Ինչպես աղոթել, որ աղոթքդ գործի

Ինչպես աղոթել, որ աղոթքդ գործի Ինչո՞ւ աղոթել:

Կա երկու հիմնային պատճառ, թե ինչու մենք պետք է աղոթենք: Նախ՝ դու պետք է աղոթես, որովհետև Աստծո խոսքն է դա պատվիրում: Երկրորդ՝ դու պետք է աղոթես, որովհետև աղոթքը գործում է:

Աստված հոժար է լսելու և կարող՝ պատասխանելու մեր աղոթքին: Աղոթքը միջոց է, որ Աստված ընտրել է՝ հոգալու Քրիստոսով Իր որդեգրված զավակների մասին:

Ինչ էլ որ դու կարիք ունես Աստված անի քո կյանքում, դա կատարվելու է աղոթքի միջոցով: Երբ մենք գործում ենք, ընդամենը մենք ենք գործում, բայց երբ մենք աղոթում ենք, Աստված է գործում:

Հինգ ճանապարհ՝ ինչպես աղոթել «գործող» աղոթքով:

Աղոթիր անկեղծ սրտով.

Լեռան քարոզում Հիսուսը պատվիրում է. «Եվ երբոր աղոթք անես, չլինիս ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարանների մեջ և հրապարակների անկյուններումը կանգնած աղոթք անել, որ մարդկանց երևան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նրանք իրանց վարձքն առած են» (Մատթ. 6.5):

Կեղծավորներն էլ են աղոթում: Բայց իրենց աղոթքը ներկայացում է մարդկանց առջև, և ոչ երկրպագություն Աստծուն: Քո աղոթքը չի գործի, եթե սիրտդ ավելի մտահոգ է, նրանով, թե ինչ են մարդիկ մտածում, քան թե նրանով, թե ինչ Տերը գիտի քո մասին:

Հիսուսը պատվիրում է. «Բայց դու երբոր աղոթք անես, մտիր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկումն է» (Մատթ. 6.6):

Աղոթքի գաղտնիքը ծածուկ աղոթքն է:

Աղոթիր Հիսուսի անունով.

Հովհ. 14.13. «Եվ ինչ որ էլ խնդրեք իմ անունովը, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդումը»:

Սա հավիտենական խոստում է ամեն հավատացողին այսօր: Բայց սա խոստմունք-ծածկոց չէ, որով դու կարող ես ինչ ուզես խնդրել Աստծուց:

Երբ գնաս Աստծո մոտ Նրա անունով, կստանաս այն, ինչ արժան է նրա անվանը: Աղոթել Հիսուսի անունով՝ նշանակում է աղոթել Իր անվան հեղինակությամբ: Պողոսը խրախուսում է. «Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունովն արեք, գոհություն տալով Աստծուն և Հորը նրա ձեռովը» (Կող. 3.17):

Աղոթեք Աստծո կամքին համաձայն.

Հովհաննեսը սովորեցնում է. «Եվ սա է այն համարձակությունը որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նրանից» (Ա Հովհ. 5.14-15):

Աստծո կամքը պատասխանված աղոթքի հիմնային սկզբունքն է: Տերը կարող է պատասխանել միայն այն աղոթքին, որ համապատասխան է Իր աստվածային կամքին:

Աղոթիր հավատքով.

Հիսուսն ասել է. «Սրա համար ասում եմ ձեզ թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք թե կառնեք, և կլինի ձեզ»: (Մարկոս 11.24)

Սա կտրոն չէ, որով կարող ենք ստանալ ամենը, ինչ ուզում ենք Տիրոջից: Հավատքը աղոթքի վառելանյութն է: Անկախ նրանից, թե որքան գեղեցիկ կամ շատ են աղոթքիդ խոսսքերը, դրանք ոչ մի տեղ չեն հասնի, եթե չաղոթես վստահությամբ, որ Աստված լսում է և պատասխանում աղոթքին:

Աղոթիր Աստծո փառքի համար.

Ասափի սաղմոս. «Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ» (Սաղմ. 50.15):

 Հոգևոր նվիրումը քեզ չի ազատի նեղ օրերից: Այլ դու կարող ես աղաղակել նեղության օրվա մեջ առ Աստված և Նա կազատի քեզ: Եվ այդ աղոթքի նպատակը ազատագրումը չի լինի, այլ Աստծո  փառքը:

Աստծո փառքի որոնումը պետք է ձևավորի մեր աղոթքը, ոչ պարզապես արձագանքը այն պատասխանները, որոնք ստանում ենք: Այն, թե ինչ ենք աղոթում և ինչպես ենք աղոթում, պետք է առաջնորդված լինի Աստծո փառքով, ոչ թե մեր սեփական երջանկության, հարմարավետության կամ հաճույքի որոնմամբ:

«Որովհետև նրանից և նրանով և դեպի նա է ամեն բան. նրան փառք հավիտյան. Ամեն» (Հռ. 11.36):

Հ. Բ. Չարլզ Կրտսեր