Հայոց բանակը 25 տարեկան է

Հայոց բանակը 25 տարեկան էՀայոց բանակի կազմավորումը ժամանակի պահանջն էր: 1988 թ. երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմական իրադրություն, ճգնաժամային տնտեսություն, մութ ու ցուրտ տարիներ… Ահա այսպիսի ժամանակաշրջանում էր, որ ծնվեց հայոց բանակը, որ պիտի լիներ հայ ժողովրդի անվտանգության ու խաղաղության երաշխավորը:

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը:  1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Եվ այսօր՝ արդեն 25 տարի անց, անցնելով բազում խնդիրների ու դժվարությունների միջով, այնուամենայնիվ, կարող ենք փաստել, որ ունենք մարտունակ բանակ, ունենք հերոս տղաներ, ունենք քաջ զինվոր, ով անձնվիրաբար իր պարտքն է կատարում հայրենիքի նկատմամբ:

Վերջին ժամանակների դեպքերը ցույց տվեցին, որ հայ զինվորն արթուն է, անվախ ու ոչ պակաս հայրենասեր, քան կարդում ենք պատմության դասագրքերում, ուստի ցանկանում ենք շնորհավորել թե՛ հայ զինվորին, թե՛ նրա ընտանիքին ու թե մեզ՝ բոլորիս, հայոց բանակի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ:

Մեր աղոթքն է, որ Աստված պաշտպանի հայ զինվորին ու հայոց սահմանները, որ Հայաստանը թևակոխի նոր՝ խաղաղության փուլ, որ էլ երբեք չլսենք թշնամու կրակոցի ձայնը, որ զինվորի մայրն այլևս չարտասվի կորստի ցավից…  Տե՜ր, օրհնիր Հայաստան աշխարհը և պահիր խաղաղության մեջ:

CrossNews.am