, ինչ կատարվում է մեզ հետ կյանքում ՝ մեր մտքերի, որոշումների և գործողությունների արդյունք է: Մեր կյանքը ամեն օր կախված է մեր ընդունված որոշումներից:

Մարդն ինքն է որոշում իր ապագան: Ինչի՞ վրա են հիմնվում հորոսկոպները, գուշակությունները և այլն… Ձեր հավատքի, իսկ ձեր հավատքն էլ ազդում է ձեր ապագայի, որոշումներ ընդունելու և ձեր կյանքի վրա: Մեր ուղեղը համակարգչի նման ծրագիր է կազմում՝ այնպես, ինչպես մենք այն կարգավորում ենք: Հավատացի՞ք՝ ուրեմն ծրագիր դրեցիք ձեր ուղեղի մեջ:

Արդյոք իրերը իրե՞նք են առաջանում: Ո՛չ, դրանք ունեն իրենց արտադրողները: Այնպես էլ ամեն մարդ արարված է Մեկի կողմից, Ով ամենից լավ գիտի, թե ինչի համար է նա ստեղծված, ինչ կոչում ունի  և ինչպես պետք է ապրի, որ ունենա երկար կյանք: Եվ եթե ինչ-որ բան կոտրվում է, Նա ամենից լավ գիտի, թե ինչպես նորոգել:

Եվ եթե քո կյանքում ինչ-որ բան «կոտրվել է» կամ դու սխալվել ես ու վախի մեջ ես, փնտրիր օգնություն Նրա մոտ, Ով քեզ արարել է, այսինքն՝ Արարչի մոտ: Միայն Նրա մոտ դու կստանաս հստակ ու հիմնավոր պատասխան ու օգնություն քո բոլոր հարցերին ու դժբախտություններին:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը։ Եվ դուք կկանչեք ինձ, և կգնաք ու աղոթք կանեք դեպի ինձ, և ես կլսեմ ձեզ. և դուք ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը. և ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, և ետ կդարձնեմ ձեր գերությունը և կժողովեմ ձեզ ամեն ազգերից  և ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տերը, և ես ձեզ ետ կդարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տվի» (Երեմիա 29):

Ե. Նիկիտինա