Հոգևոր անկման մասին. Չարլզ Սպերջեն

spurgeon-«Երանի՜ թե առաջի ամիսների պես և այն օրերի պես լինեի, որ Աստված ինձ պահում էր» (Հոբ 29.2):

Բավական մեծ թվով քրիստոնյաներ հիշում են իրենց անցյալը հաճույքով, բայց ուրախություն չեն գտնում ներկայի մեջ, նրանք նայում են օրերին, որոնք անցկացնում էին Աստծո հետ շփման մեջ՝ որպես իրենց կյանքի լավագույն և հաճելի ժամանակներ, բայց ներկան իրենց համար պարուրված է տրտմության մռայլ շղարշով:

Մի ժամանակ նրանք ապրում էին Հիսուսի կողքին, բայց հիմա նրանց թվում է, որ իրենք հեռացել են Նրանից և իրենք ասում են. «Ախ երանի թե ես լինեի այնպիսին, ինչպիսին էի նախորդ ամիսներին»:

Նրանք գանգատվում են անկայունությունից կամ հոգևոր հանգստության կորստից, կամ իրենց խստասրտությունից, կամ որ բավական նախանձավոր կերպով չեն փառաբանում Աստծուն: Նման տխուր դրության պատճառները տարբեր են: Այն կարող է առաջանալ աղոթքին քիչ ժամանակ տրամադրելուց, որովհետև աղոթքի մեջ քիչ ձգտում ունենալը բերում է հոգևոր անկման: Կամ դա կարող է լինել կռապաշտության հետևանք:

Սիրտը զբաղեցված է ավելի մեծ մի բանով, քան Աստծով, մարդը ավելի շատ կապված է երկրայինի հետ, քան երկնայինի: Նախանձավոր Աստծուն բավարար չէ ձեր սրտի կեսը: Նա պետք է ստանա ձեր ողջ սիրտը: Նա հեռացնում է Իր ներկայության փայլը սառը, թափառող սրտերից:

Նույնպես հոգևոր անկման պատճառ կարող է լինել ինքնավստահությունը և ինքնաբավարարությունը: Հպարտությունը տիրում է սրտին, և սկսվում է անձի մեծարումը, մինչդեռ մեր անձերը պետք է խաչի մոտ լինեն:

Քրիստոնյա, եթե այսօր դու այնպիսին չես, ինչպիսին էիր «նախորդ ամիսներին», մի բավարարվիր նախկին ուրախությունը վերադարձնելու ցանկությամբ միայն, այլ գնա` որոնելու քո Աստծուն և պատմիր Նրան քո տառապանքների մասին:

Խնդրիր նրան պարգևելու քեզ շնորհ և զորություն, որպեսզի դու կարողանաս ավելի մոտ լինել Նրան, խոնարհեցրու ինքդ քեզ Նրա առջև, և Նա կբարձրացնի քեզ ու նորից կնվիրի Իր երեսի առջև կենալու ուրախությունը: Ձեռքերդ մի՛ իջեցրու և մի՛ լացիր, քանի դեռ ապրում է Բժիշկը, դու ունես հույս և ավելին՝ ունես լիակատար համոզվածություն, որ հոգևոր անկման ամենածանր դեպքերն անգամ կարող են բժշկված լինել: